Լիբանանի նախագահը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի երեք հավանական պատճառ է նշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառների երեք վարկած կա: Նախագահի խոսքերը մեջբերվում են նրա կայքում:

Աունը շեշտել է, որ ըստ վարկածներից մեկի, գոյություն ունի «արտաքին միջամտության հավանականություն»: Ենթադրվում է, որ պայթյունի պատճառ կարող էր հանդիսանալ ռումբը կամ հրթիռը:

«Ես անձամբ Ֆրանսիայի նախագահին խնդրել եմ մեզ օդից արված լուսանկարներ տրամադրել, եթե դրանք հասանելի են ֆրանսիացիներին, որպեսզի մենք կարողանանք պարզել՝ արդյոք օդում ինքնաթիռներ կամ հրթիռներ են եղել»,- ասել է Աունը:

Մյուս երկու վարկածները ենթադրում են անփութություն կամ դժբախտ պատահար, նշել է նա: Նախագահի խոսքով, լուսանկարները կօգնեն պարզել պայթյունի իրական պատճառը:

Օգոստոսի 4-ին Բեյրութ քաղաքի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ողբերգության արդյունքում վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ, ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթևան: Վերջին տվյալների համաձայն, մահացել է 154 մարդ: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի խոսքով, պայթյունի պատճառ է դարձել 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումը: Մոտակայքի, ինչպես նաև պայթյունի վայրից մի քանի կիլոմետր շառավղով գտնվող շենքերի ապակիները կոտրվել են, շինությունների մի մասը քանդվել է:




Լրահոս