«Բոլորից եմ դժգոհ, շուտ են մոռանում իրենց զինվորներին». ինչ է վերջին անգամ նամակում գրել ռազմագերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի օգոստոսի 12-ին ադրբեջանական սահմանը հատած հայազգի ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի հանձնման հարցը այդես էլ շարունակում է մնալ օդում կախված: Դեպքից ամիսներ են անցել, և մինչ օրս զինծառայողի մասին հստակ որևէ նորություն չկա:

Համենայն դեպս, պաշտոնական վերջին հայտարարությունը 19-ամյա զինծառայողի գերեվարման մասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից արվեց: Նախարարը կարճ էր խոսել. «Ադրբեջանական սահմանն անցած զինվոր Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է մեր մտահոգության առարկան լինել»:

Ինչպես հայտնի է՝ Բաքուն հայտարարել էր, թե պատրաստ է փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին Արցախում գտնվող Դիլհամ Ասկերովի եվ Շահբազ Գուլիեւի հետ: Իսկ հայկական կողմն ավելի վաղ մի քանի անգամ մերժել էր Բաքվի՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» փոխանակելու այդ առաջարկը: Վարչապետ Փաշինյանը պնդում էր. «Փոխանակում չի կարող լինել, եթե ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացրել»:

ArmLur.am-ի հետ զրույցում Արայիկ Ղազարյանի մայրը՝ Կարինե Ղազարյանը, բավականին նեղսրտած պետական կառույցներից, հայտարարեց, որ որդու մասին վերջին տեղեկությունը ստեցել են 2019թ. դեկտեմբերի 13-ին Կարմիր խաչի միջոցով, այլ գերատեսչություն, մասնավորապես, ՀՀ պաշտպանության կամ Արտաքին գործերի նախարարությունները որևէ լուր չեն հայտնում, կապ չեն հաստատում:

«Եթե անգամ մենք էլ գնանք, ապա միևնույնն է, ոչինչ չեն ասում: Պաշտպանության նախարարությունից մեզ ասում են գնացեք, երբ նորություն կլինի կզանգենք, սպասում ենք, բայց ապարդյուն…: Արայիկը նամակում բոլորիս Նոր տարին էր շնորհավորում ու գրել էր, որ իր Հայաստանն իրեն չի մոռացել, ինչ վերաբերում է առողջությանն ասում է, որ բռնության հետքեր չկան»,- պատմեց  ռազմագերի Արայիկ Ղազարյանի մայրը:

Կարինե Ղազարյանը նաև մեզ հետ զրույցում հավելեց, որ հայ ժողովուրդից դժգոհ է:

«Երկու անգամ վարչապետին նամակ եմ  գրել, չի ընդունել: Առհասարակ բոլորից եմ դժգոհ, շուտ են մոռանում իրենց զինվորներին»,- ընդգծեց Տիկին Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Արայիկ Ղազարյանը Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքից է։ Ունի մեկ եղբայր, ով պայմանագրային զինծառայող է, ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ։

Լիդա Եղիազարյան




Լրահոս