ՀԿԳՎ ՊԵՏԸ` ԸՆԴԴԵՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կայացրած որոշումների դեմ դատախազների դժգոհության ալիքը նոր թափ է ստանում: ՀՀ գլխավոր դատախազության` հատկապես կարեւոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարը կրկին դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Դեռեւս 2018 թվականին գրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազության` հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանի եւ ՀՀ գլխավոր դատախազի ջրերը մեկ առվով չէին հոսել: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ 2018 թվականի օգոստոսի 29-ի հրամանով` Վահագն Մուրադյանն իր զբաղեցրած՝ ՀՀ գլխավոր դատախազության` հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնից փոխադրվել եւ նշանակվել էր ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում:
Գլխավոր դատախազի հրամանի հետ համաձայն չլինելով՝ Վահագն Մուրադյանը հայց էր ներկայացրել դատարան, որով վիճարկում էր հրամանի իրավաչափությունը, սակայն անհասկանալի պայմաններում Վահագն Մուրադյանը հրաժարվել էր հայցից` խնդրելով կիրառել համապատասխան հետեւանքներ: Վերոգրյալի հիման վրա դատարանն արձանագրել է, որ հայցվորը պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջից եւ իրավունքի պաշտպանության դատավարական միջոցից անվերապահորեն, առանց որեւէ պայմանի մատնանշման հրաժարվել է:
Սակայն դատախազությունում տարածված լուրերի համաձայն` դատախազների եւ ՀՀ գլխավոր դատախազի ներքին «կռիվները» առավել լայն թափ են ստանում, քանի որ մի շարք դատախազներ չեն հաշտվում ՀՀ գլխավոր դատախազի որոշումների հետ եւ բանավոր կերպով չկարողանալով խնդիրը լուծել` դիմում են դատարան:
Արդյունքում մեկ տարի անց Վահագն Մուրադյանը չի հանձնվել եւ կրկին դիմել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 26-ին վերջինս դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ դատարանը ստիպի ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնում Արսեն Մարտիրոսյանին նշանակելու վերաբերյալ հրամանը վերացնի եւ, որպես հետեւանք, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազության` հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնում իր աշխատանքի սահմանափակումները վերացնի:
Դատելով իրավիճակից` հատկապես կարեւոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնում այլ անձ է նշանակվել, իսկ դրան զուգահեռ էլ Գլխավոր դատախազը Վահագն Մուրադյանի աշխատանքում սահմանափակումներ է մտցրել:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը Վահագն Մուրադյանի եւ դատախազության համակարգում տիրող իրավիճակի մասով դիմեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից ի պատասխան, անդրադառնալով իրավիճակին, հայտնեցին. «Գլխավոր դատախազությունում լարվածության փնտրտուքներն անիմաստ եւ անհեռանկար զբաղմունք են։ Նման բան չկա։ Առանձին անհատի անձնական նման որեւէ նախաձեռնություն չի կարելի մեկնաբանել որպես համակարգի ներսում տարաձայնությունների առկայության, առավել եւս դրանց խորացման դրսեւորում։ Նման հետեւությունների որեւէ ողջամիտ նախադրյալ կամ հիմք չկա»։
Նկատենք, որ միայն Վահագն Մուրադյանը չէ, որ կռիվ է տալիս ՀՀ գլխավոր դատախազի որոշումների դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մարտի 18-ին դատարան է դիմել դատախազ Կարեն Ստեփանյանը եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ՀՀ գլխավոր դատախազությանը ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. նոյեմբերերի 28-ի եւ 2019թ. մարտի 14-ի հրամաններն անվավեր ճանաչել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից փորձել էր իմանալ, թե ինչ հրամանների մասին է խոսքը: Ի պատասխան` դատախազության հանրային կապերի բաժնից մեզ հայտնել էին. «ՀՀ գլխավոր դատախազի մարտի 14-ի հրամանով` Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Ստեփանյանը փոխադրվել եւ նշանակվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ: Հրամանի համար հիմք են ընդունվել Կարեն Ստեփանյանի արտահերթ ատեստավորման արդյունքները: Դրանից ելնելով` որակավորման հանձնաժողովի կողմից ներկայացվել էր Կ. Ստեփանյանին ավելի ցածր պաշտոնի փոխադրելու միջնորդություն, որը ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան որոշմամբ բավարարվել է»: Ասել է թե` Կարեն Ստեփանյանին ավելի ցածր պաշտոնի են նշանակվել, եւ վերջինս, բանավոր կերպով չկարողանալով արդյունքի հասնել, դիմել է դատարան: Այս գործով դատական նիստերը դեռեւս շարունակվում են:
Սա դեռ վերջը չէ. Գլխավոր դատախազի դեմ դեռեւս 2018 թվականից կռիվ է տալիս Տավուշի մարզի դատախազի տեղակալ Ներսես Միսակյանը, եւ ներկայումս նրա բողոքը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: Դատարանում ՀՀ գլխավոր դատախազի որոշման դեմ կռիվ է տալիս նաեւ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության նախկին դատախազ Ավետիս Ափիյանը, եւ նրա մասով գործը եւս հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: Ասել է թե` գործող եւ ազատված դատախազները դատարանների միջոցով են փորձում իրենց իրավունքները վերականգնել, իսկ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն` կան դատախազներ, որոնք դեռեւս սպասում են վերջնական գնահատականի, որ նոր դատարանի միջոցով կարողանան վերականգնել իրենց իրավունքները: Ասել է թե` չի բացառվում, որ առաջիկայում կրկին նոր հայցեր լինեն դատարան` ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազի որոշումների:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՇՈՒՐՋ 3 ԱՄԻՍ ԱՆՑ
Շուտով կլրանա «Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հոր սպանության գործով 3-րդ ամիսը, սակայն իրավապահները դեռեւս սպանության հիմնական դերակատարին չեն գտել: Ինչպես հայտնի է, հունիսի 10-ին Էրեբունի վարչական շրջանի «Ուպրավլենի»-ի մոտակայքում վիճաբանություն էր եղել, որի հետեւանքով սպանվել էր Սարգիս Ավագյանը, որը «Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրն է: Վերջինիս սպանության գործով կասկածյալին իրավապահները դեռ չեն գտել: Սարգիս Ավագյանին դանակահարել էին Զորիկ Մանուկյանն ու Գրիգոր Բողջողջյանը: Դեպքից որոշ ժամանակ անց Զորիկ Մանուկյանին հայտնաբերեցին, իսկ, ահա, 3 ամիս է, ինչ մյուս կասկածյալին փնտրում են:
Հիշեցնենք, որ Սարգիս Ավագյանի եւ վերոնշյալ անձանց միջեւ վեճը եղել է մեքենայի բարձր երաժշտության շուրջ, եւ Սարգիս Ավագյանին դանակահարել էին, որի հետեւանքով էլ նա մահացել էր:

