Կրքեր՝ Գրիբոյեդովի արձանն ապականելու շուրջ. պատմական էքսկուրսից մինչև վանդալիզմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի լուսանկարը, որտեղ երեւում էր, որ արձանի վրա կարմիր ներկ էր լցված։ Հիմա արդեն հայտնի է, որ արձանի վրա ներկ լցնելու դեպքով Շահեն Հարությունյանը ոստիկանության բաժին է ներկայացել՝ կատարվածի վերաբերյալ բացատրություն տալու:

Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ կարմիրով ներկել է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհի հուշատախտակի ներկմանը: Շահենի քայլը բավական բուռն կերպով քննարկվեց հայ հանրության շրջանում, հատկապես՝ մասնագետների կողմից: Նրանցից շատերը հիշեցրին՝ ինչ ավանդ է ունեցել Գրիբոյեդովը հայերի համար վճռորոշ պահերին, իսկ մյուս մասը նրան ներկայացրին որպես հայ ազգի թշնամի ու նույնիսկ արդարացրին Շահենի քայլը: Պատմագիտական կոնտեքստից դուրս քննարկվեց արձանը աղարտելու դեպքը նաեւ վանդալիզմի թեմայի կոնտեքստում: «Ժողովուրդ» օրաթերթն ամփոփել է մի քանի ուշագրավ տեսակետ:

Պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյան

Շահենի արածը մանկամտություն կարող եք գնահատել, բայց, պատկերացրեք, նույնիսկ դա ավելի ադեկվատ է, քան մտածել, որ ռուսներն ուղղակի մոլորվել են Նժդեհի հարցում, եւ մենք իրանց պետք է բացատրենք: Ռուսները կամ ռուսական մի ազդեցիկ խումբ գիտակցված սադրում է, «բզբզում է»: Ու դրան ի պատասխան՝ մի քիչ ատամ ցույց տալն ավելի համարժեք է իրավիճակին, քան «Օ~, մեծն Գրիբոյեդով» թեմայով տառապելը: Լավ, գոնե Դոստոեւսկի լիներ: Չնայած ինձ, ճիշտն ասած, Դոստոեւսկին էլ մեկ է, բայց նա գոնե իրոք համաշխարհային ճանաչում ունեցող գրող է: Արձան նախշելն ատամ ցույց տալ էր, թե ոչ, չգիտեմ, բայց, համենայնդեպս, ողբերգության առիթ չեմ տեսնում: Կարելի է ծիծաղել, կարելի է ժպտալ, կարելի է անտարբեր անցնել կողքով, բայց սրբազան վրդովվմունքը հաստատ այն ռեակցիան չի, որն այստեղ սազական է: Ասենք թե մի դմբո այնտեղ Նժդեհի հուշատախտակն է վնասել, այստեղ էլ մեկը Գրիբոյեդովին է ներկել: Հետո՞: Ի՞նչն է այստեղ այդքան ահասարսուռ: Գրիբոյեդով ակումբը ձեզ ուտի….:

Պատմաբան Վահրամ Թոքմաջյան

Պատմության ֆակուլտետի ուսանողը կամ շրջանավարտը ներկում է Գրիբոյեդովի արձանը։ Վանդալիզմը մի կողմ, պատմաբաններս ձախողել ենք։ Մեղավոր ենք, որ խոսույթի, պատմույթի ու բովանդակության փոփոխություն չենք անում: Պատմությունը որպես գիտություն միայն նեղ առանցք չի ուսումնասիրում: Այն մեծապես պատասխանատու է հասարակագիտական բլոկի, հանրային ընկալումների, զրույցների, պետության, դրա դերի ու բազմաթիվ այլ հարցերի համար:

Զբոսաշրջության մասնագետ Վահե Լորենց

Գրիբոյեդովը Պարսկահայքը հայաթափեց ու հանձնեց պարսիկին։ Խելոքնե՛ր, որ Լոռին հայաթափեր ու վրացուն հանձներ, ասելու էիք՝ Հայ ժողովրդի մեծ բարեկա՞մ է․․․

Կլինի՞ մեր սեփական պատմությանը փորձենք այլ հայացք նետել ու դույզն ինչ արժանապատիվ կեցվածք որդեգրել։

Հ․Գ․ Վանդալիզմը չեմ արդարացնում։ Գրածս վերաբերում է ռուս Գրիբոյեդովին տված ձեր գնահատականներին…
Կարծեմ Սոչիում էր, երբ տարիներ առաջ թուրքերի պահանջով ռուսներն ապամոնտաժեցին Անդրանիկի արձանը։ Լռեցինք…
Եթե, ի պատասխան Նժդեհի հուշատախտակի, իշխանություններն անմիջապես փողոց կամ դպրոց անվանափոխեին, գուցե Գրիբոյեդովի արձանը չապականվեր…

Դերասանուհի Թամար Հովհաննիսյան

«Խելքից պատուհասը» հանճարեղ պիեսի հեղինակը Գրիբոյեդովն է։ Նրա արձանը Երեւան քաղաքի շատ քիչ թվով ընտիր աշխատանքներից մեկն է, շատ քիչ թվով: Արվեստի գործը ներկով այլանդակելը եւ դա որպես հերոսություն ներկայացնելը մեզ բնավ անկախ ու ինքնիշխան չի դարձնի, երբե՚ք, ԵՐԲԵՔ: Այդ եւ նման արարքները մեզ դարձնում են քոչվոր ցեղախումբ: Մտածե՛ք դրա մասին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս