Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Ազգային Ժողով: Դրանցից մեկով նա առաջարկում է համաձայնություն տալ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն, իսկ մյուսով նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն:
Այսպիսով, Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդագիրը բաղկացած է 7 էջից: Նշվում է, որ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն քվեներ է ստացել ընտրակաշառքով և անհրաժեշտություն է առաջացել այս գործով Ծառուկյանին ներգրավել որպես մեղադրյալ:
Փաստաթղթին կարող եք ծանոթանալ՝ այստեղ
Մյուս միջնորդությունն էլ բաղկացած է 10 էջից, որտեղ արդեն ներկայացվում է պատգամավորին ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը:
Փաստաթղթին կարող եք ծանոթանալ՝ այստեղ
Հավելենք, որ Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն,
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. փետրվարի 1-ին հարուցված և վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց։
Կազմակերպված խմբի համակարգված և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման և կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը, իսկ ընտրողներին տրված կաշառքի վերաբերյալ կազմված ցուցակներում նշվել են նրանց անուն ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը և դրան համապատասխան տրամադրվող գումարը՝ յուրաքանչյուր անձին 10․000 ՀՀ դրամ։
Կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց միջոցով ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանի և կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից տրամադրված միջոցների հաշվին քաղաքական կուսակցությունների դաշինքին և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքի ընտրողներին 17194 քվեի համար տրվել է ընդհանուր 171.940.000 ՀՀ դրամ կաշառք։