ՍԱՀՄԱՆԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

 

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ վարչապետը բարձր է գնահատել դեսպանի՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական կապերի զարգացման ուղղությամբ ներդրած ջանքերը եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի եւ Բելառուսի ղեկավարների միջեւ առկա է երկխոսության բարձր մակարդակ, երկու երկրներն ու ժողովուրդներն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, որոնք ամուր հենասյուն են դրանց շարունակական զարգացման եւ առկա ներուժի լիարժեք իրացման համար:

Վարչապետը կարեւորել է ինտեգրացիոն միավորումների՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում բաց երկխոսությունն ու վստահելի գործընկերությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ս.թ. հուլիսի 12-ից սկսած եւ մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանային դիրքերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին եւ ընդգծել այս առնչությամբ Հայաստանի՝ ՀԱՊԿ գծով գործընկերների  կառուցողական դիրքորոշման կարեւորությունը:

Իր հերթին Բելառուսի դեսպանը երախտագիտություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատանքի համար եւ նշել, որ ներդրել է առավելագույն ջանքերը՝ երկու երկրների կապերը սերտացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ այս ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալն աճել է ավելի քան 2 անգամ, ինչը խոսում է փոխգործակցության դրական դինամիկայի եւ այն խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին: Դեսպանն անդրադարձել է ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերին՝ գոհունակությամբ խոսելով Սեւանա լճի ափամերձ շրջակայքում հայ-բելառուսական անտառի հիմնման մասին, որի շուրջ աշխատանքը շարունակվում է: Նա նաեւ կարեւորել է առաջիկայում հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը: Բացի այդ, ՀՀ-ում Բելառուսի դեսպանը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման կապակցությամբ եւ դատապարտելի համարել էսկալացիան:   Զրուցակիցները փոխանակվել են նաեւ կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի, կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությամբ ու փորձով՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակային ճգնաժամը: Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ դեռ հուլիսի 12-ից: Այս պահի դրությամբ հայկական կողմը հայտնել է 4 զոհի մասին, իսկ ադրբեջանական կողմը՝ 11 զոհի մասին:  Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը եւ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

1989 թվականի ծնված Գարուշ Համբարձումյանը հաշվառված է Լոռու մարզի Բազում համայնքում։ Նշենք, որ Համբարձումյանը Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքից է։ Համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ընտանիքում երեք երեխա էին։ Նաեւ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գեւորգի Գաբրիելյանը եւ կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթեւոսյանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ զոհված կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքից է: Մենք զրուցել ենք նրա հորաքրջող տղայի՝ Սամվել Գուլինյանի հետ: Վերջինս հայտնեց, որ Սմբատն ունի երկու եղբայր, ինքն ամենափոքրն էր: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սմբատի մայրը Ճամբարակում ուսուցչուհի է: Մեզ հետ զրույցում նրանց ընտանիքին ճանաչողները մի հետաքրքիր պատմություն պատմեցին: Տարիներ առաջ պատահական կրակոցից մահացել է Սմբատի եղբայրը, եւ իրեն անվանել են հենց եղբոր անունով:

Ն.Հ.

 

 

ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին: Գոհունակությամբ ընդգծելով տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ օրակարգը շարունակաբար կընդլայնվի՝ ընդգրկելով փոխշահավետ եւ ապագային միտված նոր ծրագրեր:

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ

Երեւանի մետրոպոլիտենի երթեւեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ. մինչեւ տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միջեւ երթեւեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե։ Հաշվի առնելով արտակարգ դրության ընթացքում Երեւանի մետրոպոլիտենի սակավ ուղեւորահոսքը՝ մետրոպոլիտենի էլ.հավաքակայանում իրականացվում են գնացքների արտահերթ տեխնիկական սպասարկում՝ ՁԿ2 – ՁԿ3 ծավալներով: Մինչեւ տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միջեւ երթեւեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե:

 

 

ԿԳՆԱՆ ՍԱՀՄԱՆ

«Աշխարհազորային կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ լայնամասշտաբ հարձակում եղավ Ադրբեջանի կողմից Հայաստանի հանրապետության վրա: Հուլիսի 12-13-ին սկսված մարտական գործողությունների արդյունքում. իհարկե, հայկական բանակը պատվով կատարեց իր առաքելությունը՝ ազատագրելով ռազմավարական նշանակության դիրքեր՝ Տավուշի մարզի բնակիչների անտվանգությունն ապահովելով: Ու այդ ողջ ընթացքում «Աշխարհազորային կամավորականների միությունը» կապի մեջ է եղել ՀՀ Պաշտպանության նախարարության հետ եւ պատրաստակամություն հայտնել առաջին իսկ հրահանգի դեպքում իր կամավորական ազատամարտիկներին գործուղել Տավուշի մարզ՝ առաջնագիծ՝ հայոց բանակի ուժերի հետ համատեղ պաշտպանելու ՀՀ սահմանները: Կամավորականները պատրաստ են առաջնագծում փոխարինելու ժամկետային զինծառայողներին: Հասկանալի է, որ նաեւ բանակի գեներալ կորցրած Ադրբեջանը չի խաղաղվում եւ դեռ արկածախնդրության գնալու է: Պետք է համախմբվենք ու մեր թշնամուն պարտադրենք խաղաղություն»։

 

 

ՉԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԻ

Նախորդ շաբաթ ներկայացված դիմումի համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից կավարտի պաշտոնավարումը եւ կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Մհեր Բադալյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա սպանության սպառնալիք է հնչեցրել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արշավիր Սերժիկի Խալափյանի հասցեին, որն իրականացնելու իրական վտանգ է եղել եւ վերջինիս կողմից ընկալվել է իրական: Մհեր Բադալյանը նախկինում դատապարտված չի եղել, եւ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Բադալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

 

ՀՈՒՅՍ ՈՒՆԻ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր է թույլատրել միջպետական եւ հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների օղակաձեւ երթեւեկելի հատվածների հողային պաստառներում գովազդային վահանակների տեղադրումը։ Նախարարությունը հույս ունի, որ այս ամենի արդյունքում պետական բյուջեի մուտքերը կավելանան, քանի որ գովազդ տեղադրող ընկերությունների թիվը զգալի կավելանա: Նախնական կանխատեսումներով՝ պետական բյուջեի մուտքերը տարեկան էապես կավելանան, արդյունքում կբարեկարգվեն այդ գոտիները գովազդային վահանակ տեղադրող կազմակերպությունների ֆինանսական միջոցների հաշվին: Հուսանք՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության այս կանխատեսումները իրականություն կդառնան: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ միջպետական եւ հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների վրա կան շուրջ 9 շրջանաձեւ երթեւեկելի հատված:

 

ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան: Նրան ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Վերջինս դեսպանին ներկայացրել է ՀՀ ԱԳՆ գնահատականն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։ Հանդիպման ընթացքում Շ. Քոչարյանը դեսպանին փոխանցել է տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաեւ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին:




Լրահոս