«Ժողովուրդ» օրաթերթը սկսում է նախաամանորյա բլից հարցազրույցների շարք հայտնիների հետ: Մեր առաջին զրուցակիցը դերասանուհի Անի Լուպեն է: Նա անդրադարձել է Ամանորի հետ կապված իր ասոցիացիաներին, նշել, որ հավատում եւ սպասում է Նոր տարվա հրաշքին: Դերասանուհին խոստովանել է, որ սիրում է անակնկալներ, ինքն էլ ամեն տարի պատրաստում է նվերներ իր հարազատների համար:
-Անի՛, Ձմեռ պապիկին հավատու՞մ եք:
-Այո, յուրաքանչյուր տարիքում մարդ պետք է հավատա Ձմեռ պապիկին, որն ինձ համար ասոցացվում է հրաշքի հետ: Իսկ ես հավատում եմ հրաշքներին:
-Ի՞նչ նվեր եք ակնկալում նրանից:
-Քանի որ սիրում եմ անակնկալներ, հատուկ մի բան չեմ ակնկալում. նախընտրում եմ, որ անսպասելի բաներ եմ նվեր ստանում: Ինձ դուր չի գալիս, երբ հարցնում են՝ ինչ գնել ինձ համար, ինչ նվիրել…
-Ամենատպավորիչ ամանորյա նվերը, որ երբեւէ ստացել եք:
-Քանի որ արեւ շատ եմ սիրում, ինձ շատ է տպավորել իմ նվեր-կուլոնը՝ արեւի տեսքով: Միշտ ցանկանում էի ունենալ այդ զարդը, մինչ օրս պարանոցիցս չեմ հանում այն: Մանուկ հասակում ինձ ուրախացնում էին տիկնիկները: Մայրս շատ է յուրահատուկ տիկնիկներ նվիրել:
-Ամանորին հարազատների համար նվերներ պատրաստելու եւ կեսգիշերին հանձնելու սովորություն ունե՞ք:
-Անպայման, ամեն տարի պահպանում եմ այդ ավանդույթը: Ընտանիքիս անդամների, ընկերների շրջանում դա հաճելի պարտականության նման մի բան է:
-Ամանորյա սեղանի Ձեր նախընտրելի ուտեստը ո՞րն է:
-Սովորաբար բուսական կերակուրներ եմ նախընտրում, բայց Ամանորին ինձ թույլ եմ տալիս ճաշակել թփով տոլմա: Շատ եմ սիրում:
-2020 թվականից հրաշքի ակնկալիք ունե՞ք:
-Ամեն նոր տարի նոր բանի սկիզբ է: Տրամադրվածությունս սովորաբար այդպիսին է: Ամեն տարի ինձ հետ անպայման մի լավ բան պատահում է: Դա կարող է նաեւ ներշնչանքի արդյունք լինել:
Աննա Բաբաջանյան