70 աշխատակիցներ աշխատավարձ չեն ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տավուշ» ջուրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) Նոյեմբերյանի տեղամասի շուրջ 70 աշխատակիցներ չեն ստացել այս տարվա սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների աշխատավարձը։ Աշխատողների մի փոքր խումբ չի ստացել նաեւ այս տարվա օգոստոս ամսվա աշխատավարձը։

Նոյեմբերյանի տեղամասի պետ Գագիկ Վերանյանը, ով ոռոգման համակարգի փորձառու, երկարամյա աշխատող է, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ իրենք ապահովել են մատակարարված ոռոգման ջրի դիմաց գումարների 95 տոկոս հավաքագրում, կարող են մինչեւ ընթացիկ տարվա վերջ ավելի քան 100 տոկոս հավաքագրում իրականացնել, եթե իրենց աշխատանքներին չխանգարեն։ Ոռոգման համակարգի աշխատողների աշխատավարձի գումարները հավաքագրվում են մատակարարված ոռոգման ջրի գումարների հավաքագրումից եւ պետության կողմից հատկացվող լրավճարից։

Ոռոգման համակարգը ավանդաբար մասնակի կերպով ֆինանսավորվում է պետության կողմից։ Գագիկ Վերանյանը հայտնեց, որ իրենց տեղամասի 70 աշխատակիցներ աշխատավարձերը վճարելու խնդրանքով, աջակցելու համար գրավոր դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Կառավարության ղեկավարին դիմելու նախաձեռնությունը եղել է տեղամասի աշխատողներինը։ Գ.Վերանյանն ասաց , որ միացել է նրանց, ինքը դիմում ստորագրողների մեջ եղել է 70-րդը։ Դրանից հետո Հայաստանի իշխանության հանդեպ, իբր, ընդդիմադիր վարքագիծ դրսեւորելու համար Հայաստանի ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը Գագիկ Վերանյանին հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել:

Գագիկ Վերանյանը հայտնեց, որ տեղամասի աշխատանքային կոլեկտիվն իրեն սատարում է, ինքն աշխատանքից ազատվելու մտադրություն չունի։ Ջուրօգտագործողների ընկերությունը հասարակական կազմակերպություն է, պետական կառույց չի հանդիսանում եւ գործում է իր կանոնադրության հիման վրա։ Գ. Վերանյանը հայտնեց, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հարկային պարտավորությունները չկատարելու համար արգելանք է դրել «Տավուշ» ջուրօգտագործողների ընկերության հարկային հաշվեհամարի վրա։

Դեկտեմբերի 20-ին բազմիցս զանգահարեցինք «Տավուշ» ՋՕԸ տնօրեն Յուրա Որսկանյանի բջջային երկու հեռախոսահամարներին, որպեսզի պարզաբանումներ ստանանք Նոյեմբերյանի տեղամասում առկա խնդիրների վերաբերյալ, սակայն Որսկանյանը չպատասխանեց հեռախոսազանգերին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս