Ալեքսանդր Կարապետյանին հնարավոր է փոխարինի ոչ բարձրահասակ ֆուտբոլիստ. Արմեն Գյուլբուդաղյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի Հայաստան – Բոսնիա եւ Հերցոգովինա խաղից առաջ մամուլի ասուլիսով է հանդես եկել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը.

«Իտալիայի դեմ խաղում շատ էմոցիաներ ծախսեցինք: Փորձում ենք քաջալերել տղաներին: Նրանք այս խաղի համար արդեն մոտիվացված են: Հուսանք, որ Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղում նույնպես կլինեն նույն էմոցիաները: Քննադատությունները մեր աշխատանքի մի մասն են կազմում: Քննադատում են նաեւ աշխարհի լավագույն մարզիչներին, եթե 1-2 խաղ լավ արդյունքեր են գրանցում:

Ես ունեմ պատասխանատվություն եւ ցանկանում եմ, որ Հայաստանի հավաքականը լավ արդյունքներ գրանցի:

Ալեքսանդր Կարապետյանի փոխարինողը դեռ պարզ չէ: Հնարավոր է լինի ոչ բարձրահասակ ֆուտբոլիստ, ով կգործի ներքեւից: Կորոշենք վաղը:

Հավաքականում ես նշաձող սահմանել եմ ամենասկզբից` պետք է աճենք եւ առաջ շարժվենք խաղ առ խաղ: Դա շարունակական գործընթաց է:

Արդեն քիչ հանդիպումներ են մնացել, մնացած բոլոր խաղերը բախտորոշ են լինելու: Պետք է խաղանք նույն ագրեսիվ ֆուտբոլը եւ ձգտենք հաղթանակի, այդ ամենից հետո նոր կհաշվենք միավորները:

Սարաեւոյում կայացած առաջին խաղում ոչ թե հենակետայինները փակեցին Միրալեմ Պյանիչին, այլ Մխիթարյանն ու Կարապետյանն իրենց աշխատանքի շնորհիվ չեզոքացրին նրան: Ես դժգոհ չեմ Արտակ Գրիգորյանի խաղից: Կցանկանայի, որ բարելավեր առաջին փոխանցումները: Իտալիայի դեմ խաղում շատ դժվար էր ամբողջ խաղի ընթացքում վերահսկել դաշտի կենտրոնը: Իտալիայի դեմ խաղի սկզբնամասում շատ լավ հնարավորություն ունեցանք գոլ խփելու, որը սկսվել էր հենց Արտակ Գրիգորյանի փոխանցումից:

Էրիկ Վարդանյանը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է և կստանա իր շանսը: Նա այս խաղից հետո չի դառնալու միանգամից 29 տարեկան: Նա շատ տաղանդավոր է, եւ հուսանք, որ կտեղափոխվի ավելի բարձակարգ թիմ»,-ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հավելենք, որ մեր հավաքականի մարզիչը խոսեց նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Երջանիկ Ղուբասարյանի մասին ու նշեց, որ ֆուտբոլիստի համար շատ լավ է, որ խաղում է տարբեր դիրքերում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս