ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե Փաշինյանը չլիներ, գուցե ես չլինեի». ովքեր են սպառնացել աշխարհահռչակ պրոդյուսերին պատառ-պատառ անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ազգությամբ հոլիվուդյան հայ սկանդալային պրոդյուսեր Ստեփան Մարտիոսյանին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատապարտեցին 5 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման: 2017 թվականի հոկտեմբերից 59-ամյա պրոդյուսերը պահվում էր Մոսկվայի №4 մեկուսարանում՝ Հայաստանի կողմից արտահանձնման հայցը ստանալու պատճառով։

Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել 178 հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով: Ըստ մեղադրանքի՝ 2011-2013 թվականներին ֆիլմի իրավունքները գնելու համար հատկացրած 50 մլն դոլարը նա յուրացրել է։ 2001 թվականից «Հայբիզնեսբանկի» խորհրդի նախագահ, գործարար Վիտալի Գրիգորյանցի ընկերությունում նա ներդրումների, անշարժ գույքի եւ կինոբիզնեսի գծով գլխավոր մենեջեր է աշխատել։ Հայաստանում քրեական գործի հարուցումը բացատրվում է նրանով, որ հենց Երևանում է գտնվում «Հայբիզնեսբանկի» գլխամասային գրասենյակը։

Ինքը՝ Մարտիրոսյանը, իրեն ուղղված մեղադրանքը չի ընդունում: Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այս ամենը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցի ձեռքի գործն է: Նա նույնիսկ ուշագրավ մի հայտարարություն արեց այն մասին, որ եթե թավշյա հեղափոխությունը չլիներ, ինքն ավելի վաղ կդատապարտվեր եւ ավելի երկար ժամկետով:

Մարտիրոսյանի փաստաբան Կարեն Բատիկյանը ArmLur.am-ի հետ զրույցում շեշտեց, որ նման անարդար, խայտառակ դատավարության ականատես դեռ չէր եղել: Նա հավելեց՝ բողոքարկելու են վճիռը եւ պայքարելու են արդարության համար մինչեւ վերջ:

Ուշագրավ է, որ ըստ Los Angeles Weekly-ի՝ 2006 թվականին Մարտիրոսյանը միջոցներ է հատկացրել Burson-Marsteller ամերիկյան փիար-ընկերությանը՝ հենց Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացնելու համար, որն էլ սխալ էր ընկալվել վերջինիս կողմից: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը:

Հավելենք, որ մինչև դատական պրոցեսը Մարտիրոսյանը Հայաստանում եղել է ընդամենը մեկ անգամ՝ 1985 թվականին: Սակայն դա չի խանգարել, որ քրեական գործը հարուցվի հենց մեր երկրում:

Մարտիրոսյանի հավաստմամբ՝ որպես պրոդյուսեր իր մասնակցությամբ նկարահանվել են «Նոյեմբերի մարդը», «Ողջ մնացածը», «Ֆրիլանսերները», «Ես Ալեքս Քրոսն եմ», «Փախուստի ծրագիրը» և մի շարք այլ ֆիլմեր: Ավելի քան 20 տարի առաջ Ստեփան Մարտիրոսյանը Կալիֆորնիայից տեղափոխվեց Հոլիվուդ, որտեղ էլ սկսեց պրոդյուսերի իր կարիերան: Նա ունի բնակության թույլտվություն ԱՄՆ-ում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս