Թու, թու, թու, սատանի ականջը խուլ. ինչպես են Տեղ գյուղում պաշտպանվում կորոնավիրուսից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղում հանդիսությունների սրահը կապարակնքված է, իսկ մանկապարտեզները՝ փակված: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց Տեղի գյուղապետ Ներսես Շադունցը:

-Պարոն Շադունց, Տեղի բնակիչներն ինչպե՞ս են պաշտպանվում կորոնավիրուսից, հետեւո՞ւմ են պարետատան ցուցումներին, թե՞ ոչ:

-Գյուղական բնակավայրերը մի համեմատեք քաղաքային բնակավայրերի հետ: Մարդիկ այս օրերին զբաղված են բերքահավաքով, այգիներով, դաշտերով: Ընդհանուր հավաքույթներ տեղի չեն ունենում, թաղումներն արգելել ենք, հուղարկավորությունները բազմամարդ չեն անցնում, հոգեհանգստի հացին, եթե նախկինում մասնակցում էին 300-400 հոգի, հիմա հասնում է մինչեւ 15-20-ի: Ծնունդ, կնունք, հարսանիք, նման բաները վերացած են, չենք թողնում, հանդիսությունների դահլիճը փակ է, պլոմբած է, չի աշխատում, մանկապարտեզը եւս փակ է: Մարդիկ էլ են արդեն գիտակցում, որ արգելվում է: Մենք միջբնակավայրային, ներհամայնքային ճանապարհները մի քանի անգամ ախտահանել ենք:

-Ինչո՞ւ է մանկապարտեզը փակ…

-Մանկապարտեզները բացվեցին, բայց ծնողկոմիտեն խորհրդակցություն արեց, ինչի արդյունքում ծնողները հրաժարվեցին երեխաներին բերել մանկապարտեզ, դարձյալ փակեցինք: Դպրոցի աշակերտներն էլ օնլայն են սովորում:

-Պարոն Շադունց, հեռավար կրթությունն արդարացնո՞ւմ է…

-Ես մի բան ասեմ՝ խորհրդային տարիների դպրոցում սովորած մարդ եմ, չեմ կարող ասել, որ երեխան օնլայն այն կրթությունը կստանա, ինչպես դպրոցի ներսում: Մի բանը, որ չես տեսնում, չես լսում… ուսուցիչը որ առաջին դասարանի աշակերտի ձեռքից չբռնի տառ գրելը սովորեցնի…, չգիտեմ: Բայց ընդհանուր առմամբ, փառք Աստծո՝ մեր բնակավայրում չունենք այդ կարգի բաներ: Մենք ի սկզբանե աշխատանքային խմբեր ենք ձեւավորել, վարչական ղեկավարը, ավագանու անդամը, օպերատորը եւ բուժքույրը:

-Տեղում կորոնավիրուսով վարակվածնե՞ր կան:

-Փառք Աստծո մենք չունենք, այս պահին կորոնավիրուսով վարակված: Թու, թու, թու, սատանի ականջը խուլ… Հենց դրսից մարդ է գալիս արագ արձագանքման խումբը (վարչական ղեկավարից, բուժքրոջից, օպերատորից եւ ավագանու անդամից կազմված-Ս.Հ.) տեղեկացնում են մեզ, իսկ համայնքապետարանն անմիջապես ծանուցում է ուղարկում այդ մարդուն եւ պարտադրում 14 օր մեկուսանալ:

-Իսկ այս պահին մեկուսացված ունե՞ք:

-Այս պահին մեկուսացված չունենք: Հիմա գնացող-եկող չկա, ամեն մարդ իր բերքահավաքով է զբաղված:

-Պարոն Շադունց, բերքահավաքի ժամանակ դիմա՞կ կրում են:

– Դրսում, այգում ի՞նչ դիմակ կրեն. մարդն իր այգում ծառերի տակ փորում է կամ խոտ է հավաքում, ի՞նչ դիմակ կրի: Այդ մարդը մաքուր օդից լա՞վ բան է շնչելու, որ դիմակ կրի…

-Բայց հանրային տարածքներում պարտադիր է…

-Չէ բայց եթե հավաքվեն մի քանի հոգով իրար կողքի, իրենք էլ են գիտակցում, որ ոչ միայն դիմակ կրելն է պարտադիր, այլեւ՝ սոցիալական հեռավորություն պահելը:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս