«ԴԱ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԵՐՋԱՆԻԿ ՊԱՀԵՐԻՑ ՄԵԿՆ Է». ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան օրն էր։  Վաստակաշատ դերասանն այս տարի նշում է ծննդյան 78-ամյակը:  «Ժողովուրդ» օրաթերթը դերասանի հետ զրուցել է  առօրյայի, շնորհավորանքների եւ գնահատվելու մասին:

 

Մեզ հետ զրույցում Ռաֆայել Քոթանջյանը նշում է, որ վաղ առավոտից հեռախոսային զանգերը եւ շնորհավորանքները չեն դադարում. «Ինձ համար շատ հաճելի է, որ մարդիկ իրենց կարեւոր առօրյայի մեջ ինձ համար ժամանակ են գտել եւ ջերմագին շնորհավորել են: Ինձ համար դրանից առավել գեղեցիկ բան պատկերացնել չէի կարող»:

Հարցին, թե արդյոք գնահատված իրեն զգում է մեր երկրում, թե ոչ, վաստակաշատ դերասանն ընդգծում է. «Երկու օր առաջ ես շատ գեղեցիկ երեկոյի մասնակցեցի, որը կազմակերպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ Տավուշի մարզում հատուկ տավուշցիների համար:  Ելույթ էր ունենում սիմֆոնիկ նվագախումբը. մինչ այսօր Տավուշի ամբողջ պատմության մեջ, Տավուշի կյանքում երբեք  ոչ մի սիմֆոնիկ նվագախումբ ելույթ չի ունեցել: Դա շատ պատմական բան էր, եւ շատ հաճելի էր, որ մեր շրջանի ժողովուրդը  անմասն չի մնում ամենավերջին նորույթներին: Տավուշում ելույթ էր ունենում նաեւ հայ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մեծ սիմֆոնիկի ամբողջ կազմի հետ միասին:  Ինձ համար դա մի առանձնահատուկ հաճելի զգացողություն էր, եւ ես դահլիճում նստած մեծ բավականություն էի ստանում եւ ինձ որպես դիտորդ չէի զգում, այլ մասնակիցն էի այդ ամենի: Ինձ համար այնքա՜ն հաճելի էր, այնքա՜ն մարդիկ մոտեցան ինձ եւ իրենց գնահատանքի  եւ երախտիքի խոսքը հայտնեցին, այնքա՜ն գեղեցիկ խոսքեր լսեցի, որը հավաստիքն էր այս ամեն ինչի, որ անգամ շատ հեռու շրջաններում մարդիկ սիրում են, հարգում են եւ անհամբեր սպասում են, թե երբ պետք է ավարտվի այս կորոնավիրուսը, որպեսզի կարողանանք շփման ավելի գեղեցիկ տարբերակներ գտնել, ոչ միայն բարեւել , խոսել, այլ նաեւ մեկս մյուսին ուրախացնել»,-նկատում է նա:

Ռաֆայել Քոթանջյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ իր ողջ կյանքի ընթացքում ստացել է բազում նվերներ, շքանշաններ, բայց լավագույն նվերը նրա երկու թոռնիկներն են:

«Իմ կյանքի լավագույն նվերը իմ հարսիկի պարգեւած երկու թոռնիկներ են: Ես ստացել եմ բազմաթիվ մրցանակներ, շքանշաններ, իհարկե, դրանք ամեն մեկն իր տեղն ունի, բայց, հավատացե՛ք, ոչ մի բան չի  կարող փոխարինել  թոռնիկին, երբ վազելով մոտենում,  ասում է՝ պապի՛կ, այսպես ասա, այնպես ասա, դրան ոչ մի բան չի հասնի: Դա կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն է, որը, կարծում եմ, շատ մարդիկ վայելում են, բայց վայելելուց բացի պետք է փոխհատուցել՝ երեխաներին սովորեցնելով, որ իմանան, թե ինչ կարեւոր բան է, երբ  փոխհարաբերությունները  պապիկի եւ թոռնիկի լինում են ամենաբարձր մակարդակի վրա»,-ընդգծում է դերասանը:

Անդրադառնալով  նաեւ կրթական համակարգում հասունացած դժգոհություններին՝ մեր զրուցակցը եւս նշում է, որ դեմ է այդ փոփոխություններին, բայց եւ նշում է, որ ամեն բան պետք է թողնել ժամանակի հոսքին:

«Ես, անկեղծ ասած, այդ ամենից նույնպես դժգոհ եմ, բայց կարծում եմ՝ ամեն ինչ ունի հնարավորություն կարգավորվելու, ես ժամանակին շատ մեծ տեղ ու վստահություն եմ տալիս, չի կարող մի բան, որ վատը լինի,  երկար տարիներ կարողանա առաջխաղացում ունենալ: Ես վստահ եմ, որ մարդկային ուղեղն այդ հատկությունն ունի՝ վատը հետ մղելու եւ լավը առաջ տանելու: Ես վստահ եմ, որ իմ սերունդները, իմ թոռնիկների սերունդները հուսախաբ չեն թողնի ինձ այդ առումով:  Ես գիտեմ, որ իրենք շատ բան ունեն անելու, եւ վստահ եմ, որ կանեն»,-եզրափակում է ՀՀ վաստակավոր դերասանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱՆԴՈՆ՝ ԻՐ ԵՎ ՌԱՖՈՅԻ ՉՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ՄԱՍԻՆ

