Հայաստանի կառավարությունը ցույց կտա՞ իր ողնաշարը. օպերային սկանդալի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ գրել էր այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա օպերային պարահանդեսի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն՝ քաղաքական նկատառումներով:

Համերգի կազմակերպիչ Semper Operaball կազմակերպությունը հերքել էր տեղեկությունը՝ դատապարտելով Էյվազովի հասցեին մեղադրանքները եւ նշելով, որ Ռուզան Մանթաշյանի հետ փետրվարի 7-ին կայանալիք համերգի վերաբերյալ պայմանագիր չի ունեցել։ Փոխարենը սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ աշխատող «Աժանս Մասիս օպերա» գործակալությունը հունվարի 14-ին մեկնաբանել էր տեղի ունեցածը՝ պնդելով, որ Մանթաշյանի ելույթը չեղարկվել է ադրբեջանցի տենոր Էյվազովի ցանկությամբ: Երգչուհու ներկայացուցիչ Ռենե Մասիսը Semper Opernball-ի ղեկավար Հանս-Իոահիմ Ֆրեյին հորդորել էր ներողություն խնդրել Ռուզան Մանթաշյանից: Նա նշել էր, որ Ֆրեյը համառորեն շարունակում է իր տեսակետն արտահայտել զանգվածային լրատվամիջոցներով` չցուցաբերելով ճկունություն ու մնալով իր կարծիքին:

«Դուք կարեւորում եք Ձեր նախորդ միջոցառումներին բոլոր ազգերը ներկայացնող կատարողների, այդ թվում` հայերի մասնակցությունը: Մենք երբեք չենք վիճարկել այս իրողությունը, մենք նույնիսկ բացահայտ կերպով ողջունել ենք այն հունվարի 14-ի մեր մամլո հաղորդագրության մեջ: Ինչպես տեսնում եք, այս առումով մենք չենք վիճարկում Ձեր ու SemperOpernball-ի հեղինակությունը: Մյուս կողմից՝ առկա է հակասություն, որը ծագել է պարոն Էյվազովի կողմից տիկին Մանթաշյանի հետ «քաղաքական դրդապատճառներով» ելույթ ունենալուց հրաժարվելու հետեւանքով, ինչը հանգեցրեց մեր կատարողի հետ ձեռք բերված պայմանավորվածության չեղարկմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մանթաշյանի ներկայացուցիչը գրում է, որ կարելի է մտածել, որ Ֆրեյը ստիպված է եղել դա անել իր հրավիրյալ կատարողի անդրդվելի դիրքորոշման պատճառով:

Եղելությանն արձագանքել են հայ հայտնի արվեստագետներ: «Կարդում եմ նյութերը, վրդովմունքիս, զայրույթիս ձայնը բարձրացնում ու չեմ կարողանում հավատալ, որ նման ստոր, այլանդակ բան կարող է տեղի ունենալ արտիստիկ շրջանակներում, այն էլ՝ այսօր, Եվրոպայում, այն էլ՝ Գերմանիայի պես զարգացած երկրում»,-հայտարարել է դերասան Վարդան Պետրոսյանը՝ կոչ անելով ՀՀ արտաքին գործերի եւ ԿԳՄՍ նախարարություններին հանդես գալ համապատասխան կոշտ դիրքորոշմամբ:

Հայտնի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը եւս դատապարտել է տեղի ունեցածը՝ շեշտելով, որ արհամարհվել են հայ երգչուհու շահերը, նրա անձին հասցվել է բարոյական վնաս: Երգչուհին եւս տեսակետ է հայտնել, որ Հայաստանի ԱԳՆ-ն կամ ԿԳՄՍ-ն կարող են նվազագույնը բողոքի նամակ հղել տվյալ հաստատությանը, որը բավարար կամք չի դրսեւորել այդ ամոթալի երեւույթը կանխելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեց՝ արդյոք նախարարությունը պատրաստվում է որեւէ կերպ արձագանքել տեղի ունեցածին: «Թեմային արձագանքելու է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: Եթե պետական մի կառույցը ներկայացնում է հաղորդագրություն, դա արդեն կառավարության դիրքորոշումն է: Տվյալ դեպքում արձագանքով հանդես է գալու հենց ԿԳՄՍ-ն»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանն էլ իր հերթին մեզ տեղեկացրեց. «Նախարարությունը հենց սկզբից հետեւում է զարգացումներին, եւ հարցը մեր ուշադրության կենտրոնում է»:
Մնում է սպասել եւ տեսնել՝ մեր կառավարությունը հանդես կգա արդյոք կոշտ դիրքորոշմամբ եւ ցույց կտա իր «ողնաշարը»:

Հավելենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները նամակ կհղեն Գերմանիայի Բունդեսթագ՝ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը Դրեզդենում ադրբեջանցի երգչի քսենոֆոբիկ պահանջով կասեցնելու առնչությամբ. այս մասին հունվարի 21-ին Ազգային ժողովում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս