«ՓԱՍՏՆ ԱՅՆ Է, ՈՐ ՄԵՆՔ՝ ՀԱՅԵՐՍ, ՈՒՂՂԱԿԻ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻԱՅՆԱԿ ԵՆՔ». ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սա մի ցավալի արհավիրք է, որը տեղի է ունենում հայ ազգի հետ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը` անդրադառնալով Արցախում պատերազմական իրավիճակին:

 

«Սա անգիտակից, անողնաշար, անխիղճ մարդկանց շարժում է, որը պատժվելու է վաղ թե ուշ: Այս ժամանակահատվածում խոսքերն այնքան են կորցրել իրենց գինը, եւ այս ամենի թիկունքում  մեր տղաների սխրանքներն եւ անձնազոհություններն են: Ես խոսքեր չեմ գտնում այս ամենը նկարագրելու համար, պարզապես ամեն մեկս պետք է կարողանանք թեկուզ ինչ-որ  փոքր արարքով  ապացուցել մեր ճշմարտությունը: Այսօր բոլորս զինվոր ենք, եւ այդ կոչումը, ինձ թվում է, մնալու  է մինչեւ  մեր կյանքի վերջը, եւ մենք դատապարտված ենք այն կրելու: Կարծում եմ՝ դա մարդ արարծի համար ամենաբարձր կոչումն է, որն ամեն ազգի տրված չէ:  Մենք այսօր կռիվ ենք մղում մեր  ճշմարտությունը պահպանելու  համար, ինչը մեզ համար դարձել է արժանապատվության խնդիր,  եւ  երբ քո հողն ու ջուրը վտանգված են, ամեն ինչ դառնում է անհեթեթ, անիմաստ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հայաստանի ժողովրդական արտիստ  Միքայել Պողոսյանի կարծիքով՝  Թուրքիան եւ Ադրբեջանը ոչ մի բանի առաջ  կանգ  չեն առնի, նույնիսկ այս կորոնավիրուս համավարակի պայմաններում:

«Մեզ համար ամենավտանգավոր բանը հիմա նույնիսկ այս պայմաններում այն է, որ մենք գիտակցենք, որ  մեր շրջապատում կա վարակ, որը  կարող է շատ ավելի մեծ եւ ծանր վնասներ տալ Արցախին: Թշնամին ամեն ինչ նախօրոք պատրաստել է, եւ դրա մեջ բացակայում են  մարդկային տեսակին բնորոշ ամեն բան: Ես համոզված եմ, որ Աստված միանշանակ  պատժելու է, որ չեն նայում՝ եկեղեցի է, մանկապարտեզ է…: Կարծում եմ՝ այդ չարությունը չի կարող երկար տեւել»,-ընդգծում է Միքայել Պողոսյանը:

Հարցին՝ գոհ է արդյոք միջազգային կառուցերի եւ գերտերությունների արձագանքից, մեր զրուցակիցը պատասխանում է. «Փաստն այն է, որ մենք՝ հայերս, ուղղակի այս  աշխարհում միայնակ ենք: Ոչ մեկին ոչ մի կետում չի հետաքրքրում հայի ճակատագիը թե՛ 1915 թվականին, թե՛ հիմա: Եվ այս պարագայում մեր միակ հույսը մենք ինքներս ենք, որովհետեւ բոլորը շաղկապված են  իրար գործնական  եւ  փողշահավետ հարաբերություններում:  Այսօր ճշմարտությունը ուղղակի դարձել է ոչ կարեւոր: Չկա մի միջազգային կազմակերպություն, մի ատյան, որը կարողանա հանուն ճշմարտության գործողություններ անել: Ամենամեծ եւ ցավալի  փաստն այն է, որ  մենք միայնակ ենք, մենք այսօր կորցնելու բան չունենք, եւ մենք  մինչեւ վերջ պետք է պայքարենք հանուն մեր վաղվա ազատ եւ անկախ ապագայի»:

Հիշեցնենք, որ արցախաադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ. այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱՐՑԱԽՑԻ ԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓԱՅԼՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ «ՆՈՐ ԱԼԻՔ»-ՈՒՄ

Մանկական «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում «Dance Monkey» երգի փայլուն կատարմամբ Հայաստանը ներկայացրել է արցախցի երգչուհի Անի Պետրոսյանը, որն իր ելույթը սկսել է «Հաղթելու ենք» արտահայտությամբ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին Ղրիմում:

Տասնամյա երգչուհու պրոդյուսեր, «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ շատ գոհ է Անիի ելույթից: Նա հայտնել է, որ երգի ընտրությունը կատարել են «Նոր ալիք» մրցույթի պրոդյուսերները: «Հոկտեմբերի 8-ին Անին կատարելու է «Մամա» երգը: Չկան բառեր, որոնք կարող են նկարագրել, թե ինչ է այդ բառը մեզ համար նշանակում, հատկապես՝ այս օրերին»,- գրել է Քոչարյանը:

Լիրա Քոչարյանն ընդգծել է, որ խաղաղ ժամանակներում բազմաթիվ հայերի ուշադրությունը սեւեռված կլիներ այդ պայծառ իրադարձության վրա: «Մոսկվա պետք է մեկնեինք սեպտեմբերի 27-ին, եւ հենց այդ օրն ամեն ինչ սկսվեց: Ոչ մի կերպ չէի ցանկանում մեկնել, սակայն մեր երկրի ղեկավարությունը որոշեց, որ ռուսական հրաշալի մրցույթին մասնակցելն անհրաժեշտ է: Նրանք ամեն ինչ արել են թռիչքի թույլտվություն ստանալու համար»,- պատմել է Լիրա Քոչարյանն ու շնորհակալություն հայտնել բոլոր աջակիցներին:

Լիրա Քոչարյանը տեղեկացրել է, որ ինքը չի մեկնել մրցույթին, բայց, որպես հատուկ հյուր, այնտեղ է երգիչ Միշան, որին շատերը ճանաչում են «Փոքրիկ ղարաբաղցի» երգով: «Աշխարհի բոլոր երեխաները պետք է ստեղծագործեն, այլ ոչ թե պատսպարվեն թաքստոցներում կամ կասետային ռումբերի զոհ դառնան»,- շեշտել է պրոդյուսերն ու հավելել, որ երաժշտությունը, մշակույթը նույնպես պայքարի հզոր զենքեր են:

 

 

«ՏՈԿԻՈ-2020»-Ը՝ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ

Տոկիոյում 2021 թվականին անցկացվելիք  32-րդ օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) է ներկայացրել մրցումների ձեւաչափը պարզեցնելու ծրագիր, որը կխնայի 284 մլն դոլար: Այս մասին հայտնել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Ճապոնական կողմն առաջարկում է  10-15% -ով  կրճատել  պատվիրակությունների եւ ՄՕԿ-ի պաշտոնյաների թիվը: Կազմկոմիտեի ներկայացուցիչների կարծիքով` Տոկիոն օրինակ կծառայի «հետկորոնավիրուսային  դարաշրջանում»  մարզական միջոցառումների կազմակերպման առումով:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, եւ վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը՝ «Տոկիո-2020»: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին եւ կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆԵԼ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր Հովհաննես Բաչկովն իր աջակցությունն է հայտնել սահմանապահ զինվորներին: «Մեր ոգին մարտական է, մեր միտքը հաղթական է, մեր ուժը Հայկյան է, մենք արդար ենք եւ հաղթելու ենք: Ձեր կողքին ենք, զինվո՛ր եղբայրներ»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում եւ հրթիռակոծվում են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը եւ Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաեւ Հայաստանի Հանրապետության զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի եւ սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման եւ Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

 




Լրահոս