
Պարզվում է՝ մինչ օրս կարգավորված չէ` օդային տարածությունում Հայաստանի պետական սահմանը պահպանելիս և պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի զենքի և մարտական տեխնիկայի կիրառման կարգը։ Ինչպես նաև կարգավորված չէ նշված դեպքերում զենքի և մարտական տեխնիկայի կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել։ Ըստ այդմ՝ որոշման պահանջների համաձայն զենքի և մարտական տեխնիկայի կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը կվերապահվի ՀՀ պաշտպանության նախարարին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետին:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի բացակայության և նրանց հետ կապ հաստատելու անհնարինության դեպքում, անհետաձգելի և արագ արձագանքում պահանջող գործողությունների նպատակով, զենքի և մարտական տեխնիկայի կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը կվերապահվի տեղում գտնվող ամենաբարձրաստիճան հրամանատարին:
Ս․Հ․