Չպետք է նախարարը հրաժարական ներկայացնի. «Իմ քայլի» պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության հայտարարությունը իշխանության ներսում իրարանցում է առաջացրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանական թեւը ամեն ինչ անում է ՀՅԴ-ականների հայտարարությանը հակահարված տալու համար:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ականները հայտարարել էին, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը պետք է հրաժարական տա, քանի որ դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը, բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը շատ սխալ է: ՀՅԴ երիտասադական թեւը պահանջել է, որ մինչեւ հինգշաբթի օրը Հարությունյանն այլեւս չլինի նախարար:

Այսօր պետք է ՀՅԴ երիտասարդ թեւը կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա իրականացնի ու պահանջի, որպեսզի նախարարն անմիջապես հրաժարական ներկայացնի: Ու այս գործողությունները իշխանության ներկայացուցիչներին վրդովեցրել է, քանի որ, ըստ իրենց, Արայիկ Հարությունյանը լավագույն նախարարներից է, ու իրենից հրաժարական պահանջելը ուղղակի զավեշտ է:

Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրուցել է «Ժողովուրդ» օրաթերթը` պարզելու համար, թե իրենք ինչ դիրքորոշում ունեն` նախարարի հրաժարականի պահանջի հետ կապված:

-Պարո՛ն Հովհաննիսյան, Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք ՀՅԴ երիտասարդների պահանջի վերաբերյալ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից պահանջում են, որպեսզի հրաժարական ներկայացնի: Արդյոք համակարծի՞ք եք:

-Տեղյակ եմ պահանջից, իհարկե չպետք է նախարարը հրաժարական ներկայացնի:

-Բայց փաստեր են ներկայացնում ՀՅԴ-ականները, թե որտեղ է նախարարը սխալ դիրքորոշում ներկայացրել: Դուք չե՞ք կարծում, որ նրանք իրավացի են:

-Ես կարծում եմ, որ այստեղ կա միսկոմունիկացիայի խնդիր, ու դա հաճախ շահարկում են քաղաքական նպատակներով` ասելով, թե, տեսեք, ազգ, ինքնության դեմ են նոր իշխանությունները, հայոց ինքնությանը, հայոց լեզվին, սա պարզ շահարկում է: Այդ նպատակը բոլորը քաջ գիտակցում են, որ չի հետապնդվելու. այժմ նախարարին մեղադրել նման բաներում առնվազն անհեթեթություն է:

Իսկ ինչ վերաբերում է գաղափարին, ապա պետք է նայել դրան հասկանալու համար, թե այն, ինչ իրականացվում է, ինչ գաղափարի հիման վրա է այդ փոփոխությունը ենթադրվում: Ինչի եմ ասում ենթադրվում, քանի որ դեռ այն, ինչ կա, դեռ նախագիծ է, դեռ փոփոխելու տեղ կա, եւ դա չի նշանակում, որ դա օրենք է ու պետք է դրա դեմ պայքարել:

Պետք է մի պարզ բան հասկանալ, որ այս ամենը դեռ նախագիծ է, այն չի քննարկվել, հանրային քննարկման չի ներկայացվել: Սրանք պարզ հարցեր են, որոնք դեռ քննարկման հարց է: Ու սա արդեն ենթադրում է, որ սրանք քաղաքական շահարկումներ են, եւ ոչ թե բովանդակային քննարկում է այստեղ իրականացվում: Այստեղ խնդիրը ակադեմիական հարցերի ավելացումն է, որ ԲՈՒՀ-ը ինքը որոշի, թե տվյալ հաստատությունը, տվյալ ստորաբաժանումը ինքը որոշի, թե ինքն ինչ է ուզում անցնել:

Ու այստեղ որեւէ խնդիր չկա, ավելի ազատություն, ավելի տեղերում որոշելու կարողություն: Մշտապես բողոքվել են, որ ակադեմիական ազատություններ չկան, հիմա տրվում են այդ ազատությունները, հիմա ինչի՞ց են բողոքում:

-Դուք քաղաքական ենթատեքստ եք տեսնում այս ամենում, բայց ՀՅԴ-ականներն ասում են, որ նախարարը իր կառավարման ժամանակահատվածում ամեն ինչ արել է կրթության համակարգը վերացնելու համար: Ի՞նչ քաղաքական ենթատեքստ եք տեսնում:

-Եթե քաղաքական կուսակցությունը պահանջում է նախարարի հրաժարական, կապ չունի ներկայացվում է երիտասարդական թեւ, սա արդեն քաղաքականություն է, ես դա գնահատում եմ որպես քաղաքական շահարկում: Այսօր Հայաստանում այնքան խայտաբղետ քաղաքական եւ թաքնված օրակարգով խմբեր կան, որոնք ի հայտ են գալիս երբեմն-երբեմն տարբեր տեղերից: Հավատացեք, սրանք քաղաքական շահարկումներ են:

-Գո՞հ եք Արայիկ Հարությունյանի աշխատանքից:

-Ես տեսնում եմ Արայիկ Հարությունյանի աշխատանքը, ես ինքս իր հետ աշխատել եմ, երբ օր ու գիշեր էինք աշխատում: Արայիկ Հարությունյանը հանգիստ չունի, ինքն ամբողջությամբ նվիրված է ոլորտին: Կրթության ոլորտում բարեփոխումները բավականին ցավոտ ու դժվար, երկարաժամկետություն պահանջող գործընթացներ են ու պահանջել արագություն, դա հնարավոր չէ:

-Այսինքն` կո՞ղմ եք, որ նախարարը հրաժարական չտա:

-Ես կողմ եմ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարմանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս