Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը.
Այո, Իլհամ Ալիեւի լեզուն երկարել է, որովհետեւ ի տարբերություն երկուսուկես տարի առաջվա, նա տեսնում է, որ այսօր Հայաստանի իշխանության եւ ժողովրդի թիկունքում գործում է հինգերորդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սերժ Սարգսյանի ընտանիքը: Եւ հետաքրքիրն այն է, որ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի գնահատականները գրեթե նույնական են:
Հայաստանյան հայտնի կոռուպցիոներները, որոնք անցնում են հայտնի քրեական գործերով, քաղաքական հալածյալ են ինչպես Իլհամ Ալիեւի այնպես էլ Սերժ Սարգսյանի համար, ՀՀ Սահմանադրության մեջ տեղի ունեցած վերջին փոփոխությունները ապօրինի են ինչպես Իլհամ Ալիեւի, այնպես էլ Սերժ Սարգսյանի համար, Հայաստանում դիկտատուրա է հաստատված ինչպես Ալիեւի, այնպես էլ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, Հայաստանում զանգվածային կոռուպցիա է տիրում ինչպես Իլհամ Ալիեւի, այնպես էլ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, ՀՀ վարչապետի ընտանիքի անդամները ռեկետով են զբաղվում, ապօրինի հարստություններ են դիզում ինչպես Իլհամ Ալիեւի, այնպես էլ Սերժ Սարգսյանի կարծիքով, Հայաստանի կողմից զենքի ձեռքբերման գործարքները կասկածի տակ են դրվում ինչպես Իլհամ Ալիեւի այնպես էլ Սերժ Սարգսյանի կողմից:
Ուշագրավ է, որ Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը օգտագործում են նույնական ստահոդ տեքստեր: Պետք է միայն ճշտել, թե այդ տեքստերը Իլհամ Ալիեւ՞ն է գրում Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների համար, թե Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները՝ Իլհամ Ալիեւի համար: Համենայնդեպս, այս ողջ պատմության մեջ Ալիեւ եւ Սարգսյան ընտանիքների ընդհանուր հետաքրքրությունները ակնհայտ են:
Ի դեպ, հիմա Իլհամ Ալիեւի լեզուն է երկարել, 2016 թվականին երկարել էին նրա ձեռքերը: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը վիզը ծուռ խոսում էր 80-ականների զենքերի մասին, այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վիզը ծուռ խոսում է մեր առաջնագծի այնպիսի վիճակի մասին, որը Ադրբեջանի զինուժին զրկում է գործելու հնարավորությունից:
Սերժ Սարգսյանը անդրադարձ է կատարել նաեւ ազգային-ապազգային դիսկուրսին, ինչպես նաեւ օգտագործել է Հայոց փառապանծ բանակի անունը: Ակնհայտ է, որ Հայոց փառապանծ բանակի սպաները տեսնում են, թե ինչ զենքերով էին իրենք պաշտպանում հայրենիքը 2017-ին, ինչ զենքերով են պաշտպանում հիմա, տեսնում են ինչքան աշխատավարձ էին ստանում 2017-ին, ինչքան աշխատավարձ են ստանում հիմա, զինվորները տեսնում են ինչ հագուստ ու կոշիկ էին հագնում 2017-ին, ինչ հագուստ ու կոշիկ են հագնում հիմա, ինչ սնունդով էին սնվում 2017-ին, ինչ սնունդով են սնվում հիմա, եւ ընդամենը սա բավարար է հասկանալու համար, թե որն է ազգային եւ որը ապազգային իշխանությունը:
Սեփական ժողովրդին թալանած ղեկավարը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, իրավունք չունի խոսել ազգային արժեքներից: Նա ավելի լավ է բացատրություն տա, թե որտեղից իրեն, իր ընտանիքի անդամներին հարյուրավոր միլիոն դոլարների կանխիկ միջոցները եւ ունեցվածքը: Եւ ինչու է նրա եւ նրա խմբի կողմից Հայաստանի կառավարման պատմությունը դարձել թալանի, կոռուպցիայի, խայտառակության պատմություն:
Ինչ վերաբերվում է սեփական կոռումպացված թիմին եւ հաճախորդներին քաղաքական լավատեսություն ներշնչելու ՀՀԿ նախագահի փորձերին, կարծում ենք պարոն Սարգսյանը քաղաքականության մեջ իր վերջին խոսքը ասել է 2018 թվականին (մեջբերում). «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» (մեջբերման ավարտ):