ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ զրույցում լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում մարտական գործողությունների կապակցությամբ, ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ին:
«Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Մնացականյանի հետ։ Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ։
Նշվում է, որ Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, զոհերի և վիրավորների մասին տեղեկատվության կապակցությամբ:
«Ընդգծվել է կրակի շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը։ Նշվում է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ կշարունակի միջնորդական ջանքեր գործադրել իրավիճակի կայունացմանն ուղղված», – հավելել են նախարարությունում:
Գերատեսչությունում նաեւ հայտնել են Լավրովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի զրույցի նախապատրաստման մասին: