ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ, ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԷԼ ԿԵՐԱԿԱՐԱՑՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ օգոստոսի 12-ին, կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ կքննարկեն ՀՀ-ում եւս մեկ ամսով արտակարգ դրությունը երկարացնելու հարցը:

 

Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ իշխանության ներկայացուցիչները նաեւ քննարկում են, թե արտակարգ դրության վերջին անգամ երկարացման նախագիծը խորհրդարանում ով պետք է ներկայացնի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Հայաստանի Հանրապետության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Իշխանության ներկայացուցիչները չեն բացառում, որ ՀՀ վարչապետը անձամբ ներկայանա խորհրդարան՝ վերջին անգամ Հայաստանի Հանրապետությանում արտակարգ դրության երկարացման պատճառներն ու հիմքերը ներկայացնելու համար: Դեռեւս այս հարցում վերջնական որոշում չկա:

Նշենք նաեւ, որ օգոստոսի 5-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ վերջին անգամ կերկարացնեն արտակարգ դրությունը, որը ՀՀ-ում հայտարարված է դեռեւս մարտի 16-ից: Նա հայտարարել էր, որ որոշում է կայացվել արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգել, սակայն էական փոփոխություններ են լինելու՝ որոշակի արգելքների հետ կապված: Մասնավորապես, վերանայվելու է օտարերկրացիների մուտքի հետ կապված հարցը, վերանայվելու են որոշ ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու եւ հանրային միջոցառումներ անցկացնելու հարցերը:

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ:

-Պարո՛ն Ուլիխանյան, ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանության կողմից ՀՀ-ում երկարաձգվող արտակարգ դրությունը անիմաստ է, ու դա արվում է զուտ նրա համար, որ վախեր ունի հանրության շրջանում օր օրի հասունացող ցույցերից ելնելով: Արդյոք դա այդպե՞ս է:

-Չեմ կարծում, որ դա ընդդիմության մեկնաբանությունն է. Ես այդ մեկնաբանությունը համարում եմ հիմարություն:

-Այիսնքն՝ կարծում եք, որ Հայաստանում անհրաժե՞շտ է եւս մեկ անգամ երկարացնել արտակարգ դրության ժամկետը:

-Ըստ էության կառավարությունը գնահատել է, որ առնվազն եւս մեկ անգամ պետք է երկարաձվի արտակարգ դրությունը, եւ այն պահն է, որ էականորեն համավարակի տեմպերի կրճատում կա, եւ եթե մեկ ամիս էլ երկարաձգվի, հավանաբար կարող ենք համավարակի կրճատման այնպիսի տեմպեր ունենալ, որ արտակարգ դրության չեղարկում հայտարարվի, սակայն որոշ դրույթներ  կփոխենք, այլ անհրաժեշտ կանոններ օրենսդրությամբ կսահմանվեն, եւ դրանով արդեն արտակարգ դրությունը կավարտվի:

-Իսկ այլ ձեւաչափ հնարավոր չէ՞ ընտրել՝ ոչ թե արտակարգ դրությունը երկարացնեք, այլ մեկ ուրիշ ձեւաչափով աշխատեք: Միեւնույնն է, դիմակների կրումը, սոցիալական հեռավորություն պահպանելը, այդ ամենն արվում է հասարակության կողմից:

-Ես ասացի, որ արտակարգ դրությունը հավանական է, որ չեղարկվի, եւ այդ ընթացքում այնպիսի օրենսդրություն կմշակվի, որը մեզ հնարավորություն կտա օրենսդրության միջոցով անհրաժեշտ սահմանափակումներ իրականացնել, ինչը այսօր հնարավոր չի լինի: Եվ մենք պետք է արտակարգ դրություն հայտարարենք, որպեսզի ստեղծված ժամանակավոր կառույցը՝ պարերատունը, օրենքի ուժով կարողանա սահմանափակումներ իրականացնել: Եթե հիմա պարետատուն չունենայինք, այսինքն՝ արտակարգ դրությունը հայտարարված չլիներ, այդ սահմանափակումներն էլ հնարավոր չէր լինի իրականացվել: Մենք պետք է գնանք այնպիսի վիճակի, որ օրենսդրությունը մեզ թույլ տա միայն արտակարգ իրավիճակի ռեժիմով արտակարգ դրությունը չհայտարարել, արտակարգ իրավիճակի պարագայում որոշակի սահմանափակումեր հանրությանն առաջարկես, որոնք հնարավորություն կտան շուտափույթ հաղթահարել արտակարգ իրավիճակը:

-Պարո՛ն Ուլիխանյան, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության հետ կապված որոշում կայացվե՞լ է:  Ի վերջո, երեք դատավորների թեկնածուների մասով ի՞նչ դիրքորոշում ունի Ձեր խմբակցությունը: Վերջնական որոշում կայացրե՞լ եք, թե՞ ոչ:

