Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ձերդ Վսեմություն,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ ԱՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ քաջակորով առողջություն և ամենայն հաջողություն՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի:
Վստահ եմ, որ Ձեր բազում տարիների կուտակած քաղաքական փորձը և գիտելիքները ամբողջովին ի սպաս կդնեք օրենսդիր դաշտի էլ ավելի կատարելագործմանը, ինչն իր հերթին նպաստավոր կդառնա մեր երկրի բարգավաճմանն ու անվտանգությանը»:
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ևս շնորհավորել է 7-րդ գումարման ԱԺ նորընտիր նախագահին.
«Հարգելի պարոն Թովմասյան,
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հաջողություն մաղթելով Ձեզ այս պատասխանատու պաշտոնում՝ համոզված եմ, որ ջանք և եռանդ չեք խնայի՝ ի նպաստ Արցախի Հանրապետության խաղաղ, անվտանգ և ապահով զարգացման:
Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն Թովմասյան, խորին հարգանքիս հավաստիքը»,- ասված է ուղերձում:
Նորընտիր ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձներ է ստացել նաև ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից և ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից: