ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՃԱԽ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻՆ ԿՀԱՆԴԻՊԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարչապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստի ժամանակ հայտարարել է, որ, իր կարծիքով, պետք է առաջիկայում հաճախ հանդիպումներ ունենա իմքայլական պատգամավորների հետ:

Ըստ մեր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հանդիպումների միջոցով ինքը կկարողանա հասկանալ, թե ովքեր են պատգամավորներից աշխատում, ինչ գործունեությամբ են զբաղված խորհրդարանում, ու հարցուպատասխանների միջոցով կպարզի նրանց կատարած աշխատանքը: Ու արդեն հստակ է, որ վարչապետ-իմքայլական պատգամավորների հանդիպումը առաջիկայում հաճախակի բնույթ է կրելու:
Նշենք, որ երեկվա հանդիպումը տեւել է մոտ երկու ժամ: Տեղեկացանք, որ իմքայլական պատգամավորներից գրեթե բոլորը ներկա են եղել նիստին: Այս անգամ հանդիպմանը ներկայացել են անգամ այն պատգամավորները, որոնք ամիսներ շարունակ նման հանդիպումներից բացակայում էին. նրանց թվում է եղել իմքայլական պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Սասուն Միքայելյանը, Վարազդատ Կարապետյանը եւ այլք: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ նախապես խմբակցության ղեկավարությունից հրահանգ է եղել բացականեր չլինելու մասին` նշելով, որ այսուհետ վարչապետի հետ նման հանդիպումներ հաճախ են լինելու, որի ժամանակ պետք է պատգամավորները հաշվետու լինեն իրենց կատարած աշխատանքի համար:
Նկատենք, որ երեկվա հանդիպումից առաջին հեռացողը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր: Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանը, Սիփան Փաշինյանը նիստին մասնակցել են հանդիպման մեկնարկից մոտ մեկուկես ժամ հետո:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետը շատ դժգոհ է խորհրդարանի աշխատանքից, ինչի համար որոշել է իր հսկողության տակ պահել օրենսդիրներին` հասկանալու համար, թե ով է գործ անում, ով՝ ուղղակի խոսում, օդ տատանում: Գաղտնիք չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին երկար ժամանակ է, ինչ իր շրջապատում հայտարարում է, որ օրենսդիրների իր թիմի կատարած աշխատանքը անարդյունք է, ինչի համար նպատակ ունի անգամ ցրել խորհրդարանը: Վարչապետի կարծիքով՝ պետք է նոր թիմ ձեւավորել, որոնք խորհրդարանում կաշխատեն ավելի արդյունավետ եւ քաղաքականապես կլինեն ավելի հասուն:
Իսկ ինչ վերաբերում է երեկվա հանդիպմանը, ապա նիստին մասնակցել է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները որոշել են, որ իրենց ամեն հանդիպմանը հրավիրելու են նաեւ կառավարության որեւէ ներկայացուցչի, որը պարզաբանումներ կներկայացնի օրենսդիրներին արդիական թեմաներով իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ: Եթե կլինեն խնդրահարույց հարցեր, հանրությանը հուզող թեմաներ, որոնք պետք է պարզաբանվեն, վարչապետի կարծիքով՝ այն պետք է նախ ներկայացվի պատգամավորներին, որն էլ արդեն կհստակեցվի հանրության համար: Քանի որ վերջին ժամանակահատվածում առողջապահության ոլորտին առնչվող լուրջ խնդիրներ ու չպարզաբանված հարցեր կան ծննդատները փակելու մասով, որոշում է կայացվել Թորոսյանին հրավիրել նիստին` պազաբանումներ պահանջելու: Պատգամավորները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում էին, որ այս անգամ իրենք հիմնականում լսողի դերում են եղել, քանի որ հանդիպման հիմնական հատվածում խոսել է ՀՀ վարչապետը ու անդրադարձել է գրեթե բոլոր այն հարցերին, որոնք այս ժամանակահատվածում ակտուալ են: Նիկոլ Փաշինյանը խոսել է իրենց առաջիկա ծրագրերի մասին, ներկայացրել է այն ակնկալիքները, որոնք ինքն ունի իր թիմից:
Իմքայլականները նիստի ավարտից հետո «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում նշում էին, որ այս ամենը պետք է վաղուց լիներ, ու ՀՀ վարչապետը բոլոր պատգամավորների աշխատանքից անձամբ տեղեկանար նրանցից, այլ ոչ թե միջնորդավորված, որոնք ինֆորմացիան սխալ կամ սուբյեկտիվ էին փոխանցում: Ըստ իմքայլականների՝ այս ձեւաչափը օգնելու է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ունենա հստակ ինֆորմացիա՝ իր թիմի յուրաքանչյուր անձի կատարած աշխատանքի վերաբերյալ: Ու նաեւ դա է եղել պատճառը, որ նախինում «երես թեքած» պատգամավորները, որոնք չէին մասնակցում խմբակցության նիստերին, վերադարձել են ընտանիք:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

ԿԴԱԴԱՐԵՑՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարզային առողջության կենտրոնների պետական ֆինանսավորումը դադարեցնելուց հետո հասել է պոլիկլինիկաներին: ՀՀ առողջապահության նախարարությունը այս տարի մտադիր է դադարեցնել պոլիկլինիկաների «այլ կաբինետ» կոչվող կաբինետների գործունեության պետական ֆինանսավորումը: Ըստ պոլիկլինիկաների տնօրենների՝ «այլ կաբինետ»-ի գործունեության մեջ են մտնում գաստրոէնդերոլոգիական, ուռոլոգիական ծառայությունները: Ավելին, պետական ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ տեղեկանք Երեւանի քաղաքապետարանն արդեն ուղարկել է պոլիկլինիկաների ղեկավարներին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ոչ բոլոր պոլիկլինիկաներն են քաղաքապետարանից ուղարկված տեղեկանքը ստացել: Օրինակ՝ թիվ 9 պոլիկլինիկայի տնօրեն Անի Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ տեղեկանք չի ստացել. «Մերը մանկական պոլիկլինիկա է, բայց մենք ունենք «այլ կաբինետ»: Չենք ստացել այդ տեղեկանքը, սուտ ա, ոչ մի տեղեկանք չեն ուղարկել»: Իսկ, ահա, Սարի թաղի պոլիկլինիկայի տնօրեն Սերգեյ Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իրենք ուռոլոգի կարիք չունեն՝ նշելով, որ քաղաքապետարանից այդ մասին գրություն չի ստացել: «Եթե պոլիկլինիկան ուզում է ուռոլոգին պահի, ապա թող պահի, բայց իրենց միջոցներով, ոչ թե պետության: Բայց 9 մասնագիտական կաբինետներ կան, որոնք աշխատելու են անպայման, եւ դրա ֆինանսավորումը պետությունը շարունակելու է: Օրինակ, իմ ղեկավարած պոլիկլինիկան ուռոլոգի կարիքը չունի. եթե լինում է, ապա արագ կազմակերպում ենք: Բայց ուռոլոգ շաբաթներով պահես ու չունենաս ուռոլոգիական հիվանդ եւ դրա համար վճարես, դա անիմաստ է: Պայմանագիր ունենք՝ կնքած այն կազմակերպության հետ, որն ունի ուռոլոգ, մենք ուղեգիր ենք տալիս քաղաքացուն, որն էլ անվճար այցելում է ուռոլոգի մոտ՝ այլ բուժհաստատություն»,- փոխանցեց պոլիկլինիկայի ղեկավարը: Պարզվում է՝ այս թեմայի շուրջ մի քանի օր առաջ խորհրդակցություն է տեղի ունեցել Առողջապահության նախարարությունում, որին ներկա են գտնվել նաեւ պոլիկլինիկաների տնօրենները:

 

 

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ԿՐՃԱՏՎԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ հունվարի 11-ին գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 20-27-ը գտնվելու է արձակուրդում: Մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել, որ նա օգտագործելու է 2018-2019 թթ. աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը եւ 2019-2020 թթ. աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը: Սակայն Փաշինյանը երեկ նոր որոշում է կայացրել եւ արձակուրդում կգտնվի հունվարի 23-27-ը՝ օգտագործելով միայն 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը:

 

 

 

 

ԱԳՆ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
«ՀՀ ԱԳՆ-ն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնում է ընդունված կարգով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո»,- հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները մինչեւ հունվարի վերջ եւս մեկ հանդիպում կանցկացնեն: «Մենք շարունակում ենք կիրառել հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան»,- նշել է Նաղդալյանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել էր, որ հանդիպման վայրը եւ ժամանակը դեռեւս հստակեցված չեն: Է. Մամեդյարովը հավելել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան այս տարվա առաջին եռամսյակում:

 

 

 

 

ԿՆՎԱԶԻ
Հանրապետության տարածքում՝ հունվարի 18-ին՝ Սյունիքում եւ Արցախում, 19-ին եւ 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հունվարի 18-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետեւ նույնքան կբարձրանա: Երեւանում հունվարի 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն:

 

 

 

 

ՇՈՐԹՈՒՄ
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է Երեւանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից 2012-2015թթ. ընթացքում շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք: Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցրած անձը ազգականի անվամբ սեփականաշնորհված, 300.000 ԱՄՆ դոլար արժեցող, 377մ2 մակերեսով Վաղարշյան փողոցի կաթսայատներից մեկը կառուցապատմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին բազմաբնակարան շենքի կառուցապատման համար 2013թ. առաջարկել է իրենից ձեռք բերել շուկայականից էականորեն էժան՝ 62 միլիոն ՀՀ դրամով: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոոշմամբ՝ Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

 

 

 

 

ՀՍՏԱԿ ՉԷ
Նախօրեին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել էր, որ չի բացառվում՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: Տեղեկությունը ճշտելու համար ArmLur.am-ը դիմել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, որտեղից հայտնել են, որ ներկայումս քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը: Ապա տեղեկացրել, որ չի բացառվում, որ հայտով կդիմեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: ArmLur.am-ը նույն հարցի առնչությամբ զրուցել է նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Վերջինիս խոսքով՝ մինչեւ ապրիլ գազի գինը չի թանկանա: «Կարող եմ հավելել, որ իմ կարծիքով կամ վստահ եմ, որ մինչեւ ապրիլ նույնիսկ հայտ չի ներկայացվի: Ես կարող եմ նաեւ ասել, որ սահմանին գազի գինը չի փոփոխվել 2020թ. համար: Եթե ապրիլից հետո ընկերությունը ցանկություն կունենա հայտ ներկայացնել կամ նպատակահարմար կհամարի, դա իրենց իրավունքն է»,-նշել է նա:




Լրահոս