ArmLur.am-ի տեղեկություններով` այսօր Արցախում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ, ում գլխավորած ուժն այժմ երկրորդն է Արցախի խորհրդարանում:
Մեր տեղեկություններով` հանդիպումը կապված է Բաբայանի՝ առաջիկայում պաշտոն ստանալու հետ: Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա նշանակվելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար՝ այդ պաշտոնում փոխարինելով Վիտալի Բալասանյանին: Գրել էինք նաև, որ այդ լուրն իսկական շոկ է լինելու շատերի համար: Եվ թերև չի բացառվում, որ հանդիպման ժամանակ փորձ է արվելու հավաստիացումներ ստանալ, թե ինչպես է աշխատելու Բաբայանն այդ պաշտոնում և կա արդյոք որևէ անհանգստանալու կարիք թե ոչ:
Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմեց «Միասնական հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Անուշ Դոլուխանյանի հետ, որը մեզ հետ զրույցում միայն նշեց, թե առաջին անգամ հանդիպման մասին մեզանից է լսում: Իսկ ահա ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշեց, թե նման հանդիպում չի նախատեսվում: