ԱՄՆ Միջազային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջև մայիսի 13-ին ստորագրվել է Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխությունը, որով համաձայնագրի ներքո տրամադրվող օժանդակությունն ավելացվել է 11,5 միլիոն ԱՄՆ դոլարով։ Այս մասին հայտնում էն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից:
Այս փոփոխությամբ 2013 թվականին ստորագրված համաձայնագրով հատկացվող օժանդակության ընդհանուր գումարը դարձել է 51,4 միլիոն ԱՄՆ դոլար։ Համաձայնագիրը միտված է աջակցելու ժողովրդավարական կառավարման լայնամասշտաբ բարեփոխումներին, որոնք իրականացվում են թափանցիկությանն ու հաշվետվողականությանն ուղղված նախաձեռնությունների խթանման, տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման, ինչպես նաև մասնակցային ու ներառական ընտրական և քաղաքական գործընթացների ու իրավունքի գերակայության միջոցով։