«Զոն նայողներին» տեղափոխել են Գորիսի բա՞նտ. ինչ է մեկնաբանում բանտապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, քրեակատարողական որոշ հիմնարկներում տեղի ունեցած վերջին բունտի պատճառը եղել է ՔԿՀ-ներում մեկնարկած քրեական բարքերի դեմ պայքարը, որըսկսվել է «զոն նայողներին»իրենց արտոնյալ խցերից տեղափոխելով ու այդպիսով «հեղինակազրկելով»: Տարիներ շարունակ ՔԿՀ-ներում հարմարավետ պայմաններում ապրող «զոն նայողները» ընդդիմացել են վարչակազմի այդ քայլին:

Դրա արդյունքում, օրինակ, «Արմավիր»ՔԿՀ-ի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ մասնաշենքերի «զոն նայողներին» տեղափոխել են պատժախուց, իսկ, ահա, նրանց մի մասին էլ տեղափոխել են «Գորիս» ՔԿՀ: «Ժողովուրդ» օրաթերթը «Գորիս» ՔԿՀ ուղարկված «զոն նայողների» մասին զրուցեց ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի հետ:

-Պարո՛ն Ղազարյան, մամուլում հրապարակվեց, որ քրեակատարողական հիմնարկների «զոն նայողներին» տեղափոխել են «Գորիս» ՔԿՀ: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Ոչ, նման բան չի եղել:

-Օգոստոսի 29-ին կառավարության նիստում հաստատվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններու լրացումներ կատարելու մասին նախագիծը: Մասնավորապես, նախատեսվում է այս փոփոխությամբ քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանականությամբ բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, պահպանելու համար, քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար: Միաժամանակ, նախատեսված է խրախուսական նորմ այն մասնակցի համար, որը կբացահայտի քրեական տարրերին ու խմբերին:

Բոլոր ՔԿՀ պետերը գալիս ասում են, որ պայքարելու են «զոն նայողների» դեմ, արտոնյալ դատապարտյալների դեմ, բայց ոչ մի արդյունքի էլ չեն հասնում: Դուք կոնկրետ ինչպե՞ս եք պայքարելու նրանց դեմ:

-Պետք է արտոնություն չտաս, ոչ մի տարբերություն էլ չի լինի:

-Բայց բազմաթիվ դեպքերն ու օրինակները ցույց են տվել, որ քրեակատարողական հիմնարկի պետերն են «զոն նայողներին», դատապարտյալներին արտոնություն տալիս ու նրանց հետ գործարքի գնում:

-Չընդհանրացնեք, նմանատիպ բան երբեւիցե մեր կողմից երբեւէ չի եղել, ընդհանուրի տեղը ես ոչինչ ասել չեմ կարող:

Քնար Մանուկյան




Լրահոս