«Ոչ թուրքական ապրանքներին»․ Հայաստանում արդեն մի քանի օր է՝ թուրքական արտադրության ապարանքները բոյկոտելու կոչեր են հնչում: Ի դեպ, այս նպատակով նաեւ ստորագրահավաք է կազմակերպվել: Ավելին, կան սուպերմարկետներ ու խանութներ, որոնք դադարեցրել են թուրքական ապրանքների վաճառքը: Նկատենք, որ թուրքական ապրանքների դեմ բոյկոտի ցուցակում հայտնվել է նաեւ «Գոլդեն ռոզ» ընկերությունը, որը Հայաստանում զբաղվում է կոսմետիկայի ներկրմամբ եւ վաճառքով: Ընկերությունը կոսմետիկայի մի մասը տարիներ շարունակ ներկրում է Թուրքիայից:
ArmLur.am-ը զրուցեց «Գոլդեն ռոզ» ընկերության վաճառքի գծով տնօրեն Վարդան Միրզոյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչ ազդեցություն է ունեցել բոյկոտը վաճառքի ծավալների վրա: Պարզվում է՝ ընկերությունն այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: «Այս երեւույթը կարելի է երկու մասի բաժանել. օրինակ կան մարդիկ, որոնք պատրաստվում են նոր ներկրել եւ կա մի հատված՝ որ արդեն բերել են: Մեր ընկերությունը բերել է այդ ապրանքը, պետության նկատմամբ հարկային պարտավորությունները պարտաճանաչ կատարում ենք: Մենք հազար խոշոր հարկատուների ցանկում 250-րդն ենք ու 110 աշխատող ունենք: Բայց մենք հիմա արդեն մտածում ենք, թե ինչ ենք անելու այդ աշխատողների հետ: Խանութները հետ են վերադարձնում մեր ապրանքը, բայց մենք այդ ապրանքն ի՞նչ անենք: Տանենք թափե՞նք, բայց դա գումար է… ես միլիարդի չափ հարկ եմ վճարում պետությանը»,- իրավիճակը ներկայացրեց ընկերության ներկայացուցիչը:
Մեր զրուցակիցը նշեց, որ այս օրերին շրջանառություն չունեն. «Բոլոր սուպերմարկետները մեր ապրանքը առանձնացրել են ու ասում են՝ եկեք տարեք: Ի՞նչ անես, երբ ապրանքը հավաքում ու տալիս են ձեռքդ ու ասում են՝ գնա: Մենք չգիտենք, թե ինչպես ենք այդ աշխատողների աշխատավարձերը վճարելու: Հարկերը չեն գոյանում, մենք ամսական 70 մլն դրամ հարկ վճարող ընկերություն ենք, բայց ես արդեն 12-րդ օրն է՝ 0 շրջանառություն ունենք»: Ընկերության վաճառքի գծով տնօրենը փոխանցեց նաեւ, որ այս պահին չեն ներմուծում:
Սյունէ Համբարձումյան