Մայիսի 24-ի վաղ առավոտից Սյունիքի մարզի Կապան քաղաքում լարված իրավիճակ էր: Չնայած արտակարգ դրությանը և հավաքներ անելու արգելքին, բավական մեծ թվով մարդիկ են հավաքվել ոստիկանության Կապանի բաժանմունքի մոտ։ Իսկ պատճառն էլ օրեր առաջ տեղի ունեցած խուզարկություններն ու դրա հետևանքով կատարված ձերբակալություններն էին: ArmLur.am-ը ևս գրել էր, որ օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել մի քանի համայքապետերի բնակարաններում, այդ թվում Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի բնակարաններում: Երեկ ամբողջ օրը՝ մինչև ուշ գիշեր, քաջարանցիները հավաքված են եղել Ոստիկանության Կապանի բաժնի մոտ, մինչև ձերբակալված անձանց չտեղափոխեցին Երևան:
ArmLur.am-ն այսօր զրուցել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է այժմ քաղաքում:
-Պարո՛ն Փարսյան, ինչ իրավիճակ է այժմ քաղաքում:
-Հիմա իրավիճակը հանգիստ է: Առավոտից որևէ բողոքի ակցիա չի եղել, ոչ ոք չի հավաքվել: Ոչինչ չի շարունակվում, ամեն ինչ հանգիստ է, պարզապես ոստիկաններ, ոստիկանական մեքենաներ կան քաղաքում, շրջում են, ծանոթանում են իրավիճակին, աշխատանքներ են իրականացնում:
– Ձեր բնակարանում ևս խուզարկություն էր իրականացվել: Դուք ի՞նչ կապ ունեք դեպքերի հետ:
-Այո՛, իմ բնակարանում մոտ երեք շաբաթ առաջ խուզարկություն էր իրականացվել: Նույն օրը, նույն ժամին՝ ինչ մյուսների բնակարաններում:
-Իսկ ի՞նչ է հայտարարվել՝ ինչո՞ւ է Ձեր բնակարանում խուզարկություն իրականացվել:
-Քրեական գործի հետ է կապված: Դրա շրջանակներում ինչ-որ բաներ էին փնտրում այն բնակարանում, որտեղ հաշվառված է եղբայրս, սակայն նա արդեն տասը տարի է՝ այնտեղ չի բնակվում: Բնակվում եմ արդեն ես: Բայց ո՛չ ես, ո՛չ իմ եղբայրը որևէ կապ չունենք քրեական գործերի հետ: