Գուլակյանների ընտանիքը բնակվում է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում՝ պետական սահմանից 12 կմ հեռավորության վրա:
Բարեկարգ տուն ունենալը նրանց համար ոչ թե հարմարավետության, այլ անվտանգության խնդիր է: Ավելի քան ինը տասնամյակ
առաջ կառուցված շինությունն ամուր հիմքեր ու պատեր ունի, սակայն կա տանիքի փլուզման վտանգ: Երկու տարի առաջ,
գարնանային հորդառատ անձրևներից պոկվել է խոհանոցի առաստաղն ու լուրջ մտահոգվելու առիթ տվել:
«Տանիքում մեծ քանակությամբ հող կար կուտակած. ժամանակին այդպես են կառուցել: Տարիների ընթացքում, հողը
խոնավությունից ծանրացել էր: Մի օր էլ առաստաղը պոկվեց և ամբողջ հողը ներքև թափվեց: Հիմա նույն վտանգը սենյակներից
մեկում էլ կա: Անհանգստանում ենք: Այդ մասում որևէ գործ չենք ձեռնարկում, որովհետև տանիքն ամբողջությամբ կառուցելու
անհրաժեշտություն ունի»,-ասել է երիտասարդ տանտիրուհին՝ Զարինեն:
Տանտերը՝ զինվորական Հարությունը, երեք դուստրերի և կնոջ հետ, արդեն 17 տարի ապրում է հորաքրոջ տանը: Աշխատանքի
բերումով, ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում մենակ թողնել ընտանիքն և լուրջ տագնապ է ապրում մինչև իր վերադարձը:
Երիտասարդ տանտերը բացակայում էր նաև նկարահանման պահին:
Տանիքը կրկին կարող է փլուզվել, սակայն Հարությունը գտել է վտանգը կանխելու ճանապարհը: Խնդիրը ներկայացվել է
բնակարանաշինության ծրագրի շրջանակում գործակցող կազմակերպություններին: Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր
տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, մինչև տարեվերջ տանիքը կկառուցվի: Հեռավոր մարզում ապրող ևս մեկ ընտանիք
կազատվի տարիների խնդրից: Տանտիրուհին՝ Զարինեն, վստահեցնում է, որ թև ու թիկունք է լինելու ամուսնուն: Իսկ մինչև
նպատակի իրականացումը, զբաղվում է դուստրերի կրթությամբ՝ ինքն էլ հետ չմնալով նրանցից: Այժմ նա հեռակա բարձրագույն
կրթություն է ստանում՝ նաև օրինակ ծառայելով աղջիկներին: