Իտալական Սերիա Ա-ի կազմակերպիչները հաստատել են մրցաշրջանի վերսկսման օրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դեռևս մարտին ընդհատված առաջնությունը կվերսկսվի հունիսի 13-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է շարունակվել հունիսի 13-ին կամ 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները: Իտալական մի շարք ակումբներ` «Կալյարին», «Ատալանտան», «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Սամպդորիան», «Վերոնան» և «Ջենովան», չեն ցանկանում մարզվել: Ակումբների ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստների և թիմերի սպասարկող անձնակազմերի համար նախատեսված անվտանգության նորմերից, ըստ որոնց, եթե որևէ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա թիմն ամբողջապես պետք է երկշաբաթյա մեկուսացման անցնի:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: