Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հայփոստ» փոստի ազգային օպերատորի 2020-2025թթ. զարգացման ռազմավարության նախագիծը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախ անդրադարձել է վերջին 5 ամսում «Հայփոստ»-ում իրականացված փոփոխություններին. վերագործարկվել է ԱՄՆ-ի գրասենյակը, քայլեր են ձեռնարկվում Չինաստանում «Հայփոստի» ներկայացուցչության բացման ուղղությամբ: Կենսաթոշակներն արդեն վճարվում են էլեկտրոնային համակարգով, բացվել է սահմանամերձ Բարեկամավան համայնքի նոր փոստային բաժանմունքը, գործարկվել է հիբրիդային փոստ ծառայությունը, ակտիվացել է միջազգային համագործակցությունը: Նախատեսվում է մինչև տարեվերջ գործարկել Հայփոստ էլեկտրոնային դրամապանակը: Հուլիսից ՀՀ ողջ տարածքում գործում է «Հայփոստի» աշխատակիցների խրախուսման ծրագիր, օգոստոսին շուրջ 1300 աշխատակիցների շրջանում արձանագրվել է մոտ 25 տոկոս միջին աշխատավարձերի աճ:
Ներկայացնելով «Հայփոստ» ՓԲԸ 2020-2025թթ. զարգացման ռազմավարության նախագիծը՝ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը խոսել է գույքագրված խնդիրների, ընթացիկ վիճակի և զարգացման տեսլականի մասին: Նրա խոսքով՝ ռազմավարությունը մշակվել է խորհրդատու կազմակերպության հետ համատեղ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա: 2020-2025թթ. բարեփոխումների իրականացմամբ ակնկալվում է «Հայփոստը» դարձնել արդյունավետ կառավարմամբ և շահութաբեր բիզնես մոդելով փոստային կապի ազգային օպերատոր: Ռազմավարական նպատակներն են՝ ապահովել բարձրակարգ փոստային կապի հասանելիություն ՀՀ տարածքում և ՀՀ-ից դուրս, համաչափ զարգացնել ենթակառուցվածքները, մատուցել որակյալ ինչպես փոստային, այնպես էլ լրացուցիչ ծառայություններ և ներդնել թվային նոր լուծումներ: Առաջարկվում է թիրախային դիտարկել վճարահաշվարկային, լոգիստիկ, էլեկտրոնային առևտրի, ֆինանսական, պետական ծառայությունների, գույքի կառավարման ոլորտները: Ներկայացվել են այս ուղղություններով առաջարկվող միջոցառումները, ինչպես նաև կանխատեսվող հիմնական ցուցանիշները:
Ռազմավարության վերաբերյալ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Քննարկվել են «Հայփոստ» ցանցի բարելավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, գոյություն ունեցող, նախատեսվող և նոր, այդ թվում՝ պետական ծառայությունների մատուցմանը, բարեփոխումների շղթայական ազդեցությանը, ծախսարդյունավետությանը վերաբերող հարցեր:
Վարչապետը նշել է, որ «Հայփոստը» լայն ներկայացվածություն ունի Հայաստանի ողջ տարածքում, և դա հնարավորություն է տալիս բարեփոխումները դիտարկել ոչ միայն փոստային ծառայության բարելավման, այլև հարակից ենթակառուցվածքների շղթայական զարգացման և կորպորատիվ մշակույթի ներդրման տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լրամշակել նախագիծը, հստակեցնել այն պետական ծառայությունների շրջանակը, որոնք կարող են մատուցվել «Հայփոստ»-ի կողմից, քարտեզագրել և ներկայացնել քննարկման:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև ներկայացնել կազմակերպության անշարժ գույքի շահավետ կառավարման մանրամասն նախագիծ: