Երևանում շարունակվում է պահպանվել խախտումների բացակայության բարձր ցուցանիշը. ՍԱՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային նոր շաբաթը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երևանյան ու մարզային կառույցների տեսուչները սկսել են կրկնայցերով և լայնածավալ դիտարկումներով:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Ուժեղացված ստուգայցերի խոշորացույցի տակ են եղել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի սննդի շղթայի կազմակերպությունները: Մայրաքաղաքի այս համայնքում ՀՀ պարետի որոշումները պահպանվել են ամենայն պատասխանատվությամբ. բոլոր այն խանութներում, հանրային սննդի օբեկտներում և սննդի արտադրություններում, ուր վերահսկողական այցեր են կատարել ՍԱՏՄ տեսուչները, խախտումներ չեն հայտնաբերվել:

ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները, սակայն, թերացումներ և կոպիտ խախտումներ արձանագրել են: Դրանք առնչվել են թե՛ կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերին, թե՛ խնջույքների կազմակերպման և անցկացման արգելքի անտեսմանը, և թե՛ անձանց միջև սոցիալական հեռավորություն չպահպանելու խնդրին:

Արձանագրությունները կներկայացվեն պարետատուն, որին կհետևեն պատժամիջոցները՝ կասեցումների և վարչական տուգանքների տեսքով:

ՍԱՏՄ-ն շարունակելու է Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված հետևողական վերահսկողությունը հանրապետության սննդի շղթայի բոլոր կազմակերպություններում»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս