«Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է ՀՀ վճռաբեկ դատարանում: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 27-ին դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան եւ միջնորդել բեկանել Վերաքննիչ դատարանի կողմից հունվարի 23-ին կայացված՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրին վերաբերող որոշումը: Խոսքն այն որոշման մասին է, որով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 18-ի որոշումը բեկանվեց, համաձայն որի՝ վերծանվել էին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը լրագրողական աղբյուրը բացահայտելու համար:
Իսկ ինչպե՞ս զարգացան իրադարձությունները. 2019 թվականի մարտ ամսին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց «Մարտի 1»-ի գործով անցնող մի շարք նախկին պաշտոնյաների՝ Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վլադիմիր Գասպարյանի եւ շատ այլոց տված նախաքննական ցուցմունքները:
Դա արվեց այն ժամանակ, երբ ՀՔԾ-ն պաշտոնապես հայտարարեց նախաքննության ավարտ: Սակայն քննչական այդ մարմինը հրապարակավ հայտարարեց, թե լրագրողը օրենք է խախտել ու նախաքննական գաղտնիք հրապարակել: Այդ հայտարարությանը հետեւեցին կոնկրետ գործողություններ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների գաղտնազերծմանն ուղղված կոնկրետ քայլեր սկսեց իրականացնել. քրեական գործ հարուցվեց, մի քանի անգամ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող, գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը հրավիրվեց հարցաքննության, որի ընթացքում պահանջում էին բացահայտել լրագրողական աղբյուրը, սակայն լրագրողը հրաժարվեց բացահայտել իր աղբյուրը:
ՀՀ ՀՔԾ-ն անգամ վերծանեց Քնար Մանուկյանի անձնական հեռախոսահամարի ելքային եւ մուտքային զանգերը, որպեսզի պարզի՝ ով կարող էր «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները լրագրողին տալ:
Քնար Մանուկյանն անմիջապես այդ գործողությունները բողոքարկեց Վերաքննիչ դատարանում: Եվ 2020 թվականի հունվարի 23-ին ՀՀ վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, բավարարեց Քնար Մանուկյանի բողոքը՝ հայտարարելով, որ ՀՔԾ-ի գործողություններն ապօրինի են եղել:
Եվ, ահա, Վերաքննիչ դատարանի որոշումից մեկ ամիս անց անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բողոքարկեց կայացված վճիռը՝ Վճռաբեկ դատարանին միջնորդելով բեկանել լրագրողի օգտին կայացված դատավճիռը։ Այս միջնորդությունն ուշագրավ է այնքանով, որ այն արվել է անձամբ գլխավոր դատախազի կողմից: Ընդգծենք, որ շատ հազվադեպ է եղել, երբ որոշումը բեկանելու միջնորդություն ներկայացնում է հենց գլխավոր դատախազը. սովորաբար դա անում են նրա տեղակալները։ Ուսումնասիրելով իրավիճակը՝ կարող ենք արձանագրել, որ անձամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից նման միջնորդություններ եղել են՝ կապված «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու եւ Մուշեղ Սաղաթելյանի արդարացման վերաբերյալ քրեական գործերի հետ: Ստացվում է՝ Դավթյանն անձամբ է հանձն առել զբաղվել «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրի գործով:
Եվ, ահա, 2020 թվականի ապրիլի 17-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի, Համլետ Ասատրյանի, Սերժիկ Ավետիսյանի, Ելիզավետա Դանիելյանի, Սամվել Օհանյանի, Արթուր Պոսղոսյանի գլխավորությամբ, քննարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունվարի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը եւ որոշում կայացրել:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը պարզել է, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, եւ թույլատրվել է «ՄՏՍ Հայաստան», «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲ եւ «Յուքոմ» ՍՊ ընկերություններից ստանալ Քնարիկ Մանուկյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարի` 2019 թվականի փետրվարի 1-ից մինչեւ 2019 թվականի մարտի 14-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի մուտքային եւ ելքային հեռախոսազանգերի վերծանումները եւ բաժանորդների անհատական տվյալները:
Դիմող Քնարիկ Մանուկյանի եւ ներկաայցուցիչ Գ. Մկրտչյանի՝ Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2020 թվականի հունվարի 23-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի ապրիլի 18-ի որոշումը բեկանել է, նախաքննության մարմնի միջնորդությունը՝ մերժել:
Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ Վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ խնդրելով բեկանել այն եւ կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով Քնարիկ Մանուկյանի եւ նրա ներկայացուցիչ Գեւորգ Մկրտչյանի բողոքը:
Ըստ վճռաբեկ դատարանի դատավորների՝ բողոք բերած անձը փաստարկել է, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ կետերով սահմանված հիմքերը, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եւ առերեւույթ առկա է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում: Այսինքն՝ գլխավոր դատախազի կողմից բերված փաստարկները համոզիչ չեն եղել ՀՀ վռաբեկ դատարանի համար, ինչի արդյունքում դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել լրագրողի օգտին կայացված որոշման բողոքը:
ՀՀ վռաբեկ դատարանի կողմից կայացված այս որոշումը կարելի է համարել նախադեպ, որը կարող է օգտագործվել լրագրողների կողմից իրենց իրավունքները պաշտպանելու համար: ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորները իրենց կայարած որոշումով փաստացի հայտարարեցին, որ լրագրողներին իրենց աղբյուրը բացահայտելու համար գաղտնալսելը, հեռախոսային խոսակցությունները վերծանելը անթուլատրելի է, ապօրինի: Սա նշանակում է, որ ՀՀ ՀՔԾ-ն՝ ի դեմս պետ Սասուն Խաչատրյանի, ապօրինություն է թույլ տվել, որի համար պետք է պատասխանատվություն կրի, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որին ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց:
Այդ որոշումը, կարելի է ասել, հաղթանակ է ՀՀ-ում գործունեություն ծավալող բոլոր լրագրողների համար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՉ ՍԹԱՓ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը կախվել է պատշգամբից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ քաղաքացի Արա Գ.-ն (ծնված 1973 թ.) գտնվել է ոչ սթափ վիճակում, նստել է պատշգամբին եւ հրաժարվել է իջնել: Ավելի ուշ փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ պատշգամբից ներս բերել քաղաքացուն:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Երեկ քաղաքացին մուտք է գործել Երեւանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող թիվ 19 պոլիկլինիկա եւ սպառնացել է ինքնասպանություն գործել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ քաղաքացի Հայկ Ա.-ն (ծնված 1983թ.) փակվել է պոլիկլինիկայի սենյակներից մեկում եւ սպառնում է վնասել իրեն ապակու կտորով: Հոգեբանը քաղաքացու հետ անցկացրել է հոգեբանական զրույց, այնուհետեւ ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են քաղաքացուն:
ՀԱՐՁԱԿՈՒՄ ԲԱՆԿԻ ՎՐԱ
Երեկ՝ ժամը 10:40-ին, զինված անձը մտել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի «ՎՏԲ» բանկ: Շենքի դիմաց հավաքված մարդիկ ArmLur.am-ին պատմել են, որ զինված անձը մտել է բանկ, զենք պահել աշխատակիցներից մեկի վրա, գումար պահանջել: Սակայն մենք տեղեկացանք, որ բանկից որեւէ գումար նա չի տարել. երբ մտել է ներս, աշխատակիցներն աղմուկ են բարձրացրել, եւ նա թողել հեռացել է՝ այդպես էլ գումար չտանելով: Ավելին, մենք տեղեկացանք, որ նա բանկ է մտել խաղալիք ատրճանակով:
Հավելենք, որ վերջին շրջանում շատացել են բանկերի վրա հարձակումները, եւ «ՎՏԲ»-ն կարծես թե ամենամեծ թիրախն է: Ականատեսների խոսքով՝ նա եղել է կարմիր վերարկուով եւ դեպքի վայրից փախուստի է դիմել:
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ
Արմեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել: Նա, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւան քաղաքի փրկարար վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատարի պաշտոնը, ունենալով փրկարար ծառայության ավագի հատուկ կոչում, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ հանձնելով կեղծ փաստաթղթեր:
ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ
Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Պաշտպանության Բանակի զինծառայող Սասուն Մարգարյանի մահվան դեպքից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՊԲ պահպանության տեղամասում վիճաբանություն է եղել, զինվորները ճիշտ ու սխալի հարց են լուծել: Ավելին, զինվորների վիճաբանությունից տեղյակ է եղել դիրքի ղեկավար կազմը, սակայն, դատելով իրավիճակից, որեւէ միջամտություն չեն ցուցաբերել, ինչի հետեւանքով զինվորը, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Պաշտպանության Բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2001թվականին ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: