ԿԳՄՍ նախարարությունը օրենք է խախտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանի պաշտոնավարումն արհեստականորեն ձգձգելն այնքան բացահայտ հովանավորչությամբ է կատարվել, որ ԿԳՄՍ նախարարությունն այժմ չի կարողանում օրենքով սահմանված կարգով տեղեկատվության հարցումներին պատասխանել: Պարզապես չգիտեն՝ ինչպես հիմնավորել բացահայտված կեղծիքները:
Ահա այս պարզ հարցերին, որոնց պատասխանները մի քանի րոպե են պահանջում, նախարարությունը 5-օրյա ժամկետի փոխարեն 30-օրյա ժամկետում է պատրաստվում պատասխանել:

Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ այս պարզագույն հարցերին պատասխանելու համար «լրացուցիչ աշխատանք» կատարելու պնդումը ծիծաղ է առաջացնում:

Խնդիրն այն է, որ ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, եթե հարցմանը պատասխանելու համար «լրացուցիչ աշխատանքի» անհրաժեշտություն կա, ապա 5-օրյա ժամկետում այդ անհրաժեշտության մասին հայտնելուց բացի պետք է նշվեն նաև դրա ՊԱՏՃԱՌՆԵՐԸ: Ինչպես տեսնում ենք, նախարարության պատասխանում պատճառները նշված չեն: Հասկանալի է, որ հարցերն այնքան պարզ են, որ դրանց հետ կապված լրացուցիչ աշխատանք կատարելու պատճառներ հորինելն ուղղակի անհնար է, ուստի կեղծիքը կոծկելու միակ տարբերակը օրենքի խախտումն է եղել:

Բայց, ինչպես արդեն բազմիցս ապացուցել ենք մեր պայքարի ընթացքում, կեղծիքները մեզանից կոծկել նույնիսկ օրենքի խախտումով է անհնար. նոր հարցումով ուսանողներից մեկն արդեն դիմել է նախարարին՝ խնդրելով 3 նախադասությամբ նկարագրել այդ «լրացուցիչ աշխատանքը», որի համար 30 օր են պահանջել:

Այս հարցմանը պարտավոր են պատասխանել 5-օրյա ժամկետում: Եվ թող միայն փորձեն այժմ պատասխանել, թե «լրացուցիչ աշխատանքի» իմաստը 3 նախադասությամբ նկարագրելու համար 30-օրյա «լրացուցիչ աշխատանք» է հարկավոր:
Կարծում ենք՝ արդեն բոլորն են հասկացել, որ անիմաստ է հուսալ, թե կեղծիքների և անարդարության դեմ մեր պայքարը կարող է ինչ-որ պահի դադարել:

Հուսով ենք, որ նախարարը շուտով ևս կապացուցի, որ հասկացել է, որովհետև հեղափոխության օրերին քննադատում էր երևույթներ, որոնք այժմ իր տեղակալի հետ միասին կյանքի է կոչում՝ մոռանալով սեփական խոսքերը:




Լրահոս