«Ժողովուրդ» օրաթերթը երգչուհի Լիդուշիկի հետ զրուցել է առաջիկա ծրագրերի, ինչպես նաեւ առաջին անգամ հեռուստասերիալում նկարահանվելու մասին:
-Լիդուշի՛կ, վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չեք։ Ի՞նչ նորությններ ունեք Ձեր երկրպագուների համար։
-Չէի ասի, որ ակտիվ չեմ։ Պարզապես զբաղվածությունս հիմա շատ է, քանի որ ես այժմ իմ գործի հետ մեկտեղ ուսանող եմ՝ սովորում եմ կոնսերվատորիայի 2-րդ կուրսում։ 2019-ին ունեցել եմ նոր տեսահոլովակ, երկու մենահամերգ՝ Գյումրիում եւ Նոյեմբերյանում, ինչպես նաեւ համերգային հրավերով եղել եմ Փարիզում, Մոսկվայում եւ Լոս Անջելեսում։
-Տեսահոլովակի պրեմիերա, միգուցե նոր զուգերգ սպասվո՞ւմ է։
– Նոր տեսահոլովակներ ծրագրված ունեինք, որոնք պետք է արդեն նկարահանված լինեին, սակայն կորոնավիրուսի հետ կապված մի քանի ամսով բոլորիս ծրագրերը հետ ընկան։ Իսկ նոր զուգերգ՝ ոչ, չի սպասվում։
-Դուք, նկարահանվում եք նաեւ «Խաբկանք» հեռուստասերիալում։ Ինչպե՞ս եղավ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը։
-Այս տարի Ամանորին մեկ ամսով մեկնել էի ԱՄՆ։ Երբ այնտեղ եմ լինում, բնականաբար աշխատում եմ հանդիպել իմ բոլոր ընկերների ու ծանոթների հետ եւ այդ հանդիպումներից մեկն էլ իմ շատ սիրելի Անուշիկ Պետրոսյանի հետ էր, ով հանդիսանում է սերիալի սցենարիստը։ Նա առաջարկեց ինձ նկարահանվել սերիալում, ներկայացրեց իմ կերպարը եւ այն ինձ շատ դուր եկավ։ Այնուհետեւ, երբ արդեն Հայաստանում էի, մեզ հետ կապվեց USArmeniaTV-ի տնօրենը եւ ավելի հստակ ներկայացրեց սերիալում իմ դերը։
-Նախկինում երբեւէ նման փորձ ունեցե՞լ եք։
-Ես ֆիլմում նկարահանվելու փորձ արդեն ունեի, ի դեպ ուզում եմ նշել, որ այդ ֆիլմի սցենարիստը նույնպես եղել է Անուշիկ Պետրոսյանը, որտեղից էլ նրան սկսեցի ճանաչել։ Սակայն սերիալում նկարահանվելու իմ առաջին փորձը սա է։
-Որեւէ մտավախություն չունե՞ք, որ սերիալային աշխարհը կարող է Ձեզ շեղել այն հիմքից, որը դեռ փոքր հասակից եք դրել։
-Ո՛չ, չի կարող։ Ես դա վստահ կարող եմ ասել։ Ես երգչուհի եմ ու չեմ ցանկանա, որ ինձ որպես դերսանուհի ճանաչեն։
-Մի փոքր կպատմե՞ք Ձեր կերպարի մասին, որը մարմնավորում եք։
-Մի փոքր բացեմ փակագծերը հանդիսատեսի համար ու ասեմ, որ իմ կերպարը մարմնավորում է հենց ինձ՝ ուրախ, աշխույժ երգչուհու կերպար։
-Այլ ֆիլմերում, կամ հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ ունե՞ք։
-Ո՛չ, չունեմ դեռևս։
-Լիդուշի՛կ, Ձեր լավագույն երգերը մանկական երգերն են, որով եւ Ձեզ այսօր ճանաչում եւ սիրում են, «Փոքրերի աշխարհից» տեղափոխվելով մեծերի աշխարհ, ի՞նչ նոր բացահայտումներ արեցիք Ձեր համար, որ մինչ այդ չէիք նկատել։
-Բացահայտումն այն է, որ ինչքան էլ լինեմ մեծերի աշխարհում, բոլորի համար ես մնում եմ նույն Լիդուշիկը:
-Բոլոր տարիների երգիչ-երգչուհիները խոսում են շոու-բիզնես մուտք գործելու իրենց դժվարին ճանապարհի, թիկունքից հարվածողների մասին։ Դուք ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել։
-Առհասարակ, եթե մարդը որեւէ նպատակ ունի ու ձգտում է հասնել իր նպատակին իր ուժերով, ճանապարհին ունենում է մեծ դժվարություններ, լինում են հեշտ ճանպարհ գտած մարդիկ, ովքեր կարող են ազդեցություն ունենալ եւ ամեն կերպ փակել քո ճանապարհը, եւ նման մարդիկ հիմնականում թիկունքից են հարվածում։ Նրանք եղել են, կան ու կարծում եմ կլինեն, քանի դեռ ես շարունակում եմ քայլել իմ ճանապարհով։
-Ո՞րն եք համարում Ձեր հաջողության բանաձեւը։
-Պարզությունն ու անկեղծությունը:
-Կորոնավիրուս համաճարակի պատճառով մարդիկ այսօր կյանք ու մահվան դեմ պայքարում են։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք: Ինչպե՞ս կհաղթահարենք։
– Կորոնավիրուսի հաղթահարման տարբերակը մեկուսանալն ու սահմանափակումներն էին, որոնք իրենց արդյունքը չտվեցին մեր երկրում։ Հաղթահարելու այլ եղանակ չկա, ամեն մարդ ինքը պիտի լինի զգույշ եւ բարձրացնի օրգանիզմի դիմադրողականությունը։
-Սահմանափակումների թուլացումի հետ վարկաված քաղաքացիների թիվը կտրուկ ավելացավ։ Ի՞նչ եք կարծում ճի՞շտ էր արդյոք սահմանափակումների թուլացումը:
-Սահմանափակումները կիրառելու երկու ամիսներին պետք էր ավելի խիստ լինել, մարդիկ շարունակում էին հավաքույթներ, շփումներ փողոցներում, բակերում։ Իսկ հիմա սահմանափակումները պետք է հանվեին, քանի որ մարդիկ ապրելու համար պիտք է աշխատանքի գնան։ Պարզապես պետք է ամեն մարդ գիտակցի, որ ժամանակ անցկացնելու կամ զվարճանալու համար պետք չէ տանից դուրս գալ եւ վտանգել ուրիշների կյանքը։
Զրուցեց Լիդա Եղիազարյանը