Հայաստանի եւ Իրանի պետական մարմինների ներկայացուցիչների միջև տեսակոնֆերանս է անցկացվել։ Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։
«ՀՀ կողմից բանակցությունները վարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, իսկ ԻԻՀ կողմից՝ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Համիդ Զադբումը: Քննարկմանը մասնակցեցին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը և կողմերի մի շարք այլ ներկայացուցիչներ:
Բանակցությունների օրակարգում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խնդիրն էր (մասնավորապես՝ ապրանքափոխանակության տարբեր մեխանիզմների կիրառման միջոցով)՝ համաձայն ս.թ. ապրիլի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության:
Քննարկվեցին «գազ-ապրանք» և «ապրանք-ապրանք» փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունները, և կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին այդ ուղղությամբ միմյանց ներկայացնել հստակ առաջարկություններ:
Տեսակոնֆերանսի մասնակիցները համաձայնության եկան կանոնակարգել նմանատիպ քննարկումների անցկացումը և առաջարկություններ ներկայացնել երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի համատեքստում առաջիկա անելիքների ուղղությամբ»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։