Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդի նիստում նոյեմբերի 11-ին քննարկվել է խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հրաժարականի հարցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը:

Խորհրդի անդամների հորդորով` նիստին մասնակցել է նաև Հայկ Հովհաննիսյանը։

Բարձրագույն դատական խորհրդի նիստին շուրջ երկու ժամ քննարկվել են հրաժարականի պատճառները։

«Դատական բարեփոխումների համատեքստում պարոն Հովհաննիսյանը ներկայացրել է այն ծրագրերն ու գաղափարները, որոնց, նրա կարծիքով, պետք է առաջնահերթություն տրվի:

Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատական մարմինների համակարգի բյուջետային պլանավորման, Դատական դեպարտամենտի աշխատանքների կազմակերպման խորքային վերափոխումների անհրաժեշտության, էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, գործերի` ըստ տեսակի և բարդության միջին ուղենիշային ժամկետների սահմանման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև դատավորների ներգրավվածության մեծացման և հանրության հետ նրանց շփումների կազմակերպման հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում ԲԴԽ-ի նիստին ներկա բոլոր անդամները կարևորել են առաջ քաշված խնդիրների խորքային և առաջնային բնույթը։

Նշվել է, որ արդեն իսկ նախաձեռնված և պլանավորվող աշխատանքների բարեհաջող իրագործման համար կարևոր է, որպեսզի Հայկ Հովհաննիսյանը մնա և շարունակի խորհրդում իր աշխատանքներն իր գործընկերների հետ միասին:

Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները հորդորել են իրենց գործընկերոջը չպնդել հրաժարականի դիմումը` ծավալված քննարկումների արդյունքում հաշվի առնելով, որ դատական համակարգի արմատական բարեփոխումների հարցում հիմնական տեսակետների շուրջ չկան էական տարաձայնություններ:

Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը և շարունակում է պաշտոնավարել:

Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից:

Հայկ Հովհաննիսյանը 2018 թվականին փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ:




Լրահոս