Դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ այս անգամ զրուցել է ֆոտոշութերի թեմատիկայի ընտրության, դստեր` փոքրիկ Յանայի գործունեության, ինչպես նաեւ ամառային հանգստի մասին:
-Մանո՛, Դուք մշտապես աչքի եք ընկնում Ձեր տարբերվող եւ յուրօրինակ թեմաներով ընտրված ֆոտոշարքերով` Ձեր դուստրերի եւ ամուսնու հետ միասին: Արդեն տեւական ժամանակ է, ինչ նման ֆոտոշութեր չկան, ինչո՞ւ:
-Այո, վերջին շրջանում ֆոտոշարքեր չկան՝ հայտնի պատճառներից ելնելով, բայց վերջերս մի քանի ֆոտոշարքեր են արվել հատուկ բրենդների առաջարկով, այսինքն՝ եղել է նախագիծ, որին մենք նույնպես մասնակցել ենք, իսկ, առհասարակ, երբ ունենում ենք հետաքրքիր մտքեր, գաղափարներ, քննարկումների արդյունքում ընտրում ենք ֆոտոշարքի թեմատիկան։ Դա ավելի շատ կախված է մեր հոգեվիճակից եւ առհասարակ իրավիճակներից, թե ինչ ասելիք ունենք, ինչի վրա ենք հիմնականում ուզում շեշտը դնել։ Աղջիկներն էլ միշտ մեզ հետ համաձայնում են եւ ինչ-որ անում են, մեծ սիրով են անում:
-Խոսենք նաեւ փոքրիկ Յանայի մասին. մեզ հետ նախորդ զրույցում ասացիք, որ Յանան ավելի շատ ուժերը կենտրոնացրել է ոչ թե երգարվեստի ասպարեզում հանդես գալու, այլ բլոգերի իր էջը ինստագրամում զարգացնելու եւ այդ ոլորտում խորանալու վրա: Ի՞նչ փուլում են գտնվում այս աշխատանքները:
-Այո, մենք հիմա ավելի շատ գովազդային հոլովակների վրա ենք աշխատում, ավելի նախապատրաստական աշխատանքների մեջ ենք, եւ քանի որ այդ դաշտը բավականին ազատ է, եւ արդեն ինչ-որ չափով բոլորի մոտ նա բլոգեր է հանդիսանում եւ լինելով արդեն իսկ հայտնի երեխա, ով ունի լեզվի շատ լավ ճկունություն, կարող է շատ լավ գովազդել տարբեր ապրանքանիշեր: Հիմա մենք էլ փորձում ենք մտածել, այդ ուղղությունն ավելի զարգացնել, դնել ավելի պրոֆեսիոնալ մակարդակի վրա: Իսկ հիմա ընդհանուր «Մանե» բլոգի հետ կապված նախագիծ ունենք, որը շուտով արդեն կլինի: Ի հավելումն ասեմ, որ Յանան հիմա մի շատ կարեւոր քննության է պատրաստվում: Նա այս ամառ մի շատ կարեւոր ու լուրջ որոշում կայացրեց, որ ուզում է անպայման ընդունվել Պարարվեստի պետական ուսումնարան, եւ այս ամսի 11-ին տեղի է ունենալու առաջին քննությունը: Մենք իր հետ միասին անհամբերությամբ սպասում ենք, տեսնենք, թե ինչ կլինի, արդյոք կընդունվի, թե ոչ:
Նա շատ մարտական եւ լուրջ է տրամադրված պարարվեստում քայլեր կատարելու համար, եւ եթե ընդունվեց բալետի բաժին, արդեն կտեսնենք հետագայում ինչպես կլինի, արդեն ինքը կորոշի, թե ինչ մասնագիտության մեջ է ուզում խորանալ:
-Մանո՛, անդրադառնանք նաեւ ամառային հանգստին, այս տարի ամառային հանգստի հետ կապված ի՞նչ պլաններ ունեք:
-Մենք ընտանիքով առհասարակ շատ ենք սիրում ճամփորդել աշխարհի տարբեր երկրներով, չնայած որ երեխաների համար հիմնականում ընտրում ենք այնպիսի վայրեր, որտեղ նրանց համար էլ հաճելի եւ հարմարավետ կլինի։ Ցավոք սրտի, այնպես չի ստացվել, որ շատ ենք ճանապարհորդել, բայց հիմնականում ավանդույթ է դարձել անպայման հանգստանալ Եգիպտոսում մեր ընկերների հետ միասին, որտեղ միշտ գնում ենք մեր երեխաների հետ` մեծ խմբով։ Շատ հետաքրքիր է անցնում, այսպես մի 10 ընտանիք, երեխաների հետ հիանալի ժամանակ ենք անցկացնում, որտեղ կա հյուրանոց, ջուր ապահով հանգիստն անցկացնելու համար, քանի որ երեխաները դեռ փոքր են, եւ դեռ չենք կարողանում նրանց հետ մեկնել ակտիվ հանգստի, սարեր, լեռներ, եւ նման այլ վայրեր։ Բայցեւ պետք է նշեմ, որ այս կարանտինը, կորոնավիրուսը մեզ մոտ շատ բան փոխեց:
-Իսկ ի՞նչ փոխեց Ձեր կյանքում:
-Փոխեց մտածելակերպի եւ արժեքների վերագնահատման առումով, այնպես որ հիմա Եգիպտոսին երանի ենք տալիս։ Այդքան բացասական բաների հետ միասին սա ունի նաեւ իր դրական կողմերը, մեզ մոտ հիսուն-հիսուն է։
-Իսկ Հայաստանում կա՞ մի վայր, որտեղ գնում եք՝ անկախ հանգամանքներից, եւ որտեղ կարողանում եք լիաթոք հանգիստը վայելել:
-Ավելի շատ սիրում եւ հաճախ ենք լինում Դիլիջանում։ Երեւի թե երկու շաբաթը մեկ գնում ենք, հատկապես շատ ենք սիրում այցելել Սաղմոսավանք, Գոշավանք, Գոշի լիճ եւ այդպես Դիլիջանի տարածքում շրջում ենք, սիրում ենք այնտեղի օդն ու բնությունը։
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ «ԴԵՊԻ ՃԱՄԲԱՐ» ՍԻԹՔՈՄՈՒՄ». ԳԱՐԻԿ ՍԵՓԽԱՆՅԱՆ
Աշնանը հումորային նախագիծը կունենա նոր եթերաշրջան. այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Դեպի ճամբար» սիթքոմի դերասան, սցենարիստ Գարիկ Սեփխանյանը:
«Անցած տարի սիթիքոմն ուներ 12 սերիա, իսկ այս անգամ նկարահանվելու է 24 սերիա: Փոփոխություններ են եղել դերասանական կազմում. ունենք նոր դերասաններ՝ Ժաննա Բուտուլյան, Գուրգեն Սարգսյան, Հասմիկ Ասլանյան, Իլոնա Մկրտչյան: Նախագծից դուրս է եկել դերասանուհի Աննա Մանուչարյանը խիտ գրաֆիկի եւ զբաղվածության պատճառով»,-ներկայացրեց նա:
Հարցին, թե ինչ նոր զարգացումներ են սպասվում «Դեպի ճամբար» սիթքոմում, դերասանն ընդգծեց. «Հետաքրքիր զարգացումներ են սպասվում սիրային հարաբերությունների մեջ, միաժամանակ ընդհանուր ճամբարում մրցումների հետ կապված հումորային մասն ապահովված է: Աշխատել ենք այնպես անել, որ հումորային դինամիկ ընթացքը պահպանենք»:
Մեր զրուցակցի խոսքով՝ սիթքոմն այս անգամ նկարահանվում է Վանաձորի «Գուգարք», իսկ նախորդ եթերաշրջանում այն նկարահանվել է «Արագած» ճամբարում:
«Երեկվանից արդեն սկսել ենք մեր նկարահանումները: Բոլոր տեսարանները նկարահանվելու են Վանաձորում: Նկարահանման աշխատանքներն ընթանում են ըստ պլանավորման, ունենք շատ հետաքրքիր սցենար: Նշեմ նաեւ, որ այստեղ ապրում ենք, սնվում, այստեղ անցնում է մեր աշխատանքային օրը: Վանաձորում ենք մեծ նկարահանող խմբով. աշխատում ենք երկու խմբով, որպեսզի կարողանանք արագ ավարտին հասցնել նկարահանումները: Իհարկե, չենք մոռանում պահպանել անվտանգության կանոնները, հետեւում ենք պարետատան ցուցումներին: Տարածք կողմնակի մարդ չի մտնում, օրը մի քանի անգամ պարտադիր կատարվում է ջերմաչափում, առկա են բոլոր տեսակի ախտահանիչ նյութերը: Մի խոսքով, ամեն հնարավոր բան անում ենք, որպեսզի պահպանենք բոլորի առողջությունը»,-հավելում է դերասանը:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿՄԱՍՆԱԿՑԻ ԽԱՂԻՆ
Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կմասնակցի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Ատալանտայի» դեմ խաղին: 21-ամյա Մբապեն ՊՍԺ-ի բժշկական շտաբի կողմից ստացել է խաղադաշտ դուրս գալու թույլտվություն: Հիշեցնենք, որ Մբապեն ոտնաթաթի վնասվածքը ստացել էր Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում եւ փոխարինվել առաջին խաղակեսում։ ՊՍԺ-ն 1։0 հաշվով հաղթել էր «Սենթ Էթիենին»։
ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Իտալական «Նապոլիի» ղեկավարությունը մոտ է նոր պայմանագրի հարցում թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ համաձայնության գալուն: 42-ամյա Գատուզոյի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2023 թվականի հունիս: Եթե Գատուզոն ցանկանա վաղաժամ խզել պայմանագիրը, ապա ստիպված կլինի որպես տուգանք վճարել 7 միլիոն եվրո: Գատուզոն «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի դեկտեմբերին, երբ պաշտոնանկ արվեց Կառլո Անչելոտին:
ԵՐՋԱՆԻԿ Է
Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է իր անգլիացի թիմակից Ջեյդոն Սանչոյի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Երջանիկ եմ, որ Սանչոն մնում է «Բորուսայում»: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, որի օգնությամբ շատ հեշտ է գոլեր խփել»,-ասել է Հոլանդը:
Ջեյդոն Սանչոն «Բորուսիայի» հետ սկսել է պատրաստվել հաջորդ մրցաշրջանի մեկնարկին։ Հիշեցնենք, որ 20-ամյա Սանչոյի տեղափոխության շուրջ «Բորուսիայի» հետ բանակցություններ է վարում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը, ըստ գերմանական ԶԼՄ-ների, չի կարողացել համաձայնության հասնել Սանչոյի տրանսֆերային արժեքի հարցում:
ԿԱՐԻԵՐԱՆ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Իտալական «Բրեշիայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Թուրքիայի առաջնությունում: Goal.com-ի տեղեկություններով՝ կողմերը մոտ են վերջնական համաձայնության գալուն: Թուրքական ակումբը 29-ամյա հարձակվողին առաջարկել է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով:
Մարիո Բալոտելիի պայմանագիրը «Բրեշիայի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականի հունիս, սակայն ավելի վաղ հաղորդվել էր, որ կողմերը համաձայնության են եկել պայմանագիրը խզելու հարցում: Մարիո Բալոտելին նախորդ տարվա ամռանն էր տեղափոխվել «Բրեշիա»: