Ըստ Փաշինյանի՝ «կնոպկեն» չեն սեղմի ու լսեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի շուրջ դեռեւս կրքերը չեն հանդարտվում խորհրդարանական խմբակցություններում: Բանն այն է, որ այս նախագծով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյանն առաջարկում են, որ բացի ԱԱԾ-ից գաղտնալսի նաեւ ոստիկանությունը: Սակայն դա օրենսդիրներից շատերին դուր չի գալիս, քանի որ այն, ըստ շատերի, ազգային անվտանգության խնդիր կարող է առաջացնել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նախագծի հեղինակներից, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ` պարզելու համար, թե ինչու է նման նախագիծ ներկայացրել, երբ ոչ բոլորն են կողմնակից դրան:

-Պարո՛ն Փաշինյան, ինչո՞ւ որոշեցիք մի նախագիծ մշակել, որով առաջարկում եք, որ բացի ԱԱԾ-ից գաղտնալսի նաեւ ոստիկանությունը, որը անգամ Ձեր թիմում իրարանցում է առաջացրել: Ինչո՞ւ նման նախագիծ մշակեցիք:

-Այսօր ՀՀ ոստիկանությունը, օրենքով սահմանված, կարող է գաղտնալսել ցանկացած քաղաքացու, որը կասկածվում է տարբեր հանցագործությունների մեջ` դատարանի որոշմամբ, ու այս օրինագիծը ոչ թե այն մասին է, որ ոստիկանությանը թույլ տանք լսել, այլ տեխնիկական միջոցների տրամադրման, օրենքով սահմանված հնարավորության մասին է:

Այս նախագիծը ընդամենը լուծում է հետեւյալ խնդիրը, որ այսօր գործող օրենսդրությամբ, եթե ոստիկանությունը հանցագործության մեջ կասկածվող անձին օպերատիվ-հետախուզական միջոցառումների տրամաբանության մեջ որոշում է գաղտնալսել, անում է` բացառապես դիմելով ԱԱԾ-ին:

-Դիմում է ԱԱԾ-ին, քանի որ այդ ծառայության գործառույթն է ապահովել մարդկանց մասին տեղեկատվության գաղտնիությունը…

-Ներողություն, օրենքում հստակ գրված է, որ ոստիկանությունը դիմում է գլխավոր վարչություն, որը ազգային անվտանգության կազմի մեջ է, ԱԱԾ վարչությունը պարտավոր է տեխնիկական միջոցներ տրամադրել ոստիկանությանը` բնականաբար առանց վերահսկելու ինֆորմացիան: Այսինքն` օրենքում հստակ գրված է, ու եթե հետեւաբար օրենքով ֆիքսված է, որ չի կարող տիրապետել այդ ինֆորմացիաներին, որը դիմել է ոստիկանության… հիմա այս տրամաբանության մեջ ընդամենը տրամաբանությունն այն է, որ ոստիկանությունը դիմում է ԱԱԾ-ին:

Օրենքի մեջ հստակ ֆիքսված է, որ առանձին դեպքերում ուժային կառույցը հնարավորություն ունի անմիջապես` առանց դատարանի որոշման, գաղտնալսելու, այսինքն` եթե դա վերաբերում է պետության անվտանգությանը եւ այլն: Այսինքն` այդ պարագայում ստեղծվում է ոչ օպերատիվ աշխատանքի խնդիր, որովհետեւ միանգամից գաղտնալսելու փոխարեն պետք է ոստիկանությունը մի հատ դիմի ԱԱԾ, սպասի եւ այլն:

-Բայց խնդիրը կայանում է նրանում, որ ամբողջ գաղտնի ինֆորմացիան մինչեւ այսօր տնօրինում էր Ազգային անվտանգության ծառայությունը, հիմա պետք է իրավական մեկ այլ կառույց էլ դրանց տնօրինի, ինչը կարող է բաց ինֆորմացիայի առումով անվտանգության խնդիր առաջացնել: Դա մտահոգում է նաեւ ընդդիմությանը:

-Ի՞նչ ազգային անվտանգության խնդիր կարող է լինել, ցանկացած քաղաքացու կարող է լսել բացառապես կոնկրետ այն պարագայում, երբ մյուս միջոցներով հնարավոր չէ բացահայտել հանցագործությունը: Երկրորդը` եթե ծայրահեղ դեպք է, ու պետք է գաղտնալսվի, կամայական որոշում չի կայացվում, դատարանը կա՛մ թույլտվություն տալիս է, կա՛մ չի տալիս: Ձեր ասածից այնպիսի տպավորություն է, որ այդտեղ մեկը նստած է, կնոպկեն կսեղմի ու կլսի, չի կարող նման բան անել, որովհետեւ նաեւ, իմ տեղեկություններով, այդ սարքերը ֆիքսում են, թե ում հեռախոսն է… Առհասարակ արխիվացնում են, բոլոր համարները, ում առհասարակ լսվել է: Դա հստակ չեմ կարող պնդել, բայց իմ տեղեկություններով` այդպես է: Ընդդիմության դիրքորոշումից տեղյակ չեմ, ամեն դեպքում քննարկում տեղի կունենա, որի ժամանակ կտեսնենք, թե ինչ մոտեցումներ ունեն, կներկայացնեն փաստարկներ, օրենքը կքննարկենք:

-Պարո՛ն Փաշինյան, ըստ Ձեզ` պե՞տք է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարական ներկայացնի:

-Ինչի՞ համար, իհարկե ոչ:

-Դուք գո՞հ եք Հայկ Մարությանի կատարած աշխատանքից:

-Այո, շատ, իսկ ինչո՞ւ պետք է գոհ չլինեմ:

-Քանի որ անգամ աղբահանության հարցը քաղաքապետն այդպես էլ չկարողացավ լուծել:

-Դուք փողոցում քայլո՞ւմ եք, ես Ձեզ հետ բացարձակապես համակարծիք չեմ, կարող ենք քայլել իրար հետ, դա գաղտնիք չէ, մարդիկ տեսնում են, ինչպես է աղբը տարվում, մաքրվում քաղաքից: Ուղղակի կեղծ օրակարգ է ձեւավորվել, ու բացի կեղծ օրակարգ սարքելուց ես ուրիշ բան չեմ տեսնում: Նվիրատվություն է արվում քաղաքի համար, դա սարքվում է ինչ-որ մեծ խնդիր: Փորձում են կեղծ օրակարգ ստեղծել, որը կարծում եմ` լուրջ չէ. շատ այլ հարցեր կան, որոնք պետք է լուծում գտնեն, պետք չէ ուղղակի խոսել խոսելու համար:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս