Ինչ զանգ է ստացել Էդգար Շաթիրյանը «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի գրասենյակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ երեկ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի օրակարգում է նաեւ ՀՀ կոռուպցիոն կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Մեր տեղեկություններով` իշխանությունները պլանավորում են առաջիկա օրերին կազմակերպել հանձնաժողովի անդամների ընտրությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր նաեւ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության թեկնածուն Էդգար Շաթիրյանն է, ով իրավաբան է, սակայն խմբակցության պատգամավորների մեծամասնությունը Շաթիրյանին չի ճանաչում:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Էդգար Շաթիրյանի հետ` պարզելու համար, թե ումից է առաջարկ ստացել իշխանական խմբակցության թեկնածուն դառնալու համար:

-Պարո՛ն Շաթիրյան, Դուք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության թեկնածուն եք համարվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում: Առաջարկությունը ումի՞ց եք ստացել, ո՞վ է Ձեզ առաջարկել ներկայացնել հանձնաժողովը:

-Բնականաբար, քանզի իմ թեկնածությունն առաջադրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, որը կառավարող ուժն է Ազգային Ժողովում, առաջարկը ստացել եմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի գրասենյակից: Ավելի պարզ, թեկնածությանս քննարկմանը նախորդող օրը երեկոյան ինձ զանգահարել են խմբակցության ղեկավարի գրասենյակից եւ առաջարկել են հաջորդ օրը առավոտյան ՔՊ գրասենյակում հանդիպել խմբակցության ներկայացուցիչների հետ:

-Խմբակցության պատգամավորները մեզ հետ մասնավոր զրույցներում հայտարարում են, որ Ձեզ չեն ճանաչում, ավելին` այդ հանդիպամնը ներկա չեն գտնվել: Ի՞նչ եք քննարկել այդ հանդիպմանը, ո՞վ է խմբակցությունից Ձեզ հետ հանդիպել:

-Տեսեք, խմբակցությունը մեծ է, ու այդ հանդիպմանը, որի մասին խոսեցի, ներկա էին խմբակցության ոչ բոլոր անդամները, այնուամենայնիվ բավական մեծաթիվ էին նրանք: Ես նախ ներկայացրել եմ իմ կենսագրական տվյալները, անցածս ուղին ընդհանուր գծերով, որից հետո ինձ ուղղեցին մասնագիտական հարցեր` թե՛ էթիկայի հանձնաժողովի, թե՛ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ:

-Բայց եթե խմբակցության պատգամավորները Ձեզ չեն ճանաչում, Ձեր գործունեության մասին տեղեկացել են այդ հանդիպման ժամանակ, ի՞նչ եք կարծում, առաջիկայում խորհրդարանը Ձեզ կընտրի՞ որպես հանձնաժողովի անդամ, թե՞ ոչ:

-Բնականաբար, որոշումը խմբակցությանն է, ինչ-որ ենթադրություններով չեմ ցանկանում զբաղվել, քանզի գիտեք, որ դա անշնորհակալ գործ է, այս պահին ընդամենը առաջադրված է թեկնածությունս որպես խորհրդարանում կառավարող խմբակցության կողմից առաջադրված թեկնածու: Բայց թե ինչպիսի որոշում կկայացնի խորհրդարանը, կերեւա առաջիկայում խորհրդարանում կայանալիք քվեարկության արդյունքում: Այստեղ զուտ պետք է առաջնորդվենք Սահմանադրության 122 հոդվածի կարգավորումներով:

Բոլոր 5 անդամների ընտրությունը ընդգրկված է արդեն մեկնարկած Ազգային Ժողովի նստաշրջանի օրակարգում, իսկ թե կոնկրետ երբ տեղի կունենա ընտրությունը, դա արդեն դժվար է ասել, այնուամենայնիվ կհնչեն ծրագրային ելույթներ, որից հետո պատգամավորները հնարավորություն կունենան յուրաքանչյուր թեկնածուի ուղղելու հարցեր: Կարծում եմ` արդեն հարցուպատասխանի միջոցով պագամավորները կարտահայտեն իրենց դիրքորոշումը փակ-գաղտնի քվեարկությամբ:

-Դուք կիսո՞ւմ եք ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը կամ տարբեր հարցերում իրենց դիրքորոշումը, որ համաձայնել եք նրանց առաջարկի հետ, այն է` ներկայացնել Ձեր թեկնածությունը հանձնաժողովի անդամի համար:

-Դիրքորոշումներ կիսել արտահայտությունը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, որովհետեւ այստեղ կարող է լինել տարաբնույթ ընկալումներ, մեկնաբանություններ: Բոլոր դեպքերում, ես միշտ, համենայդեպս, նրանք ովքեր ինձ ճանաչում են, կարող են հավաստել, որ միշտ խուսափել եմ, որեւէ անձի կամ որեւէ քաղաքական ուժի հետ ասոցացվել` անկախ նրանից` այդ ուժը իշխանամետ է, թե ընդդիմադիր է: Սրան զուգահեռ չեմ կարող անշնորհակալ լինել, երախտապատ եմ, որ հենց իմ թեկնածության վրա է ընտրությունը կանգնել, որ առաջադրել են իմ թեկնածությունը: Եւ զուգահեռաբար ցանկանում եմ շեշտադրումը կատարել այն հանգամանքի վրա, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լինելու է ապաքաղաքական մարմին: Այստեղ կարեւոր են երկու գործոններ` քաղաքական զսպվածություն եւ քաղաքական չեզոքություն, հանձնաժողովի անդամը պետք է այդ երկու որակներով օժտված լինի:

-Մեր տեղեկությունների համաձայն` իշխող խմբակցությունը նպատակ ունի, որ հենց Դուք պետք է ղեկավարեք հանձնաժողովը: Ի՞նչ եք կարծում, դա Ձեզ հաջողվելո՞ւ է, արդյոք հանձնաժողովի անդամների թեկնածուներին ճանաչո՞ւմ եք, Ձեզ կընտրե՞ն որպես հանձնաժողովի նախագահ:

-Այս պահին վաղաժամ եմ համարում հանձնաժողովի նախագահի ընտրության մասին անդրադառնալը, այդ հարցում կոռեկտ չեմ համարում անձնական դիրքորոշում հայտնել իմ թեկնածության մասով: Այս պահին իրողությունն այն է, որ ընդամենը առաջադրվել ենք որպես հանձնաժողովի անդամի թեկնածուներ: Այսինքն` քանի դեռ հանձնաժողովը կազմավորված չէ, կոնկրետ անձի` հանձնաժողովի նախագահի համար խոսելն առարկայազուրկ են: Անձնապես էլ թեկնածուներից ոչ մեկին չեմ ճանաչում: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքին համապատասխան՝ Հանձնաժողովի նախագահին ընտրելու է հանձնաժողովը՝ իր կազմից։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս