Իշխանությունների ներսում Ամուլսարի հարցի շուրջ խնդիրները հասնում են գագաթնակետին. զարգացումներն առաջիկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում Ամուլսարի հանքի շահագործման հարցի շուրջ: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորը՝ պետք է բացել Ամուլսար տանող ճանապարհը, թե՛ բնապահպանների շրջանում, թե՛ քաղաքական շրջանակներում բողոքի նոր ալիք է բարձրացել: Ըստ մեր տեղեկությունների` անգամ իշխանությունների ներսում գնալով այդ հարցի շուրջ խնդիրները հասնում են իրենց գագաթնակետին:

Իսկ երեկ եւս ողջ օրվա ընթացքում շարունակվեց քաղաքական ուժերի ու գործիչների հայտարարությունն այն մասին, որ վարչապետի հայտարարությունը` Ամուլսարի շահագործման հետ կապված, շատ սխալ որոշում էր: Վարչապետի հետ վերջերս «Քաղաքացու որոշում» կուսակցության առաջնորդի հանդիպումը փաստորեն եւս չփրկեց այն իրավիճակը, որն առկա է:

ՔՈ-ն երեկ պաշտոնական հայտարարություն տարածեց` նշելով. «2018 թվականի հեղափոխական գործընթացներից հետո Ամուլսարի հարցով մտահոգված քաղաքացիների կողմից կրկին ձեւակերպվել է այդ հանքարդյունաբերական ծրագրի չեղարկման քաղաքական պահանջ։

Խնդիրն ունի տնտեսական, իրավական, սոցիալական, բնապահպանական եւ այլ բաղադրիչներ։ Ծավալվող քաղաքական գործընթացի սկզբում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով խնդրի այլ բաղադրիչները, այն անթույլատրելիության աստիճանի պարզեցնելով, հանգեցրել է միայն բնապահպանական խնդրի»:

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ նշեց, թե ինքը լինելու է ջերմուկցիների կողքին. «Համոզված եմ, որ կան այլ լուծումներ: Ամեն ինչ անելու եմ, որ գտնվեն այն լուծումները, որոնք հնարավորություն կտան Ամուլսարը հանք դարձնելու որոշումը հետ կանչել։ Խորապես համոզված եմ, որ ռիսկերը մինչեւ վերջ կառավարելի չեն, կառավարությունը շահագրգիռ կողմ է, պետք է այլ ուղիներ գտնել Ամուլսարի թնջուկը բացելու համար»:

Ստացվում է, որ առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում Ամուլսարի հանքի շահագործման հարցում. ըստ տեղեկությունների` առաջիկայում շատ պաշտոնյաներ են մեկնելու Ջերմուկ, որպեսզի այնտեղի բնապահպանների հետ պայքարեն հանքի չշահագործման համար:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս