ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՆՔ, ԵԹԵ ՏՆԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԱՆՑԿԱՑՆԵՆՔ ՍԵՎԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Սեւան» ֆուտբոլային ակումբի առաջատարներից Արմեն Դուրունցի հետ:

-Շուտով մեկնարկում է Հայաստանի առաջին խմբի առաջնության երկրորդ շրջանը: Ինչպիսի՞ տրամադրվածությամբ է մոտենում թիմը առաջնության պատասխանատու հատվածին:
-Դատելով թիմի մարզումներից՝ կարելի է ասել, որ շատ լավ եւ բարձր տրամադրությամբ է մոտենում երկրորդ կեսին:
-«Սեւանը» առաջնության գործող չեմպիոնն է, սակայն առաջին շրջանի ավարտից հետո առաջատար «Վեստ Արմենիայից» հետ է մնում մի ամբողջ 15 միավոր: Այդ փաստը ավելորդ լարվածություն տալի՞ս է թիմին:
-Իմ կարծիքով՝ ոչ թե լարվածություն է տալիս, այլ պատասխանատվության չափաբաժինն է ավելացնում, քանի որ դեռ նախորդ մրցաշրջանից բոլորը սովոր էին տեսնել անպարտելի «Սեւան», ու հենց դա է գլխավոր պատճառը, որ հիմա պետք է ձգտենք հետ բերել կորցրածը:
-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր թիմի շանսերը չեմպիոնության համար մղվող պայքարում: Արդյոք «Սեւանը» ունա՞կ է հետ բերել կորցրածը:
-«Սեւանը» մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ ինչքան լավ եւ մարտունակ թիմ է, ու անհնարին ոչինչ չկա: Ես մտածում եմ, որ մենք ունակ ենք հետ բերել կորցրածը: Չեմպիոնության համար, կարծում եմ, նույնպես շանսեր կան: Սա ֆուտբոլ է, իսկ ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա:
-Թիմը առաջնության մեկնարկում այդքան էլ լավ չէր գործում, եղավ մարզչի փոփոխություն, որը կարծես լավ անդրադարձավ թիմի խաղի վրա, սակայն վերջին խաղերում «Սեւանը» կրկին սկսեց միավորներ կորցնել: Ինչի՞ հետ կկապեք այս ամենը:
-Առաջնության մեկնարկում թիմում շատ էին նորեկ ֆուտբոլիստները ու, ըստ իս, խաղակցվածության պակասի պատճառով էր, որ վատ արդյունք գրանցեցինք: Հետո փոխվեց մարզիչը, եւ եկավ Արմեն Սանամյանը, ով նոր շունչ հաղորդեց թիմին: Մենք սկսեցինք լավ ֆուտբոլ խաղալ ու հաղթանակներ տոնել, իսկ վերջնամասում խաղեր եղան, որ պարզապես բախտը երես էր թեքել մեզանից:
-Արդեն վերսկսել եք մարզումները: Ինչպե՞ս են ընթանում մարզումները եւ ինչպիսի՞ տպավորություն են թողնում այն ֆուտբոլիստները, որոնք փորձաշրջան են անցնում «Սեւանի» կազմում:
-Մարզումները շատ լավ են ընթանում: Հիմա այն շրջանն է, երբ միայն պետք է ուշադրություն դարձնել ֆիզիկական որակները բարելավելու վրա: Ունենք փորձաշրջան անցող ե՛ւ տեղացի ֆուտբոլիստներ, ե՛ւ լեգիոներներ: Միայն ժամանակը կարող է ցույց տալ՝ արդյոք նրանք պայմանագիր կկնքեն ակումբի հետ ու դրանից հետո ինչ օգուտ կտան թիմին:
-Նախորդ առաջնությունում թիմը անպարտելիության հրաշալի շարք էր գրանցել: Արդեն այս առաջնության երկրորդ շրջանում կարելի՞ է «Սեւանից» նման խաղ սպասել, թե՞, ամեն դեպքում, առաջին շրջանում գրանցած արդյունքները ազդել են թիմի վրա:
-Երկրորդ շրջանում պետք է կարողանանք ցույց տալ մեր իրական ներուժը, որպեսզի ապացուցենք բոլորին՝ այդ անպարտելիության շարքը պատահական չէր: Կարծում եմ՝ ի զորու ենք կրկին նման արդյունք գրանցել:
-Այն փաստը, որ ակումբը տնային խաղերը չի անցկացնում հարազատ «Սեւանում», որքանո՞վ է անդրադառնում թիմի արդյունքների վրա:
-Չէի ցանկանա այդպես ասել, որովհետեւ մենք առաջնությունը չենք սկսել Սեւանում: Եթե սկսած լինեինք Սեւանում եւ հետո առաջնության մնացած հատվածը ստիպված լինեինք խաղալ ու մարզվել այլ մարզադաշտում, այդ պարագայում տեղին կլիներ խոսել այն մասին, որ Սեւանում չխաղալը ազդում է մեր խաղի վրա:
-Ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը նախկինում մեզ հետ զրույցներից մեկում նշել էր, որ թիմը, հնարավոր է, որ առաջնության այս հատվածն անցկացնի արդեն Սեւանում: Նորություններ կա՞ն Սեւանի մարզադաշտը «Սեւան» ՖԱ-ին փոխանցելու մասին:
-Այո, շատ հնարավոր է, որ սկսենք տնային խաղերը անցկացնել արդեն Սեւանում: Ակումբի նախագահը ամեն ինչ անում է այդ հարցին լուծում տալու համար: Բոլորս էլ ուրախ կլինենք, որ տնային հանդիպումները սկսենք անցկացնել Սեւանում:
Հիշեցնենք, որ «Սեւանը» Հայաստանի առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակում 6-րդն է՝ վաստակած 31 միավորով ,եւ առաջատար «Վեստ Արմենիայից» հետ է մնում 15 միավորով: Առաջին խմբում հաղթող ճանաչվող թիմը մյուս մրցաշրջանում հանդես կգա Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում՝ զբաղեցնելով ԲԽ-ում վերջին հորիզոնականը գրաված թիմի տեղը:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

ԱԶԵՐԱԿԱՆ ՇՈՎԻՆԻԶՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՅԼԸ
Եվրոպայում զարգանում է մի հզոր սկանդալ՝ կապված SemperOperaball-ում կայանալիք փետրվարի միջոցառման հետ, որին հրավիրված էին մասնակցելու սոպրանո Ռուզաննա Մանթաշյանն ու ադրբեջանցի տենոր Յոսուֆ Այվազովը: Ինչպես հայտնի է, Յուսուֆ Այվազովը զարտուղի ճանապարհներով կարողացել է հասնել նրան, որ Զեմպերօպերայի բալի կազմակերպիչ, գեղարվեստական ղեկավար Հանս-Յոհախիմ Ֆրեյը կկասեցնի հայուհու մասնակցությունը միջոցառմանը, որի հիմքում ընկած է ադրբեջանցու այն հայտարարությունը, որ հայի հետ նա չի պատրաստվում ելույթ ունենալ:

Յուսուֆ Այվազովը աչքի է ընկել իր ազգայնամոլական բնույթի քայլերով, երբ նա բազմիցս փորձել է տարածել կեղծիք՝ կապված Խոջալուի ողբերգության եւ արցախյան հարցի հետ: Այս հերթական ազերական ազգայնամոլական քայլը, կարծես թե, շատ թանկ է նստելու նրա վրա, որի պատճառով այս, ասյպես կոչված, արտիստը ստիպված է եղել վախի ազդեցության տակ փոխել իր հայտարարությունը եւ կեղծել կատարվածը: Նա իր հովանավորների հետ, ամենայն հավանականությամբ, նավթադոլլարների օգնությամբ կարողացել է գեղարվեստական ղեկավար պրն Ֆրեյին խնդրել ու համոզել, որ վերջինս հայտարարի, թե իբրեւ հայուհուն նրանք երբեք չէին հրավիրել:
Եվրոպայի հայկական ֆորումի նախագահությունը, ուսումնասիրելով կատարված միջադեպը, եկել է այն եզրահանգման, որ սրբություն սրբոց հանդիսացող մեծագույն արվեստը սրբապղծելու այս քայլը պիտի դատապարտվի եւ պիտի կասեցվի Յուսուֆի նման արվեստագետների մասնակցությունը քաղաքական արկածախնդրություններում: ԵՀՄՖ նախագահ եւ «Ասարթ» գործակալության համանախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը սկսել է ծավալուն պայքար կատարվածը հանրությանը ներկայացնելու նպատակով: Որպես առաջին քայլ՝ ԵՀՄՖ-ն ուղղել է իր դիմում-բողոքը Զեմպերօպերաբալի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոխահիմ Ֆրեյին՝ պահանջելով անհապաղ բավարար բացատրություն եւ պատասխան, որից կախված կլինի այդ կազմակերպության՝ Եվրոպայում ունեցած բարի անվան ապագան:
Ստորեւ ներկայացնում ենք այդ դիմումի հայերեն թարգմանությունը:
Մեծարգո՛ պրն Հանս-Յոհախիմ Ֆրեյ,
Թո՛ւյլ տվեք Ձեզ ուղղել իմ մեծ անհանգստությունը եւ խիստ բողոքը՝ կապված միջազգային բարձրագույն ռեյտինգ եւ հազվագյուտ մակարդակ ունեցող հայազգի երգչուհի Ռուզաննա Մանթաշյանի ԶեմպերՕպերաբալին նախապես ծրագրված մասնակցության հետ, որի գեղարվեստական ղեկավարը հանդիսանում եք անձամբ Դուք: Իմ մեծագույն հիասթափությունը եւ զայրույթի ալիքը հիմնված են մի շարք ակնհայտ փաստերի վրա, որոնք ծնվել են նաեւ իրավիճակի վերաբերյալ Ձեր տված բացատրությունների անհամարժեքության շնորհիվ: Հիմնական փաստն այն է, որ Դուք վերոհիշյալ հայ արվեստագետին հրավիրել եք մասնակցելու միջոցառմանը, որի վերաբերյալ կան վկայություններ ԶԼՄ-ներում, ընդհուպ նաեւ Ձեր մասնակցությամբ հարցազրույցներում: Փաստ է նաեւ այն, որ Ձեր կողմից հրավիրվել էր նաեւ մեկ այլ երգիչ ԱՄՆ-ից, որը պետք էր համատեղ աշխատեր տիկին Մանթաշյանի հետ: Փաստ է այն, որ տվյալ արտիստի փոխարինումը պրն Յուսուֆ Այվազովով հանգեցրեց միջոցառմանը Ռուզաննա Մանթաշյանի մասնակցության կասեցմանը: Հանրության մեջ տարածվեցին լուրեր, որ սա կատարվել է ադրբեջանցի տենորի անձնական դիմումի հետեւանքով, որը չի ցանկացել երգել հայուհի արվեստագետի հետ նույն բեմում: Զարգացող սկանդալի կասեցման համար Դուք, ցավոք, ոչ մի համարժեք եւ արհեստավարժ քայլ չեք արել եւ ընդունելի փաստարկներ ու բացատրություններ չեք ներկայացրել: Միջոցառման միջազգային պրոֆիլի շուրջ եւ պրն Այվազովի անձի տոլերանտության վերաբերյալ ընդհանուր հավաստումները նույնքան թույլ եւ ոչինչ չասող փաստեր են, որքան Ձեր անհեթեթ հայտարարությունը՝ գոյություն չունեցող պայմանագրի վերաբերյալ:
Երկկողմանի հավաստիքները համատեղ համագործակցության շուրջ, ինչպես գիտենք, ոչ միայն բարոյական, այլեւ իրավական արժեք են ներկայացնում եւ արվեստի աշխարհում հանդիսանում են էթիկայի եւ արհեստավարժ գործելու հիմք: Պայմանագրերը միշտ ստորագրվում են վերջում՝ հաստատելով այն, ինչ կողմերը նախապես պայմանավորվել էին: Ձեր այսօրվա հայտնած դիրքորոշման մեջ չկա ոչ մի խելամիտ բացատրություն՝ ինչու եք ետ կանգնում համագործակցությունից: Ես հասկացա այնպես, որ գոյություն չունի այլ բացատրություն, քան այն իրական փաստը, որը տարածվեց հասարակության մեջ եւ ստեղծեց Ձեր եւ Ձեր միջոցառման համար խիստ տգեղ պատկեր, ինչն էլ կհանդիսանա Ձեր այցետոմսը ողջ Եվրոպայում: Համանման իրավիճակներում ծնվում են կասկածներ նաեւ ապագայում Ձեր կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումների շուրջ: Ձեր նմանատիպ որոշումից հետո տարածվում են ամեն տիպի կասկածներ նաեւ տեղի ունեցած հնարավոր կոռուպցիայի, ինչպես նաեւ կոնկրետ Ձեր անձի կողմից մշակույթի եւ էթնիկական արժեքների պահպանման հարցում որոշակի խնդրահարույց քայլերի վերաբերյալ. նման միջադեպերը կհանդիսանան խոչընդոտ մշակութային կյանքի զարգացմանը: Իրավիճակը չափազանց բարդ է եւ պահանջում է հիմնավորված պարզաբանումներ եւ հետեւանքների լրջագույն գիտակցում: Նման հարցերում անլրջությունը Եվրոպայում արդեն տվել է հսկայական զոհեր:
Ճշմարտության եւ արդարության կայացման ակնկալիքներով՝
Եվրոպայի հայկական միության ֆորումի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյան

 

 

 

ՎԵՐՍԿՍԵԼ Է
Armenia Airways ընկերությունը վերսկսել է Երեւան-Թեհրան-Երեւան կանոնավոր թռիչքները: Իրանական կողմն իր օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման երաշխիքներ է տվել: «Նկատի առնելով Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարված վերջին հայտարարությունն Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի օգտագործման վերաբերյալ` Armenia Airways-ը դիմել է Իրանի դեսպանատուն եւ երաշխիքներ ստացել Իրանի օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը վերսկսել է իր կանոնավոր Երեւան-Թեհրան-Երեւան թռիչքները հունվարի 14-ից»,- նշված է ավիաընկերության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններին խորհուրդ տալով դիտարկել Իրաքի եւ Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը:




Լրահոս