-Ընդհանուր առմամբ վեկտորը պարզ է, թե ինչպիսի  ընտրություն է տեղի ունենալու, բայց, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանի դատավորների  վերաբերյալ խմբակցության դիրքորոշումը պատեհ պահի կհայտարարի խմբակցության ղեկավարը:

-Իսկ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ հիմնականում  դեմ են արտահայտվում Ձեր խմբակցության պատգամավորները՝ երկու դատավորների  թեկնածության առաջադրման հետ կապված:

-Մեր խմբակցության նիստում տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկությունը ճշտելու համար ես ճիշտ պատգամավորը չեմ:

-Իսկ Դուք ունե՞ք Ձեր առանձին դիրքորոշումը՝ այս հարցի հետ կապված:

-Իհարկե, ես ունեմ իմ դիրքորոշումը: Իմ դիրքորոշման արտահայտման լավագույն հարթակը համարում եմ խմբակցության նիստը, եւ այդ հարթակից դուրս առնվազն մինչեւ ընտրություների օրը ճիշտ չեմ համարում հայտնել իմ դիրքորոշումը, քանի որ այն արտահայտելով՝ կարող եմ բացահայտել այլոց դիրքորոշումը, ինչի կարիքը չկա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:

 

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը զեկուցել է, որ ծրագրով նախատեսված է 5 ռազմավարական նպատակ՝ 67 միջոցառումների տեսքով: Դրանք ուղղված են լինելու հարկային եւ մաքսային վարչարարության բարելավմանն ու կատարելագործմանը, ՊԵԿ համակարգի արդյունավետության բարձրացմանը, հարկ վճարողների վարչարարության բեռի թեթեւացմանը, հարկային ստվերի կրճատմանը եւ այլն: Նշվել է, որ նախորդ տարի ընդունված ռազմավարական ծրագրի միջոցառումներին այս ծրագրով ավելացել են 14 նոր միջոցառումներ: Դրանցով նախատեսվում է ներդնել պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ, հաշվետվությունների նվազեցման էլեկտրոնային համակարգ, նախագծվելու է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր եւ գրքեր» համակարգի վեբ տարբերակը:

Նախատեսվում է արդիականացնել մի քանի աղբյուրից ստացման ենթակա եկամտից հաշվարկված եւ փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու, ինչպես նաեւ պետական տուրքի վերահսկողության մեխանիզմի գործընթացները, կատարելագործել հարկային կարգապահության ռիսկերի բացահայտման, գնահատման եւ նվազեցման գործընթացը:

Միջոցառումներն ուղղված են լինելու նաեւ ֆիզիկական անձանց եւ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մաքսային ռիսկերի կառավարման համակարգի, կշռման կենտրոնացված, էքսպրես-բեռների հաշվառման համակարգի ներդրմանը, էլեկտրոնային առեւտրի վերահսկողության մեխանիզմների զարգացմանը:

Վարչապետ Փաշինյանը կարեւորել է վերը նշված ծրագրով նախատեսվող միջոցառումների արդյունավետ իրականացումը եւ ընդգծել, որ այս ծրագիրը պետք է լինի ՊԵԿ համակարգի զարգացմանն ու արդիականացմանը միտված ռազմավարական ծրագրի շարունակությունը, որն ընդունվել է նախորդ տարի: Կառավարության ղեկավարը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել ծրագիրն ու այն ներկայացնել կառավարության հաստատմանը:

 

 

ԾԵԾԿՌՏՈՒՔ

Օգոստոսի 9-ին աղմկահարույց միջադեպ էր արձանագրվել Եղվարդ քաղաքի Մուշ թաղամասում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջեւ, որի հետեւանքով ծեծկռտուք էր սկսվել: Մեզ հայտնի դարձավ, որ ծեծկռտուքի կիզակետում են հայտնվել փաստաբան Գիվի Հովհաննիսյանը եւ վերջինիս եղբայրը: Ի դեպ, ըստ բնակիչների՝ փաստաբանի եղբայրը ծեծկռտուքի հետեւանքով բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել:

Տեղեկությունը փորձեցիք պարզել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ օգոստոսի 9-ին՝ 23:50-ի սահմաններում, մարմնական վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ անձ, որը դեպքի մասին հաղորդում է ներկայացրել, նշանակվել է փորձաքննություն, դեպքի առթիվ նյութեր են նախապատարաստվում:

 

ԹՎԵՐՈՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 160 նոր դեպք (16.5%), ընդհանուր` 40593, այժմ 6399 վարակակիր կա: Մահացել է 7 մարդ` 67, 71, 71, 73, 81, 84 եւ 86 տարեկան, ընդհանուր` 803: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Ապաքինվել է 541 մարդ, ընդհանուր՝ 33157: Երեկ 968 թեստ է արվել, ընդհանուր՝ 177322: Մինչեւ օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 234 մարդ, որից 6-ը՝ երեկ: Վերջին մեկ շաբաթում օրական հաստատված դեպքերը թվերով՝ 288, 233 166, 200, 225, 23, 160:

 




Լրահոս