Ֆիլմեր, որոնք կարելի է դիտել Ամանորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կան  մարդիկ, ովքեր տոների ժամանակ նախընտրում են ֆիլմեր դիտել։ Ահա մի քանի տարբերակներ։

«Արձակուրդը»

Ֆիլմ՝ չարդարացված սպասումների, «անսպասելի» վրա հասած Ամանորի, կարճատեւ արձակուրդի ու դրա բերած անակնկալների մասին։ Ֆիլմի հերոսները 2 տարբեր երկրներում ապրող կանայք են, որոնց անձնական կյանքում ունեցած խնդիրները ստիպում են փոխանակվել տներով ու մեկ շաբաթով փախչել այլ իրականություն՝ գաղափար անգամ չունենալով, թե ինչ է նրանց սպասվում այնտեղ։

«Իրական սեր»

Իրական սիրո, երջանկության ու դրա փնտրտուքների հետ կապված տարբեր իրավիճակների մասին է պատմում այս ֆիլմը։ Բարձրակարգ դերասանական կազմը, հետաքրքիր սյուժեն, գեղեցիկ երաժշտությունը ստիպում են հերոսների հետ ապրել ու զգալ ֆիլմի ամեն պահը։

«Բարի գալուստ, կամ հարեւանների մուտքն արգելվում է»

Ամանորյա տրամադրություն, ընտանեկան միջավայր ու հանկարծ․․․․հարեւաններից մեկը որոշում է տունն այնպես զարդարել, որ այն տեսանելի լինի տիեզերքից։ Ծիծաղելի ու երբեմն զավեշտալի իրավիճակներ, որոնց հանդիպում են ֆիլմի հերոսները իրար հետ մրցելիս։ Իսկ այս մրցակցությանը կարող է վերջ տալ միայն ամանորյա ուրախ ու բարի տրամադրությունը։

«Հին Նոր տարին»

Ֆիլմը Նյու-Յորքի մի քանի բնակիչների մասին է, ովքեր Նոր տարվա շեմին ապրում են իրենց կյանքի նշանակալի պահերից մեկը։ Հին ընկերներ, նոր պատմություններ, հին սխալներ, նոր զգացողություններ․․․Ֆիլմի հերոսները փորձում են կարգի բերել իրենց կյանքում եղած խառնաշփոթը ու նորովի դիմավորել Նոր տարին։

«Իմ ընկեր Ձմեռ պապը»

Ֆիլմի հերոսի՝ 6-ամյա Անտուանի երազանքը ամանորյա գիշերը Ձմեռ պապի հետ երկնքում հայտնվելն էր։ Պարզվում է, որ փոքրիկի երազանքն այդքան էլ անիրական չէ․ հայտնվում է Ձմեռ պապն ու սկսվում ամանորյա հրաշքը։ Զարմանալի ու հետաքրքիր, իրադարձություններով հարուստ ֆիլմ, որը կարելի է դիտել ընտանիքի անդամների հետ։

«Անուշադրության մատնված երեխաները»

Ի՞նչ կարող է լինել, եթե 5 երեխաներ հայտնվեն օդանավակայանում՝ ձնաբքի մեջ, իսկ մոտակայքում ծնողներից ոչ մեկը չլինի։ Ու այս ամենը Նոր տարվա նախաշեմին։ Այո, իսկական խառնաշփոթ, որը կարող է զվարճացնել ե՛ւ երեխաներին, ե՛ւ մեծերին։ Ֆիլմի սյուժեն մասամբ հիմնված է «Ամերիկյան կյանք» շաբաթաթերթի խմբագրի՝ Սյուզան Բերտոնի կյանքի իրական պատմության վրա։

«Չորրորդ Նոր տարին»

Ֆիլմը 3 տարվա ամուսինների մասին է, ովքեր պետք է նշեն իրենց 4-րդ Նոր տարին միասին։ Սակայն ամեն ինչ պարզվում է՝ այդքան էլ հեշտ չէ։ «Նրանց համար տոներն իսկական սարսափ էին՝ կամ դիմանալ 4-րդ Ամանորին, կամ զանգել ծնողներին»… Այսպիսին է ֆիլմի կարգախոսը։ Իսկ թե ինչերի կհանդիպեն ֆիլմի հերոսները միասին անցկացրծ 4-րդ ամանորին, անսպասելի է հենց իրենց՝ հերոսների համար։

«Նոր տարվա նամակները»

Ֆիլմ-հեքիաթ, բարի ու հրաշքներով լի, որը կարելի է դիտել երեխաների հետ։ Ֆիլմի հերոսներն աշխատում են նամակների առաքման ծառայությունում, ստանում երեխաներից նամակներ ու Ձմեռ պապի անունից պատասխանում դրանց։

«Անվանիր ինձ Սանտա»

Եվս մի ֆիլմ՝ բարի, հեքիաթային Նոր տարվա մասին։ Ֆիլմում Լյուսին փնտրում է նոր Ձմեռ պապի, ով կփոխարինի արդեն 200 տարի աշխատած ու թոշակի գնացող պապին։




Լրահոս