Armlur.am-ի տեղեկություններով` Աժ «Իմ քայլը» խմբակցության այսօրվա նիստն անցել է թեժ մթնոլորտում և բուռն քննարկումների ներքո: Մենք գրել էինք, որ հավաքվելու և նիստ անցկացնելու հիմնական առիթը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն էր, որով նա քննադատում էր իշխանություններին` ասելով, թե ձախողել են:
Եվ ահա, մեր տեղեկություններով, նիստի ժամանակ քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության առաջիկա մարտավարությունը: Մենք տեղեկացանք, որ որոշում է կայացվել հակահարված տալ, քննադատել Ծառուկյանին, նրան հիշեցնել իր անցյալը, մութ կողմերը և դարձնել Սերժ Սարգսյանի նման մերժելի։ Եվ թերևս նաև դա է պատճառը, որ նիստից անմիջապես հետո պատգամավոր Սիփան Փաշինյանը կետեր ներկայացրեց և նշեց, թե ինչում են իրենք անփորձ` ակնարկելով Ծառուկյանին: Սակայն առաջիկայում նման մեկնաբանությունները մշտական են լինելու: Բոլոր պատգամավորները մեկիկ-մեկիկ պետք է Ծառուկյանի մասին խոսեն՝ բնականաբար բացասական հնչերանգներով։