ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՄ, ԵՐԲ ԴԻՄԱԿՍ ՀԱԳՆՈՒՄ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է հասարակական-քաղաքական կյանքում առկա լճացման, մշակութային օրհասական խնդիրների եւ այլ հետաքրքիր հարցերի շուրջ:

 

-Էմմա՛, շատերն այն կարծիքին են, որ այսօր հասարակական-քաղաքական կյանքում լճացման փուլ է, որը չի կարող չանդրադառնալ նաեւ մշակութային կյանքի վրա: Որքանո՞վ են, ըստ Ձեզ, այս երկուսը փոխկապակցված:

-Չեն կարող փոխկապակցված չլինել, որովհետեւ ցանկացած մարդ ապրում է այն ժամանակաշրջանում եւ բախվում է առօրյա հոգսերին. եթե տեսնում է, եւ ցանկալի է, որ տեսնի ճիշտը, եթե լսում է, ցանկալի է, որ լսի ճիշտ, եւ ճիշտ վերլուծություններ անի: Այդ ճշմարտությունը բերում է մեկ այլ ճշմարտության, ինչը սկսում է քեզ խանգարել եւ թույլ չի տալիս բարձրաձանումներ անել, ինչ վիճակում որ ես հիմա գտնվում եմ:

– Այսօր Ձեզ որքանո՞վ է գոհացնում Հայաստանի ներկայիս մշակութային քաղաքականությունը:

-Անկեղծ ասած, կդժվարանամ  ասել. եթե նկատի ունենք վերջին ամիսները, ապա կասեմ բազմակետեր, քանի որ մենք կորցրեցինք շփումը մարդկանց հետ, աշխարհը մեզ թույլ չի տալիս եւ դեռ թույլ չի տա լսել իրական ալիքներ, ջերմություն, իրական աչքեր… Այսօր անհասկանալի է՝ ես ով եմ, ինչի համար եմ, ժամանակն էլ ինձ թույլ չի տալիս հասկանալ, թե ինչ բառերով պետք է լինի իմ խոսքը, այդ ինչ բառեր պետք է ընտրեմ, որ խոսեմ ժամանակի մասին: Ի՞նչ են ուզում լսել. թե ի՞նչ է իրականում ասում Էմման: Ասելիքներս շատ են, բայց դժվարանում եմ ասել….

-Ի՞նչն  է Ձեզ կաշկանդում ազատ խոսելու, ստեղծագործելու համար:

-Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպած «Արտակարգ համերգ» նախագծին երբ հրավեր ստացա մասնակցելու, ես ապրեցի, վերածնվեցի, հասկացա, որ այդ տեւական լռությունից հետո Էմման ասաց իր խոսքը: Ի՞նչ է հարկավոր արվեստագետին: Լավ, մեկ համերգ, ու էլի նստեցինք, հետո՞, ու հետո էլի բազմակետ: Ես չեմ ուզում բողոքել, դժգոհել. ես սիրում եմ աշխարհը, ես սիրում եմ այն ամենը, ինչի միջով որ անցել եմ: Գնահատում եմ իմ տարիների աշխատանքը:

