ԱԱԾ-ՈՒՄ ԿԱՐԾԻՔ Է ՀԱՅՏՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»»: Եվ, ահա, նա հանձնարարել էր ԱԱԾ-ում հետաքննություն սկսել, որի հետեւանքով Երեւանում ձերբակալվել է Ստեփանակերտի բնակիչ: Ավելին, վարչապետի այս հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է ստացել, թե ինչ է հայտնել իրավապահներին ձերբակալված անձը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ստեփանակերտի բնակիչը, որի անունն այս փուլում չենք հրապարակում նախաքննությանը չվնասելու համար, խոստովանել է, որ ինքը չի հորդորել զինվորներին դիրքերը լքել կամ նահանջել, այլ ընդամենը կարծիք է հայտնել, թե ինչ է մտածում պատերազմի մասով: Ավելին, վերջինս հայտնել է, որ նման խոսակցությունից հետո որեւէ զինվոր դիրքը չի լքել ու հեռացել, այլ պարզապես խոսակցություն ու կարծիք է ինքը արտահայտել: Ինչեւէ, չնայած Քյարամյանի պաշտոնանկությանը նախորդեց հենց վարչապետի հայտարարությունը, սակայն վերջինիս ազատման մասով երկու վարկած է քննարկվում: Վարկածներից մեկը հենց այդ բացահայտումն ու այն հանգամանքն է, որ ԱԱԾ տնօրենն, ամեն դեպքում, տեղում չի եղել: Իսկ վարկածներից մեկի համաձայն էլ՝ ռուսական կողմն է հորդորել ազատել Քյարամյանին՝ Սորոսի գրասենյակի հետ կապ ունենալու համար, եւ ավելին՝ առկա տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում նոր ազատումներ կլինեն սորոսական թեւից։

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն իսկ վերջնական որոշվել է՝ Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը հետ կկանչվի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, թե խորհրդածությունների համար հետ է կանչվում դեսպանը: Նաղդալյանը նշել էր, թե պաշտոնական Երեւանի համար անընդունելի է Իսրայելի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու գործելաոճը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սմբատյանն արդեն եկել է ԱԳՆ եւ բացատրություն տվել: Մեր տեղեկություններով՝ ասել է, թե տարբեր ճանապարհներով փորձում են ազդել, որ գոնե այս պատերազմական իրավիճակում զենք չվաճառվի, եւ արդարացել է, թե 2015 թվականի պայմանագրերով է մատակարարվում: Սակայն մենք տեղեկացանք, որ ԱԳՆ-ում չեն ընդունել նրա այս բացատրությունը, եւ առաջիկայում պաշտոնապես կասվի, որ նա փոխարինվելու է: Ավելին, մեր տեղեկություններով՝ նա արդեն ներառված չէ այժմ ընթացող դիվանագիտական աշխատանքներում եւ ոչնչից տեղյակ չէ: Հավելենք, որ Արմեն Ամբատյանը դեսպան էր նշանակվել 2018 թվականին՝ Սերժ Սարգսյանի որոշմամբ, եւ վերջինիս մտերիմներից է, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, 2016-ին Բաքվում ընդունելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը Իսրայելի հետ զենքի գնման գրեթե 5 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել, որի մեծ մասն արդեն իսկ կատարվել է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11.00-ին, սպասվում են Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններ: Մեր տեղեկություններով՝ քաղաքական իշխանություններն օրերս քննարկում են ունեցել ՍԴ նախագահի թեկնածուի հետ ու ամենահավանական թեկնածու համարել են ՍԴ անդամ Արմեն Դիլանյանին: Մենք տեղեկացանք, որ իշխանության ներկայացուցիչները քննարկում են ունեցել եւ եկել այն եզրակացության, որ Արմեն Դիլանյանը կարող է ղեկավարել Սահմանադրական դատարանը: Բայց մեր աղբյուրները նաեւ փոխանցում են, որ այդ օրը կարող է անկանխատեսելի իրավիճակ ստեղծվել, ու այլ թեկնածուներ եւս առաջադրվեն ՍԴ նախագահի պաշտոնի համար: Չնայած այն բանին, որ Դիլանյանը իշխանությունների սրտով թեկնածու է, բայց դժվար է ասել՝ արդյոք այդ օրը կընտրեն նրան, թե ոչ: Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբրի 25-ին Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր եւ ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ չէր ստացել: Եվ ոչ շուտ, քան 10 օր, եւ ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում պետք է կազմակերպվեին ՍԴ նախագահի նոր ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս սեպտեմբերի 26-ին գրել էր, որ Սահմանադրական դատարանում նոր կոալիցիա է ստեղծվել, եւ Հրայր Թովմասյանը պայքարում է, որպեսզի Երվանդ Խունդկարյանը չդառնա ՍԴ նախագահ:

 

 

Հայաստանում թուրքական ծագման հագուստ, կոշիկ վաճառող առեւտրականները հայտնվել են անելանելի դրության մեջ: Ունեն պահեստավորած շատ հագուստ, կոշիկ, որոնք այս օրերին չեն կարողանում վաճառել: Բանն այն է, որ Հայաստանում արդեն մի քանի օր է՝ թուրքական արտադրության ապարանքները բոյկոտելու կոչեր են հնչում: Ի դեպ, այս նպատակով նաեւ ստորագրահավաք է կազմակերպվել: Ավելին, կան սուպերմարկետներ ու խանութներ, որոնք դադարեցրել են թուրքական ապրանքների վաճառքը։ «Ժողովուրդ» օրաթերթը առեւտրականներից տեղեկացավ, որ իրենք զանգահարում են իրենց հաճախորդներին եւ զգուշացնում, որ հագուստի եւ կոշիկի գները էժանացրել են, անգամ առաջարկում են ապառիկ տարբերակով իրացնել ապրանքը: Չնայած սրան՝ կրում են ֆինանսական մեծ վնասներ, ունեն վարկային պարտավորություններ, որոնք այժմ չեն կարողանում մարել: Օրինակ՝ Երեւանում կան խանութներ, որոնք երկար տարիներ վաճառել են Թուրքիայից ներկրված հագուստ, կոշիկ, այժմ այդ խանութներում 60-70 տոկոս զեղչեր են հայտարարված: Չի բացառվում, որ ապրանքն ամբողջությամբ վաճառելուց հետո այս խանութները փակվեն:

 




Լրահոս