«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 4.7 տոկոսով: Շինարարության ոլորտում եւս 23.4 տոկսով անկում է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ էության, պատճառը կորոնավիրուսն է, որի հետեւանքով Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, եւ մարտ-ապրիլ ամիսներին արգելվեց որեւէ տեսակի շինարարության իրականացում:
Արձանագրենք նաեւ, որ առեւտրաշրջանառության ծավալներն են պակասել 11.1 տոկոսով: Սա եւս արտակարգ դրության հետեւանք է, քանի որ մարտ-ապրիլ ամիսներին առեւտրի ոլորտի տնտեսվարողները չեն աշխատել. միայն սննդամթերքի սպառման առումով է ակտիվություն եղել: Թեեւ հիմա հագուստի, կոշիկի եւ տնտեսական ապրանքների խանութները բաց են, բայց առեւտրի ծավալները նախկինի նման չեն, դրանք բավականին նվազել են: Փոխարենը 1.5 տոկոսով ավելացել են արդյունաբերական արտադրանքի ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում եւս լուրջ անկում ունենք. այն կազմել է 10.7 տոկոս: Մասնավորապես, արտահանման ծավալնելն են 6.5 տոկոսով պակասել, իսկ ներկրումն էլ՝ 12.9 տոկոսով: Սա նույնպես կապված է կորոնավիրուսի հետ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։