 

 

 

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԳՈՐԾՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի մասով հարուցված քրեական գործով առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարավի: Փոխնախարարի գործով գրեթե բոլոր քննչական գործողությունները արվել են, առերեսումները եղել են, եւ արդեն երկու ամիս է, ինչ ԱԱԾ-ն այս քրեական գործով փոխնախարարի մասնակցությամբ այլ քննչական գործողություներ չի իրականացրել: Տեղեկությունը փորձեցինք պարզել նրա պաշտպան Տիգրան Ղազարյանից, սակայն վերջինս ասաց, որ ինքը պաշտոնապես նախաքննական մարմնից նման ծանուցում չի ստացել:
Նշենք, որ հուլիսի 9-ին փոխնախարարը գրավի դիմաց ազատ էր արձակվել: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթեւոսյանի) բավարարել էր «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի եւ Երեմ Դավթյանի` ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը` գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը: Դավթյանը անազատության մեջ էր գտնվում ապրիլից. նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար:

 

 

 

ԱՎԵԼԱՑԵԼ Է
Շիրակի մարզում հունիսից-օգոստոս ընկած ժամանակահատվածում հրդեհի 182 դեպք է գրանցվել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 88-ի դիմաց: 2018թ. օգոստոսին հրդեհի 35 դեպք է արձանագրվել, իսկ այս տարի դեռ օգոստոսը չի ավարտվել, գրանցված հրդեհների թիվն անցնում է 116-ը: Հիմնականում այրվում են խոտածածկ տարածքներ: Նշենք, որ այս տարի նաեւ մեծ քանակությամբ անասնակեր է այրվել:

 

 

 

ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Երեկ կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացրել բանակում տարբեր ժամանակահատվածներում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը: Նրանց խոսքով` հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն իրենց ընդունել էր, խոստացել էր, որ գործերը կբացահայտվեն, բայց այսօր էլ դրանց իրական բացահայտման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, չնայած ստեղծվել է մոնիթորինգային հանձնաժողով, գործերը վերաբացվել են: Ծնողները պատմել են, որ դիմել են նաեւ Աննա Հակոբյանին հանդիպելու համար, սակայն իրենց գրավոր դիմումին պատասխանել են, որ Աննա Հակոբյանը երկրում չի լինելու, բացի այդ, իրենք ֆինանսական հարցերով չեն զբաղվում: «Բայց տեսեք, ստեղ մի տող փողի մասին գործ կա՞, մենք փող չենք ուզել: Հրաժարվեց ընդունել, գոնե ասեր` ցավում եմ, ամեն ինչ կանենք, որ գործերը բացահայտվեն»,- նշել է ծնողներից Նանա Մուրադյանը:

 

 

 

ԱՋԱԿՑԵ՞Լ ԵՆ
«Եթե դուք համարում եք փաստաթղթերը պահանջելը եւ մեր տրամադրելը աջակցություն է, ապա այո, աջակցել ենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` անդրադառնալով օրերս ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ձերբակալման վերաբերյալ ԱԱԾ-ին տվյալներ տրամադրելուն: «Ինչի՞ց նման բան եզրակացրիք: Ֆինանսների նախարարությունում էլ է եղել: ԱԱԾ-ի քննչական գործողություններ իրականացնող մարմինը հավանաբար շատ մեծ ծավալի աշխատանք է կատարել, ձեռք են բերել որոշակի փաստաթղթեր, այդ թվում` ՊԵԿ-ից: Եւ այդ փաստաթղթերի, վկաների եւ տարբեր քննչական գործողությունների արդյունքում եկել է ինչ-որ եզրահանգման եւ մեղադրանք է առաջադրել»,-ասել է Անանյանը:

 

 

 

ՄՈՏ 39 ՄԼՆ ԴՐԱՄ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված 4 քրգործերով պարզվել են Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքապետարանների աշխատակիցների կողմից կատարված առերեւույթ չարաշահումների հանգամանքները: Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 37.235.348 դրամ: Առերեւույթ չարաշահումների արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 39.022.782 դրամ, որից քրգործերի նախաքննության ընթացքում վերականգնվել է 37.235.348 դրամ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը` չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, քրգործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:




Լրահոս