-Մշակութային ի՞նչ խնդիրների վրա կառավարության ուշադրությունը կհրավիրեիք։

-Նախ եւ առաջ ցանկացած կառավարություն պետք է հասկանա, թե ինչն է կարեւոր երկրագնդի վրա, որն է մեր դեմքը, իմ կարծիքով՝ առաջին տեղում արվեստն ու գիտությունն են: Ցանկացած կառավարություն միշտ զուգահեռ պետք է անցկացնի, թե ինչքան գիտի այն մարդը, ով կարող է ասել, ես գիտեմ, ինձ համար նա վերջացած է: Ես շնորհակալ եմ աշխարհին, որ մեզ փակել էր մեր բնակարաններում՝ աշխարհը ճանաչելու, հասկանալու համար: Ինչո՞ւ համար ենք եկել աշխարհ, որ ի՞նչ անենք, որ միմյանց վիրավորե՞նք, որ շարունակե՞նք խանգարել իրար: Նայում էի անցած տարի կադրերը, թե ինչպես էր կանաչել Սեւանը, վերածվել ճահճային գոտու, լաց եմ լինում, եւ սա ամենուր է: Տա՛ Աստված, որ այս համաշխարհային ստոպը ավարտվի: Եթե ես խոսում եմ սխալ, ֆալշ, փողի համար, ես դա համարում եմ մեղք: Եթե ես դաստիարակում եմ սերունդ, բայց իմ երաժշտության մեջ սխալ երաժշտություն, սխալ խոսք է, հայհոյանք է, հայերենի կոտրտվածություն, ապա դա ամբարոյականություն է: Տեսեք՝ ինչքան լցված եմ. կա՛մ լուռ եմ, կա՛մ պայթում եմ: Հանգստանում եմ, երբ լուռ եմ, երբ դիմակս հագնում եմ: Աչքերս բացել եմ խոսում եմ նույն բանը տարբեր բառերով, բայց գաղափարը մեկն է՝ սերը, ազնիվը, գեղեցիկը:

 -Էմմա՛, Վերջին մի քանի տարին Ձեր ստեղծագործական ուղին կարծես երգարվեստից շեղվեց դեպի թատրոնը։ Այս շրջանում կա՞ որեւէ նոր աշխատանք, միգուցե նոր պիես։

-Չեմ կարող ասել՝ շեղվեցի դեպի թատրոնը: Դա էլի ես եմ՝ նոր դրսեւորմամբ, նոր պայթյուններով: Նոր աշխատանքներ կան, բայց առկա խնդիրները բլորիս դուռն է թակում, այնպես որ հիմա բոլորիս համար պաուզային շրջան է, որն ինձ համար շատ դրական լիցքեր բերեց:

-Ի՞նչ զգացողություններ, ապրումներ եք ունենում, երբ հասունանում է պահը Ձեր ներսում եղածը թղթին հանձնելու։

-Ես չեմ հասկանում, թե ինչ է դա, երբ է ինքը շնչում եւ արտաշնչում, այն, ինչը որ հանձնել ես թղթին: Ես դառնում եմ դիտորդ, եւ ինձ հետաքրքրում է՝ ինչպիսին է նրա աչքերը, սրտի աշխատանքը, մազերը: Ես սիրում եմ հեռանալ նրանից:

-Ինչպիսի՞ տրամադրություններ եք ունենում ստեղծագործելու ընթացքում, օրինակ՝ շատ ստեղծագործողներ, գրողներ սիրում են մենակություն։ Դուք ինչպիսի՞ միջավայր եք նախընտրում։

-Միայնությունը կարեւոր նախապայման է, շատ ավելի հաճելի է, չնայած կարող ես ականջներդ փակել եւ կրկին մենակ լինել:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ԵՐԳՉՈՒՀԻ ՋՈՒՍԸ՝ ՄՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ

Մոտ մեկ ամիս առաջ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները հրապարակումներ տարածեցին իրենց սոցիալական էջերում՝  խնդրելով օգնել երգչուհի Ջուսին, ում մոր մոտ ախտորոշվել էր քաղցկեղ ծանր հիվանդությունը՝ արդեն երրորդ աստիճանում:

 

Երգչուհին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է իր ապրումների, մոր ծանր հիվանդության եւ  դրամահավաքի մասին:

«Շատ դժվար էր հավատալ եւ ընդունել, որ մայրս ունի նման ծանր հիվանդություն, քանի որ մեր ընտանիքում նման հիվանդության դեպքեր չեն եղել: Ես մտածում էի, որ եթե քաղցկեղով հիվանդ է, ուրեմն վերջ, այլեւս ոչինչ հնարավոր չէ անել, բայց փառք Աստծո….: Դժվար էր. անալիզների համար անհրաշեշտ էր մեծ գումարներ, քանի որ անալիզները թանկ էին, իսկ հետո երկրում արտակարգ դրություն էր, մեր աշխատանքը՝ փակված, եւ ես հայտնվել էի անելանելի վիճակում: Ի դեպ,  ընկերներս որոշեցին ինձանից թաքուն նախաձեռնել դրամահավաք, որքան էլ որ դա ինձ համար դժվար էր»,- նշեց Ջուսը:

Երգչուհու փոխանցմամբ՝ դրամահավաքի արդյունքում հավաքվել է մոտ 800 հազար, որով Ջուսը հոգացել է մոր առողջության համար նախատեսված քիմիաթերապիայի, անալիզների ծախսերը:

«Կարծում եմ՝ այլեւս նման խնդիրներ չեն լինի, քանի որ ամսի 15-ից մենք նույնպես սկսելու ենք աշխատել: Իմ կարծիքով՝ սահմանափակումները լինեն, թե չլինեն, մեկ է, միմյանց տուն գնում են,  բակերում, խմբերով կանգնած, զրուցում են, համբուրվում են: Եվ մարդկանց մի զանգված կա, որ չի հավատում հիվանդությանը, եւ, իմ կարծիքով, ավելի շատ չեն հավատում, քան հավատում են»,-հավելեց երգչուհին:

 Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՄՐՑԱՇԱՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

Երեկ մեկնարկել է շախմատի «Ազգերի գավաթ» առցանց թիմային մրցաշարը: 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմնադրամով ստուգատեսում հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ- ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի եւ աշխարհի մնացած հավաքականները: Հայաստանի ընտրանին այս ստուգատեսին չի մասնակցի: Նախնական փուլում մրցակիցները կխաղան շրջանաձեւ մրցակարգով, որից հետո երկու լավագույն թիմերը լրացուցիչ մրցամարտում կորոշեն հաղթողին:

Եվրոպայի հավաքականում ընդգրկված է երեւանցի Լեւոն Արոնյանը: Մրցաշարում հանդես կգան գրեթե բոլոր առաջատարները, բացի աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենից: Մրցումները կավարտվեն մայիսի 10-ին:

 

ԱՌԱՋԱՐԿԵԼ Է

Ռուսական «Սոչի»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հավաքականում իր խաղընկեր, «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին առաջարկել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել «Սոչի»: «Մխիթարյանի հետ զրուցել եմ 2 շաբաթ առաջ: Քննարկեցինք նրա հնարավոր տեղափոխությունը «Զենիթ»: Հենրիխն ասաց, որ այդ մասին կարդացել է միայն մամուլում: Առաջարկեցի նրան տեղափոխվել «Սոչի, նա պատասխանեց, որ մենք բավականին հզոր կազմ ունենք, եւ չի կարծում, որ իր ներկայությունն անհրաժեշտ է ակումբին: Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ եթե «Սոչի»-ն շարունակի առաջընթաց գրանցել, Մխիթարյանին կհետաքրքրի այստեղ խաղալու տարբերակը»,-ասել է Ա. Կարապետյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոմա»-ն մոտ է Մխիթարյանի տեղափոխության հարցում «Արսենալ»-ի հետ վերջնական համաձայնության գալուն: «Ռոմա»-ում վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

 

 

ՈՐԱԿ ԱՊԱՀՈՎՈՂ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Կատալոնական «Բարսելոնա»-ի եւ Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Չավի Էրնանդեսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Նեյմարն աշխարհի լավագույն 3 կամ 5 ֆուտբոլիստներից մեկն է: Նա որակ ապահովող ֆուտբոլիստ է: Հուսով եմ, որ նա կվերադառնա «Բարսելոնա»: Ես հանդես եմ եկել նրա հետ եւ գիտեմ՝ նա ինչ մակարդակի խաղացող է»,-ասել է Չավին:

Հիշեցնենք, որ Չավի Էրնանդեսը «Բարսելոնա»-ի ակումբային ակադեմիայի սան է, հիմնական թիմում հանդես է եկել 1998-2015 թվականներին:

 

 

 




Լրահոս