Լուսանկարն արվել է Տաթեւ համայնքում
Այս մեքենայի վարորդը իր մեքենան վերածել է բացօթյա հարմարավետ մի կառույցի։ Համաձայնեք, որ հետաքրքիր լուծումներ ու տարբերակ է մշակել։
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում գնաճը:
Երանուհի Եփրեմյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը որոշակի պարբերականությամբ ՀՀ տնտեսության առանձին հատվածների համար հաշվարկում է գների շարժը ներկայացնող ժամանակային շարքեր՝ գների ինդեքսներ: Oրինակ` սպառողական շուկայի համար՝ սպառողական գների ինդեքս, ընդհանուր տնտեսության համար՝ ՀՆԱ-ի դեֆլյատորը, որը տնտեսությունում արտադրված բոլոր ապրանքների եւ ծառայությունների գների միջին աճն է, արտաքին առեւտրում` արտահանման գների ինդեքս, ներմուծման գների ինդեքս եւ այլն: Ցանկացած ինդեքսի հավելաճի տեմպն այդ հատվածի կամ ճյուղի գնաճն է եւ հաճախ ունի հաշվարկման մեթոդական առանձնահատկություն: Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ ՀՀ-ում գնաճ տերմինը հիմնականում կիրառվում է, երբ խոսքը գնում է սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) հավելաճի տեմպի մասին: Այն թեեւ ամբողջովին չի արտացոլում տնտեսությունը, սակայն առավել ընկալելի է հասարակության համար:
ՀՀ կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գնաճը սպառողական գների ինդեքսի հավելաճի տեմպն է: Սպառողական գների ինդեքսը ներկայացնում է սպառողական շուկայում գների շարժը:
ԿԱՐԳ
Հարց. Խնդրում եմ ասել՝ ինչ կարգով է գրավի առարկայի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածվում:
Սամվել Հարությունյան 42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձեւով, ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար: Բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձեւով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաեւ խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու եւ դրա անվտանգությունն ապահովելու համար:
Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի սույն օրենսգրքի 195-րդ հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն եւ գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով: