«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչները եղել են Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «Պոպուլիզմը եւ ավանդական քաղաքականությունը. մարտահրավերներ եւ լուծումներ» աշխատաժողովը: Տեղեկացանք նաեւ, որ արդեն շաբաթ օրը` նոյեմբերի 9-ին, աշխատաժողովին է միացել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ու այնտեղ ելույթ ունեցել:
Ըստ մեր տեղեկությունների` աշխատաժողովին մասնակցել են մոտ 50 հոգի` ՀՀԿ փոխնախագահները, ՀՀԿ տարածքային կառույցի ներկայացուցիչներ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ` պարզելու համար, թե ինչ նպատակ էր հետապնդում իրենց հավաքը:
-Պարո՛ն Աշոտյան, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վերջին ժամանակահատվածում շատ ակտիվ գործունեություն է սկսել քաղաքական դաշտում, տարբեր հանդիպումներ են լինում, տարբեր ելույթներով է սկսել հանդես գալ: Ի՞նչ նպատակ են այդ հանդիպումները հետապնդում, Ծաղկաձորում եւս ելույթ է ունեցել Սարգսյանը: Կարելի է ասել` ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Ս. Սարգսյանը երկար ժամանակ լռության ուխտ էր արել, ինչո՞ւ է հիմա սկսել ակտիվանալ:
-Սերժ Սարգսյանը երբեք չի հեռացել քաղաքականությունից, իշխանափոխությունից հետո Հայաստանում նա շարունակում է իրականացնել ՀՀԿ ղեկավարի պարտականությունները: Այս մեկուկես տարվա ընթացքում չի դադարել զբաղվել քաղաքականությամբ եւ ղեկավարել կուսակցությունը: Այս տեսակետից որեւէ արտառոց բան չկա: Ես հասկանում եմ Ձեր հարցադրումն այն համատեքստում, որ այդ աշխատանքի մի մասը սկսել է հանրայնացվել, այդ թվում նաեւ լրատվական միջոցներով:
Դա էլ եմ շատ բնական համարում, որովհետեւ ՀՀԿ-ն թիվ մեկ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժն է, ամենասկզբունքային ընդդիմությունն է: ՀՀԿ-ն այսօր թեւ խորհրդարանական մանդատ չունի, բայց շարունակում է ՀՀ-ում ձեւավորել եւ ազդել քաղաքական օրակարգի վրա, ու ակնհայտ է, որ Ս. Սարգսյանն այս ամենին անմասն չէ, մեղմ ասած:
Ակնհայտ է նաեւ, որ հանրությունը սպասում է նաեւ Սերժ Սարգսյանի հանրային խոսքին, տարբեր հարցերի շուրջ, «ինչպես եղավ»-ից մինչեւ«ինչ ենք անելու» հարցերի տիրույթում: Մեր կուսակցությունը մշտապես իր միջազգային կապերը պահել է, եւ թեեւ լուսաբանվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումը, բայց հավատացնում եմ Ձեզ, որ տարբեր երկրների դեսպանների հետ այս ընթացքում շատ ինտենսիվ հանդիպումներ եղել են, որոնք չեն լուսաբանվել:
-Իսկ ինչո՞ւ որոշվեց լուսաբանել հենց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը, եթե նախկինում չէր լուսաբանվում, այս անգամ ո՞րն էր տարբերությունը:
-Նման լուսաբանումները տեղի են ունենում, այսպես ասած, փոխադարձ համաձայնությամբ: Ես ըմբռնումով եմ մոտենում մեր ամենածայրահեղ ընդդիմախոսների երբեմն հիվանդագին արձագանքներին` Սերժ Սարգսյանի հանրայնորեն երեւալուն: Իրենց ջղաձիգ շարժումները, երեւակայությանը զոռ տալը, որ այս վերջերս փորձում են հակադրել Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանի հետ, արհեստականորեն բզբզում են այս ուղղությամբ, ինչ-որ թեզեր են հորինում, շրջանառում են, իրենք կարդում ու իրենք ուրախանում են:
Հիասթափեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործընթացը մենք շարունակում ենք համարել բացառապես քաղաքական, ապօրինի, որ շարունակում ենք բարձրաձայնել Քոչարյանի նկատմամբ իրականցված ապօրինությունների մասին նաեւ արտերկրում, մեր միջազգային գործընկերների մոտ: Այսինքն` այդ բոլոր ջանքերն ապարդյուն են, մի բանով պետք է զբաղվեն, թող բզբզան, ոչինչ, թող իրենց ռեսուրսը շարունակեն վատնել նման անհեռանկարային ուղղությունների վրա:
-Այսինքն` կարելի՞ է այս հանդիպումներից ելնելով ասել, որ առաջիկայում ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը ակտիվ քաղաքական գործունեության են վերադառնում:
-ՀՀԿ-ն երբեք չի դադարել քաղաքական լուրջ գործունեություն ծավալել ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ երկրից դուրս, իշխանության ջանքերը ՀՀԿ-ին արմատախիլ անել, ոչնչացնել, մի բուռ հող լցնել, այսպես ասած, եւ այլն ոչ մի լուրջ հետեւանքի չեն բերել: ՀՀԿ-ն դիմակայեց այս հարվածներին, ոչ միայն դիմակայեց, այլ նաեւ շարունակում է առաջատար քաղաքական ուժերից մեկը մնալ ՀՀ-ում:
Մանդատը մարդուն չի դարձնում քաղաքական գործիչ, եթե այդ գործիչը չունի արժեհամակարգ, չունի գիտելիք, չունի փորձ: Ես կրկնում եմ, որ լուսաբանվում է մեր աշխատանքային գործունեության մի շատ փոքր հատվածը` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Չպետք է զարմանալ մեր աշխատանքային գործունեությունից: Հասկանալի է, որ ավտորիտար հակումներ ունեցող իշխանությունները այս համտեքստում փորձելու են ոչ թե գործ անել, ոչ թե երկրում մթնոլորտը բավարարել, այլ շարունակել ձգել, այսպես ասած, «շուռուպները»:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