Ինչ առաջարկ է ներկայացրել Արման Բաբաջանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրում է.

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԻՐԱԿԱՆ ՎԵԹԻՆԳԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԱՌՈՂՋԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ

Օրեր առաջ կառավարությունում կայացած քննարկման ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վարչապետին ներկայացնելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման ընթացքը, երկրի ղեկավարին ապացուցեց, համոզեց, թե ինչո՞ւ հնարավոր չէ իրականացնել դատավորների համատարած վեթթինգ, անցումային արդարադատություն, բարեվարքության կանոնների ներդրում։

Այդ քննարկմամբ, ըստ էության, ազդարարվեց դատաիրավական համակարգում հեղափոխության տապալումը, քանի որ առանց նշված գործիքների կիրառման հնարավոր չէ այդ ոլորտում հասնել արմատական բարեփոխումների։ Այն դեպքում, երբ բոլոր այդ ինստիտուտների ներդրումը եղել է հեղափոխությունից անմիջապես հետո ձևակերպված հանրային լայն պահանջ։

Ինքս՝ հեղափոխությունից անմիջապես հետո խոսել եմ այդ գործիքների կիրառման անհրաժեշտության, դրանց անխուսափելիության մասին և հանդես եմ եկել ու այսօր էլ հանդես եմ գալիս որպես դրանց ներդրման պահանջատեր։

Նշված գործիքների թվում ամենաէականը դատավորների շրջանում համատարած վեթթինգի իրականացումն է, թեև մյուս կառուցակարգերը նույնպես ունեն սկզբունքային նշանակություն։ Հետևաբար անթույլատրելի է վեթթիգնի հարցը որևէ պարագայում հանել հանրային–քաղաքական քննարկումների օրակարգից՝ համարելով, որ Արդարադատության նախարարի ներկայացրած հիմնազուրկ փաստարկները վերջակետ են դնում այս հարցում։

Ճիշտ հակառակը՝ հենց այդ ազդարարումից հետո պետք է ավելի լայն թափով լծվել վեթթինգի իրականացման հանրային պահանջի ձևակերպմանն ու հասնել դրա իրականացմանը։ Հետևաբար այդ նպատակով ես առաջիկայում նախաձեռնելու եմ դատավորների շրջանում վեթինգի իրականացման հանրային պահանջի ձևակերպման միասնական հարթակի ստեղծում, որում ներգրավված կլինեն քաղաքական, քաղաքացիական, մշակութային գործիչների ներկայացուցիչները, բոլոր այն ուժերն ու գործիչները, ովքեր համոզում ունեն, որ առանց վեթինգի հնարավոր չէ հասնել դատաիրավական համակարգի առողջացմանն ու մաքրմանը։ Այդ հարթակի ստեղծման վերաբերյալ նորություններով կկիսվեմ հաջոդիվ։




Լրահոս