«Պարտավոր է համաներում կիրառել». կալանավորները ցանկանում են մեկնել առաջնագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը զրուցել է փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ այս օրերին քրեկատարողական ծառայություններում կալանավորների եւ դատապարտյալների դիմումների մասին, որոնք ցանկություն են հայտնել մեկնել առաջնագիծ :

-Պարոն Հովհաննիսյան տեղեկություններ կան, որ շատ կալանավորներ, դատապարտյալներ ցանկանում են գնալ առաջնագիծ: Այն անձանց, ում շահերը դուք պաշտպանում եք, դիմե՞լ են նման խնդրանքով:

-Այո, պատերազմի հենց առաջին օրվանից բազմաթիվ են ՔԿ հիմնարկների ղեկավարությանն ուղղված դիմումները՝ սահման գնալու խնդրանքով։ Տեղյակ եմ, որ դիմումներից որևէ մեկը չի բավարարվել, քանի որ նման լիազորությամբ, ըստ էության, ՔԿ հիմնարկներն օժտված չեն։ Նման պարագայում համաներումն այն գործուն միջոցն է, որը կարող է ապահովել անձանց իրավունքը՝ պաշտպանելու իրենց հայրենիքը։ Կոնկրետ դիմողների քանակի վերաբերյալ հստակ տեղեկություն տրամադրել չեմ կարող, սակայն բոլոր ՔԿՀ-ներում առկա են բազմաթիվ դիմումներ։

-Քանի՞ անձ է Ձեր պաշտպանյալներից կոնկրետ դիմել ՔԿ ծառայություն: Ինչ են պատասխանել նրանց եւ առհասարակ, ըստ Ձեզ ՔԿ ծառայությունը վտանգ չի տեանում նրանց առաջնագիծ ուղարկելու հարցում:

-Ինչ վերաբերում է վտանգին, ապա նման վտանգ, գործնականում առկա լինել չի կարող և նման պայմաններում պետությունը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է համաներում կիրառելով ի ցույց դնել իր մարդասիրական վերաբերմունքը։ Համաներումը ևս մեկ քայլ է համախմբելու և ոգեշնչելու մեր ազգին։

Հիշեցնենք որ Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող մոտ 100 անձ ցանկություն են հայտնել եւ դիմում են ներկայացրել որպես կամավոր սահման մեկնելու համար:

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Եվ չնայած զորահավաք հայտարարվելուն՝ մեծ թվով մարդիկ, չսպասելով զանգի, իրենք են ներկայանում զինկոմիսարիատներ եւ ցանկություն հայտնում, դիմում ներկայացնում՝ առաջնագիծ որպես կամավոր մեկնելու համար:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին նման դիմում են ներկայացրել նաեւ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձինք: Մասնավորապես, Քրեակատարողական ծառայության ղեկավարությանը նման դիմում են ներկայացրել մոտ 100 կալանավոր եւ դատապարտյալ:

Սակայն, մեր տեղեկություններով, այդ դիմումներին դեռ ընթացք եւ պատասխան չի տրվել, քանի որ քրեակատարողական ծառայության ղեկավարությունը պետք է խորհրդակցի Պաշտպանության նախարարության հետ, եւ միայն վերջիններիս հրահանգի դեպքում, իրավիճակով պայմանավորված, պետք է նման որոշումներ կայացվեն: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՔԿԾ մամուլի ծառայություն՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է այս մասով, արդյոք նման դիմումներ կան, թե ոչ: Ի պատասխան՝ հաստատեցին, որ նման դիմումներ կան, սակայն այլ մանրամասներ չցանկացան հայտնել:




Լրահոս