«Support Armenia Fund»-ը և Էկոնոմիկայի նախարարությունը կհամագործակցեն՝ խթանելու միկրոբիզնեսի վերականգնումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր տեսազանգի միջոցով քննարկում է ունեցել
«Support Armenia Fund» նախաձեռնող խմբի հետ։ Նախարարությունը կապ է հաստատել ֆոնդի հետ՝
պատրաստակամություն հայտնելու օժանդակել նրանց կողմից կազմակեպված դրամահավաքի արդյունքում
փոքր ու միջին ձեռներեցության թիրախային աջակցությանը։

Նախարար Տիգրան Խաչատրյանը ողջունել է խմբի նախաձեռնությունը և հավաստիացրել, որ իր թիմը
պատրաստակամ է աջակցելու ֆոնդին աշխատանքն արդյունավետ կազմակերպելու գործում։ Նախարարը
ներկայացրել է կառավարության հակաճգնաժամային ծրագրերի քաղաքականությունը, նշել այն
չափորոշիչները, որոնցով ընտրվել են առաջինն օգնություն ստացած թիրախային բիզնես խմբերը, ինչպես
նաև աջակցության գործիքակազմը։ Նախարարը նշել է, որ հենց ՓՄՁ-ներին ուղղված հակաճգնաժամային
երրորդ միջոցառման շրջանակում օժանդակություն է ստացել շուրջ 900 տնտեսվարող։

Նախարարը թվարկել է այն ոլորտները, որոնք ամենաշատն են տուժել համավարակի բռնկման և կանխարգելիչ
միջոցառումների պատճառով։ Նախարար Խաչատրյանի խոսքով՝ ճիշտ որոշումների կայացման համար մեծ
կարևորություն ունի լիարժեք տեղեկավածությունը, և նախարարությունը կկիսվի իր տրամադրության տակ
գտնվող անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ ուղղորդելու աջակցության արդյունավետ բաշխման, ֆոկուս
խմբերին ընտրելու և այլ հարցերում։ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ հետագա համագործակցությունը
կհամակարգի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ով կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն։
Նախաձեռնության անդամ Օլիվիա Ժամկոչյանը շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին
աջակցության պատրաստակամության համար և ներկայացրել ֆոնդի գործունեությունն ու առաջիկա
պլանները։ Նա նշել է, որ իրենք մտադիր են առաջնահերթ աջակցել փոքր ընտանեկան բիզնեսին
հատկապես զբոսաշրջության ոլորտում։ Նա կարևորել է ուժերի մոբիլիզացումը աջակցության մեծ
ծավալների հասնելու գործում։

Հանդիպման մասնակիցները գոհունակություն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ հանգանակության
վերաբերյալ իրազեկվածության բարձրացման արշավին միացել է նաև Քիմ Քարդաշյանը։




Լրահոս