«La casa de papel»՝ «Հորանց տուն» հումորային սիթքոմի առաջին եթերաշրջանի ավարտին մնացել  են հաշված օրեր: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է դերասան, նախագծի հեղինակ Անդրանիկ Հարությունյանը (Անդոն):

 

«Առաջին եթերաշրջանը նախատեսվում է 24 սերիա ցուցադրել, դեռ հեռարձակվել է ընդամենը 17 սերիա: Հիմա գնում ենք դեպի նրան, որ նկարահանենք երկրորդ եթերաշրջանը:  Առաջին եթերաշրջանի ավարտից մեկ ամիս անց կլինի եթերում նաեւ երկրորդ երթերաշրջանը կրկին մեր յութուբյան՝ «Deputati show»-ի ալիքով:  Կրկին գործընթացը շարունակվելու է «US Armenia»-ի հետ»,-նշում է Անդոն:

Դերասանը, մեզ հետ զրույցում բացելով փակագծերը, ընդգծում է, որ նույն «Հորանց տուն»-ը սիթքոմի թիմով սպասվում է հետաքրքիր բեմադրություն, շոու ծրագիր, եւ, ըստ նրա,  սպասվում է մեծ շրջագայություն:

«Շրջագայությունը կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում եւ Հայաստանում: Կարծում եմ՝ շատ երկար կխաղանք այդ ներկայացումը»,- նշում է նա:

Մեր այն հարցին, թե վերջին շրջանում Անդո եւ Ռաֆո զույգը կարծես թե սկսել է միմյանց հետ չհամագործակցել, եւ արդեն իսկ հանդես են գալիս առանձին նախագծերում, միասին ցանկություն չունեն հանդես գալու, Անդոն  պատասխանեց՝ նշելով, որ ապատեղեկատվություն է իր եւ Ռաֆոյի չհամագործակցելու հետ կապված լուրը՝ հավելելով, որ շուտով «Deputati show»-ի ալիքով  կհեռարձակվի  երկու նոր  դուետ:

«Անդո , Ռաֆո եւ էլի  ճանաչված որեւիցե մի երգչի հետ կներկայացնենք դուետ հենց «Deputati show»-ի երգերից:  Չենք համագործակցում, քանի որ Ռաֆոն անում է իր շոուն մեր ալիքով, ես էլ անում եմ «La casa de papel»-ը: Ճիշտ է, համագործակցությունը հիմա դադարել է, բայց  սկսվելուն պես անպայման տեղեկություններ կլինեն, քանի որ երկու դուետ առաջիկայում արդեն սպասվում են եւ  այս պահին արդեն իսկ գտնվում են գործընթացի պատրաստման մեջ»,-եզրափակում է դերասանը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ

«Ֆորմուլա-1»-ի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը պայմանագիր է կնքել «Աստոն Մարտին» թիմի հետ. hաղորդում է «Ֆորմուլա-1»-ի մամուլի ծառայությունը: «Աստոն Մարտին» թիմը կկազմավորվի «Ռեյսինգ Փոինթի» բազայի վրա եւ ելույթները կսկսի հաջորդ տարի: Նոր թիմում գերմանացի արշավորդը կփոխարինի մեքսիկացի Սերխիո Պերեսին: Սեբաստիան Ֆետելը «Ֆորմուլա-1»-ի չեմպիոնի կոչումը նվաճել է 2010, 2011, 2012 եւ 2013 թվականներին, երբ հանդես էր գալիս «Ռեդ Բուլում»: 2015-ից նա հանդես է գալիս «Ֆերարիի» կազմում: Իտալական թիմի կազմում նոր մրցաշրջանում նրան կփոխարինի Կարլոս Սայսը:

 

 

ԴԱԴԱՐԵԼ Է ՕԳՆԵԼ

Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսական օգնություն տրամադրել որդուն՝ արքայազն Հարիին, ու նրա կնոջը՝ Մեգան Մարքլին: Թագավորական ընտանիքից առանձնանալու որոշումից հետո Սասեքսի դուքսն ու դքսուհին խոստացել էին ֆինանսապես անկախ դառնալ, սակայն ԱՄՆ տեղափոխվելուց հետո Հարիի հայրը նրանց գումար էր տրամադրում ընթացիկ ծախսերի համար։

Ֆինանսական օգնության տրամադրումը դադարեցվել է, երբ դուքսերը պայմանագիր են կնքել Netflx սթրիմինգային ծառայության հետ եւ գործարքի շնորհիվ իրենց ապահովել ութ զրոներ պարունակող հոնորարով։ Այս իրավիճակում դժվար է հավատալ, որ ամուսիններին ֆինանսական օգնություն է անհրաժեշտ։ Ապրիլի 1-ից արքայազն Հարին ու Մեգան Մարքլը դադարել են կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները։ ԱՄՆ տեղափոխվելու, աշխատելու եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք ստանալու համար նրանք ստիպված են եղել հրաժարվել «Ձերդ թագավորական մեծություն» դիմելաձեւից, պետական ֆինանսավորումից եւ Sussex Royal ապրանքանիշից։

 

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 71-ամյա իտալացին կորոնավիրուսի թեստ էր հանձնել սեպտեմբերի 9-ին, իսկ երեկ հայտնի է դարձել, որ պատասխանը դրական է: Հիշեցնենք, որ օգոստոսին կորոնավիրուս էր հայտնաբերվել նաեւ «Նապոլիի» իտալացի հարձակվող Անդրեա Պետանիայի մոտ:

 

 

 




Լրահոս